
«Սպայկա»-ի բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում․ նախարարությունը բանակցում է գործընկերների հետ
Էկոնոմիկայի նախարարությունը քայլեր է ձեռնարկում Վերին Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների մաքսային զննման գործընթացը համապատասխանեցնելու շուտ չփացող մթերքների զննման գործընթացին:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Ա․ Օհանյանի խոսքով՝ նախարարությունը գործընկերների հետ բանակցություններ է իրականացնում, որպեսզի դեղձով բեռնված բեռնատարների ջերմային ռեժիմը պահպանվի, և մթերքը զննման պատճառով չփչանա:
Հիշեցնենք, որ ընկերությունը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել, որ 200 տոննա դեղձով բեռնված բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահովված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով:
«Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ընկերությունից հիշեցրել են նաև այն, որ ըստ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի՝ շուտ փչացող ապրանքների բոլոր մաքսային գործընթացները, այդ թվում՝ մաքսային զննումը պետք է իրականացվի առաջնահերթության կարգով:
«Սպայկա» ընկերության իրավաբան Մհեր Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ են, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, սակայն այս պահին դեռ որևէ փոփոխություն չկա, բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում:
Մեկնաբանել