HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահան Շիրխանյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին

Նորքի «զինված խումբ» անունով  հայտնի գործը երեկ՝  օգոստոսի 23-ին  մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Խոսքը գրեթե երեք տարի դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում գտնվող գործի մասին է, որով անցնում է նաև պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Գործը մակագրվել է այլ դատավորի, քանի որ Արմեն Բեկթաշյանը նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 1-ի հրամանով տեղափոխվել է Վերաքննիչ դատարան: Նկատենք, որ Բեկթաշյանի տեղափոխվելուց միայն 22 օր անց է գործի մակագրում տեղի ունեցել, թեև «խմբի պարագլուխը» համարվող Արթուր Վարդանյանը գրեթե 4 տարի է` գտնվում է կալանքի տակ և բազմիցս  բարձրաձայնել է ողջամիտ ժամկետում գործի քննության իր իրավունքի խախտման մասին:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են»:

2016 թվականի նոյեմբերիին գործն ուղարկվելէ առաջին ատյանի դատարան, այսինքն՝ գրեթե երեք տարի այն  գտնվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթում, ու վերջինս ավարտին չի հասցրել գործի քննությունը, իսկ այժմ, ամենայն հավանականությամբ,  այն կսկսվի նորից:

Նշենք, որ  դատաքննության սկզբնական շրջանում  նիստերը հետաձգվում էին, քանի որ Վահան Շիրխանյանը հրաժարվում էր ներկայանալ դատարան՝ հայտնելով, որ ի վիճակի չէ: Վերջին մեկ տարվա ընթացքում ևս նիստերը հետաձգվում էին տարբեր պատճառաբանություններով:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter