HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանն ուզում է օրենքի ուժով մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին. կառավարության կարծիքը միանշանակ չէ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն առաջարկում է օրենքով ամրագրել, որ խորհրդարանի նախագահն իրավունքն ունի մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին։ Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում։

Հիշեցնենք, որ պատգամավոր Աննա Կարապետյանը մինչ պատգամավոր ընտրվելը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։

Գործող օրենքով՝ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արտաքին գործերի նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը և անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սակայն անվտանգության խորհրդի նիստերին բացի, խորհրդի անդամներից, վարչապետի կողմից կարող են հրավիրվել նաև այլ անձինք, ինչն էլ ըստ էության եղել է, քանի որ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը մասնակցել է խորհրդի նիստերին։

Պատգամավորն առաջարկում է օրենքում ամրագրել, որ անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև իրավասու է առաջարկություններ ներկայացնել խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ։ Օրենքով ամրագրվում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստերի օրակարգն ու փաստաթղթերը խորհրդարանի նախագահին, ինչպես խորհրդի այլ անդամների, տրամադրվում են խորհրդի նիստից առնվազն հինգ օր առաջ։

Պատգամավորն իր հիմնավորման մեջ նշել է, որ անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը և այլն։ Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանն ունի բացառիկ լիազորություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Անվտանգության խորհրդի լիազորությունների իրականացմանը։ Օրինակ՝ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունումը, ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ  Ազգային ժողովի հատուկ նիստի գումարումը և այլն։

«Ուստի Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունը ապահովելու իր սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման նպատակով պետք է իրավունք ունենա մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են Ազգային ժողովի իրավասությանը վերապահված հարցերի լուծմանը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Ուշագրավն այն է, որ նախագծի վերաբերյալ իր առաջարկով է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ առաջարկելով խորհրդի կազմում ընդգրկել նաև խմբակցությունների ղեկավարներին։ Պատգամավորը, հղում կատարելով նախագծի հիմնավորումներին, նշել է, որ դրանք վերաբերում են ամբողջ խորհրդարանին և ոչ թե միայն նախագահին, ուստի պարզ չէ, թե ինչու պետք է միայն նա անդամակցի խորհրդին։

«Գտնում ենք, որ անհրաժեշտ է անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու, խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը վերապահել ոչ միայն Ազգային Ժողովի նախագահին, այլ խմբակցությունների ղեկավարներին»,-ասված է պատգամավոր Գորգիսյանի առաջարկում։

Իր ոչ միանաշակ կարծիքն է հայտնել նաև կառավարությունը՝ ընդգծելով, որ ըստ Սահմանադրության և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի կարգավորումների՝ խորհուրդը հանդիսանում է գործադիր իշխանության պետական մարմին,  խորհրդի նիստերին մասնակցելու և քննարկվող հարցի վերաբերյալ որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելու պարտականությունն օրենքով վերապահվում է միայն խորհրդի անդամներին, որոնց մի մասը մշակում և իրականացնում են իրենց վերապահված գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը,  իսկ մյուս մասը` վարչապետին ենթակա մարմիններ են:

Կառավարությունից նշել են, որ չնայած անվտանգության խորհուրդը գործադիր լիազորություններով օժտված սահմանադրական մարմին է, և նրա կազմում ընդգրկված են գործադիր իշխանության լիազորություններ ունեցող մարմինների ղեկավարներ, սակայն, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության՝ խորհրդարանական կառավարման մոդելը և խորհրդարանական վերահսկողության պատշաճ իրականացման կարևորությունը՝ կառավարության դիրքորոշումը ներկայացված նախագծերի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է:

«Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունքը բխում է Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, առաջարկում ենք նախագծերի փաթեթից հանել Ազգային ժողովի նախագահին նման լիազորություն վերապահող կարգավորումները»,-ասված է կառավարության առաջարկում։

Ստացվում է՝ եթե նախագծում փոփոխություններ լինեն այնպես, ինչպես կառավարությունն է առաջարկում, ապա օրենքով միայն կամրագրվի, որ խորհրդարանի նախագահն իրավունք ունի մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին, սակայն օրակարգի վերաբերյալ առաջարկով չի կարող հանդես գալ, ինչպես նաև փաստաթղթերին ծանոթանալ։

Նախագիծը դեռևս խորհրդարանի կայքում է շրջանառության մեջ ներկայացվել, այն պետք է կառավարության նիստում քննարկվի, ապա՝ խորհրդարանում։

Լուսանկարը՝ անվտանգության խորհրդի նիստից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter