HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շենգավիթում օգոստոսի 25-ին տեղի ունեցած սպանության գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է

Շենգավիթում օգոստոսի 25-ի երեկոյան հնչած կրակոցների առթիվ հարուցված քրեական գործով մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձերբակալվածը Երևանի բնակիչ է՝ ծնված 1975 թվականին:

Նշենք, որ երեկ երեկոյան Շենգավիթի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել:

Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ` դեպքից հետո քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ անձի կամ նրա մերձավորի սպանության փորձը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք կրելը:

Քրեական գործի հարուցման պահին որևէ անձ մահացած չի եղել: Դա է պատճառը, որ այն հարուցվել է սպանության փորձի հոդվածով, սակայն քիչ ուշ Շենգավիթում թաղային հեղինակություն համարվող Համբարձում Առաքելյանը մահացել է: Կա նաև մեկ վիրավոր:

Միջադեպից րոպեներ անց՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960 թվականներին, համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք (կլինիկական մահ) և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:

Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter