
«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (հայտնի է «Մասիվցի Անդիկ» անունով) սպանության գործով հետախուզում է հայտարարվել ՌԴ քաղաքացու նկատմամբ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ վերը նշված քաղաքացին գործով ներգրավվել է որպես մեղադրյալ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը և ապօրինի զենք կրելը: Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացին 2019-ի մայիսին մեկ շաբաթով եղել է Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում է եղել նաև սպանությանն օժանակելու մեջ մեղադրվող անձը, ով, հիշեցնենք, օրեր առաջ կալանավորվել է:
Վերջիններս մի քանի անգամ հանդիպել են, ապա մեկ օրվա տարբերությամբ վերադարձել ՌԴ: Հունիսին՝ կրկին օրերի տարբերությամբ, նրանք եկել են Հայաստան, և օրեր անց տեղի է ունեցել սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքել են Հայաստանը:
Օգոստոսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կրկին վերադարձել է Հայաստան, ապա բերման ենթարկվել ու ձերբակալվել:
Մեկնաբանել