HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առատաշենի ավագանին ևս դեմ է համայնքի խոշորացմանը

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ավագանին ևս ուղերձով դիմել է համայնքի բնակչությանը և Կառավարությանը՝ դեմ արտահայտվել համայնքի խոշորացմանը: Ավելի վաղ գրել էինք, որ նման ուղերձով հանդես էր եկել մարզի Ամբերդ համայնքի ավագանին:

Ավագանու ուղերձի հիմք են հանդիսացել համայնքի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները: Ավագանու անդամների կարծիքով՝ այլ համայնքների հետ Առատաշենի միավորումը չի տալիս ֆինանսական լրացուցիչ հնարավորություններ կամ նոր լիազորություններ համայնքներում առկա խնդիրների լուծման համար: Ավագանին հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Առատաշենի միավորումը որևէ այլ համայնքի հետ:

Առատաշենն ունի բազմաթիվ չլուծված հարցեր: Վատ վիճակում են համայնքային ճանապարհները, ոռոգման ջրի համակարգը, գիշերային լուսավորությունը բավարար չէ և այլն: 

Ավագանին հույս ունի, որ համայնքի միավորման գործընթացը շարունակելու դեպքում պարտադիր կանցկացվի հանրաքվե՝ համայնքների լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով: Այդ հարցում հույսը դրել են Ազգային ժողովի և Կառավարության անդամների վրա:

Հիշեցնենք, որ 2020-2021թթ. Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Թեև համայնքներում պաշտոնապես քննարկումներ չեն ծավալվել, լսումներ տեղի չեն ունեցել, սակայն, տեղեկատվական արտահոսքն ու սպասվող միավորումներն անհանգստացրել են մարզի համայնքներին:

Առատաշենն ունի 3000-ից ավել բնակչություն: Էջմիածնի նախկին տարածաշրջանի հին և մեծ գյուղերից է: Հին գերեզմանատան առանձին շիրմաքարերի վրայի թվագրությունները վկայում են, որ գյուղն ունի շուրջ 300 տարվա պատմություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter