HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Հովհաննիսյան. «Ես հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրվածը միշտ այնքան փող ունի, որ Երեւանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն ունենա»

100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու կապակցությամբ այսօր հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհհաննիսյանը հայտարարեց, թե չի կիսում այն կարծիքը, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում ընտրող-պատգամավոր կապը կկորի:

«Բացի մի քանի հոգուց` իրենց մարզերում ու ընտրատարածքներում, որտեղից իբր ընտրվել են, ոչ ոք չի ապրում: Ես հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրվածը միշտ այնքան փող ունի, որ Երեւանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն ունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երեւացել: Այդ տեղամասերում չգիտեն իրենց պատգամավորն ով է, որովհետև ինքը ոչ միայն այնտեղի բնակիչ չէ, ինքն այնտեղ չի էլ երեւացել: Լավ, այստեղ չեն մոտենում ամբիոնին, ծպտուն չեն հանում, լավ էլ անում են, պատկերացնու՞մ եք՝ խոսային էլ»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ բոլոր երվրոպական երկրներն անցել են համամասնական ընտրակարգին, եւ ժամանակն է, որ Հայաստանն էլ անցնի:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ասելով՝ կայուն ժողովրդավարական երկրներում ընտրակարգերի հարցի քննարկման անհրաժեշտություն չէր կարող ծագել, այդ իսկ պատճառով եվրոպացի գործընկերները զարմանքով են արձագանքում, երբ նման հարց է բարձրացվում նրանց առջեւ:

«Ի վերջո, թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգերն էլ ունեն առավելություններ, կարեւորը արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց, որ մեծամասնական ընտրակարգով ավելի հեշտ է ընտրակեղծիքներ իրականացնել, այդ իսկ պատճառով մեծամասնականի կողմնակիցներին խորհուրդ տվեց հարցնել ժողովրդի կարծիքը:

«Պետք է դիմել հանրությանը, պարզել, թե որ ընտրակարգով են ցանկանում, որ անցկացվեն ընտրությունները»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ թիվ 14 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հայտարարեց, թե մեծամասնական ընտրությունների հետեւանքը լինում է թշնամանքը մարդկանց միջեւ, եւ ինքը, լինելով մեծամասնականով ընտրված պատգամավոր, մի շարք օրինագծեր ունի, սակայն չի կարողանում շրջանառության մեջ դնել, որովհետեւ որեւէ կուսակցության անդամ չէ:

«Ինձ համար մեկ կլիներ, թե ինչպես կընթանային ընտրությունները, եթե մի շարք նյուանսներ չլինեին, եթե ունենայինք զարգացած քաղաքական համակարգ, բայց մեծամասնականով ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի ու բոլոր այն բացասական երևույթները, որոնցով ուղեկցվում են ընտրությունները, կապված են մեծամասնականի հետ: Թշնամանք են առաջացնում, որը սկսում է մեծամասնականում»,- ավելացրեց Լյովա Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter