HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մարզերում սկսել են ավելի շատ հող ու տուն գնել, իսկ Երևանում բնակարանների վաճառքը նվազել է

Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի առուվաճառքի աճի տեմպն ընկել է, ավելին՝ բնակարանների առուվաճառքը նվազել է։ Իսկ մարզերում որոշակի դրական միտումներ կան. նկատվում է հողի ու անհատական տների առուվաճառքի աշխուժացում։

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 84 441 իրավունքի պետական գրանցման գործարք։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ անշարժ գույքի գործարքների քանակն աճել է 8 431-ով կամ 11.1 %-ով։ Այս ցուցանիշները ներառում են ինչպես անշարժ գույքի առուվաճառքը, այնպես էլ՝ օտարման մյուս տեսակները, վարձակալությունը, առաջնային գրանցումը, գրավադրումը և այլն։

Շուկայի միտումները լավագույնս բնութագրում են առուվաճառքի գործարքները։ Առաջին կիսամյակում հանրապետությունում կատարվել է 22 721 առուվաճառքի գործարք, որը 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 1 828-ով կամ 8.7 %-ով։ Կադաստրի տվյալները ցույց են տալիս, որ առուվաճառքի միտումները մարզերի միջև խիստ տարբեր են։ Մարզերից մի քանիսում ակնհայտ աշխուժացում է գրանցվել, որոշներում՝ պասիվացում։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա առուվաճառքի թվի էական փոփոխություն չկա. նախորդ տարվա աճի տեմպերը չեն պահպանվել։

Մասնավորապես, Երևանում այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի գործարքների թիվը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, աճել է ընդամենը 0.4 %-ով՝ կազմելով 8 206։

Իսկ բոլոր մարզերում միասին առուվաճառքի գործարքների քանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 14 515՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով՝ 14.1 %-ով։

Մարզերից տեսանելի աշխուժացում կա Արարատի մարզում, որտեղ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվն աճել է 34.1 %-ով, Արմավիրում՝ 30.3 %-ով, Կոտայքում՝ 20.7 %-ով։ Գործարքների թվի աճ է արձանագրվել նաև Արագածոտնում՝ 13.8 %-ով, Շիրակում՝ 13.2 %-ով, Տավուշում՝ 12.3 %-ով և Սյունիքում՝ 7.2%-ով։

Առուվաճառքի գործարքները նվազել են Գեղարքունիքում, որտեղ անկումը կազմել է 21.1 %, Վայոց Ձորում՝ 10.1 % և Լոռիում՝ 9.6 %։

Ընդհանուր առմամբ, եթե առուվաճառքի ցուցանիշները դիտարկում ենք բացարձակ թվով, ապա հանրապետությունում գրանցված աճը՝ 1 828-ը, ապահովել են հիմնականում Արարատը, Արմավիրն ու Կոտայքը։

Հայաստանում ամենաշատը վաճառվում է հող, երկրորդ տեղում բնակարաններն են, երրորդում՝ բնակելի անհատական տները։ Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում հողերի առուվաճառքի քանակը կազմել է 8 849, որը նախորդ տարվա նույն կիսամյակի ցուցանիշը գերազանցում է 820-ով կամ 10.2 %-ով։ Իսկ բնակարանների առուվաճառքը կազմել է 7 779՝ աճելով 115-ով կամ 1.5 %-ով։ Ինչ վերաբերում է անհատական բնակելի տներին, ապա դրանց առուվաճառքի քանակը կազմել է 3 439՝ աճելով 690-ով կամ 25.1 %-ով։

Սրանք ընդհանրացված ցուցանիշներն են։ Սակայն, երբ տվյալները դիտարկում ենք ըստ Երևանի ու մարզերի և ըստ անշարժ գույքի տեսակների՝ ապա դրանց համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, առուվաճառքը մարզերում ակտիվացել է, որը հիմնականում պայմանավորված է հողերի ու բնակարանների առուվաճառքի ավելացմամբ։ Իսկ Երևանում առուվաճառքի աճի տեմպերը, որոնք նախորդ տարի համեմատաբար բարձր էին, ընկել են։ Մայրաքաղաքում նվազել է բնակարանների վաճառքը։

Ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում մանրամասն ներկայացված է, թե առաջին կիսամյակում Երևանում և մարզերում որքան տուն, բնակարան, հող և այլ տեսակի անշարժ գույք է վաճառվել։ Ներկայացված են նաև 2018 թվականի ցուցանիշները։ Տվյալները մշակել ենք Կադաստրի կոմիտեի տրամադրած վիճակագրության հիման վրա։

Դրանք վկայում են, որ Երևանում բնակարանների առուվաճառքի քանակն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 5.3 %-ով, իսկ հասարակական նշանակության շինությունների առուվաճառքը՝ 6 %-ով։ Փոխարենը 24.5 %-ով ավելացել է անհատական բնակելի տների առուվաճառքը, 14.2 %-ով՝ ավտոտնակներինը և 10.5 %-ով՝ հողերինը։ Երևանում անշարժ գույքի առուվաճառքը կենտրոնացված է բնակարանների շուրջ։ Եվ այս տարվա առաջին կիսամյակում գրանցված անկումը ցույց է տալիս, որ մեր երկրում արձանագրվող տնտեսական աճը (առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 %-ով) դրական ազդեցություն չի թողել մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայի վրա։ Հակառակ դեպքում՝ բնակարանների առուվաճառքը պետք է աշխուժացած լիներ։ Սա էլ իր հերթին խոսում է տնտեսական աճի ոչ ներառական լինելու մասին։ Նաև հատկանշական է, որ չնայած գործարքների թվի նվազմանը, բնակարանների գները Երևանում աճել են։ Այդ մասին՝ մեր հաջորդ նյութում։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ նվազել է միայն արտադրական նշանակության շինությունների առուվաճառքը։ Հողի առուվաճառքն աճել է 10.2 %-ով, անհատական տներինը՝ 25.2 %-ով, իսկ բնակարաններինը՝ 17.3 %-ով։ Մարզերում էլ առուվաճառքի քանակով անշարժ գույքի շուկայում առաջատարը հողերն են։ Սակայն, ինչպես նշեցինք վերևում, ոչ բոլոր մարզերում է անշարժ գույքի առուվաճառքի աշխուժացում նկատվել։ Հիմնական աճն ապահովել են Արարատը, Արմավիրն ու Կոտայքը։

Ինչպես տնտեսության մյուս ճյուղերի, այնպես էլ անշարժ գույքի շուկայի պարագայում գործարքների մեծ մասը կենտրոնացված են Երևանում։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 36.1 %-ը բաժին է ընկել Երևանին։ Իսկ մարզերից ամենամեծ մասնաբաժինը Կոտայքինն է՝ 15.2 %, ամենափոքրը Վայոց ձորինն է՝ 1.5%:

 Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter