
Արթուր Վանեցյան․ «Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի, գործն առնչվում է տասնյակ միլիոնավոր դոլարների»
Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտը վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանին հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առանձնատներում:
Այս մասին քիչ առաջ ԱԱԾ-ի շենքի դիմաց գտնվող լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հայտնելով, որ քննչական գործողությունների ավարտից հետո Խաչատրյանն, ինչպես նաև ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Խաչատրյանն, ով Գագիկ Խաչատրյանի բարեկամն է, բերման կենթարկվեն:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ խուզարկությունները կատարվել են ԱԱԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որը վերաբերում է տասնյակ միլիոնավոր դոլարների և առնչվում Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին:
Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչները կորոշեն բերման ենթարկվածներին գործով կարգավիճակ տալու կամ չտալու հարցը, մանրամասներ չհայտնեց նաև, թե ինչ է հայտնաբերվել մինչ այս պահն իրականացված խուզարկության արդյունքում:
«Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով, դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»,- ասաց Արթուր Վանեցյանը: Վերջինս վստահեցրեց, որ վերը նշված քննչական գործողություններն իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայությունը ապացույցների բավարար համակցություն է հավաքել, նշեց, որ մինչ այս Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և հարցաքննվել որպես վկա: Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում նաև ՀՔԾ-ում: Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ի գործը կապ չունի ՀՔԾ-ում քննվող քրեական գործի հետ, բայց հավանական համարեց դրանց միացվելը:
Մեկնաբանել