HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավանության է արժանացել 23,76 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 483 սուբվենցիոն ծրագիր. Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման աշխատանքներին զուգահեռ նախարարը մարզպետներին հանձնարարել է նախնական վիճակագրություն դուրս բերել կանոնավոր երթուղային ցանցի խնդիր ունեցող համայնքներում ուղևորահոսքի և դրա հաճախականության վերաբերյալ՝ ընդգծելով կարճ ժամանակահատվածում ոլորտում փոփոխություններ արձանագրելու անհրաժեշտությունը։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին՝  Անկախության տոնի կապակցությամբ, Գյումրի քաղաքում անցկացվելիք տոնական միջոցառումներին, ինչի առնչությամբ նախարարը կարևոր է համարել Հայաստանի բոլոր մարզերի ներկայացվածության  ապահովումն իրենց կոլորիտով, պատմամշակութային բովանդակությամբ և արվեստի գործերով։

Նախարարին է ներկայացվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գծով կատարողականը, որը կազմել է 25,5 մլրդ  դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի նկատմամբ ավելի  է 3,3 մլրդ  դրամով կամ 14,8 տոկոսով։

Նշվել է նաև, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այս տարի ստացված 560 սուբվենցիոն հայտերից հավանության է արժանացել 483 ծրագիր՝ ընդհանուր 23,76 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 12,95 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 10,27 մլրդ դրամ, այլ ներդրումներ՝ մոտ 400 մլն դրամ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման թափանցիկության ապահովման հարցերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter