HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Արեգունի. Սեւանի արեւելյան ափի ամենաաղքատ գյուղը

Արեգունին Ճամբարակ-Վարդենիս ճանապարհի ամենաքարուքանդ հատվածում է, Փամբակի ու Շիշկայայի մեջտեղում: Գյուղն իր մի հատվածով, կարելի է ասել, կպած է Սեւանին: Շնորհիվ գյուղի թիկունքում կիսաշրջան կազմող Սեւանի լեռնաշղթայի` այս հատվածը տարածքի ամենաբարեխառն ու տաք կլիմայով գյուղն է, սակայն դա, որքան էլ տարօրինակ թվա, բոլորովին էլ պատճառ չէ, որ տնտեսությունն այստեղ ծաղկի: Արեգունի կարելի է գնալ երկու ձեւով. առաջին` Երեւանի ավտոկայանում ժամը 3-ին նստել Երեւան-Շորժա-Վարդենիս ավտոբուսը եւ երեկոյան 7-ի սահմաններում հասնել գյուղ : Երկրորդ` Աբովյանից վաղ առավոտյան ճամփա ընկնել Մեծ Մազրա տանող ավտոբուսով, որը կեսօրին (կամ ավելի ուշ) անցնում է Արեգունիով, իսկ ժամը երկուսին Մեծ Մազրայից հետ է վերադառնում: 

Խորհրդային հնագույն փոքրիկ ավտոբուսի այս հուզիչ գրաֆիկն ավելի հուզիչ է դառնում, երբ խորանում ես նրա առաքելության մեջ: Աշխատանքային օրերին ուղեւորները քիչ են, փոխարենը բեռներն են շատ, որոնք, Աբովյանից սկսած, ուղարկում են ճանապարհի ողջ երկայնքով շարված գյուղերի բնակիչների հարազատները: Սովորաբար այս սեզոնին դա վարունգ-պոմիդոր է, երշիկեղեն, քանի որ սառնաշունչ կլիմայով Սեւանի արեւելյան ափին առաջին բերքը հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին է, եւ ոչինչ չի հասունանում, բացի կանաչեղենից: Վարորդ Սամվելը, իր գործին սովորած, ճանապարհին բաշխում է կապոցները, նամակներ հանձնում` մեն-մենակ փոստի, առաքիչի ու հեռագրիչի դեր ստանձնելով, ընդ որում` առանց որեւէ ակնկալիքի: Իսկ մեր մեկնած օրը, ողջ ճանապարհին, բավականին բանահյուսական իր խոսվածքով անհանգստանում էր փամբակցի ինչ-որ Անգինի եւ նրա ամուսնու համար, ովքեր երկրորդ օրն է` չէին եկել բեռի ետեւից. «Եղածը կփչանա, ախր»,-ափսոսում էր նա: Սպիտակ գլխարկ դրած գյուղական մի գեղեցկուհի իր բեռի ետեւից եկել էր էշով, այնքան որ շատ էին բեռները: 

Սպիտակ ագռավ` սեւերի մեջ 

Հենց այդպես կարելի է անվանել գյուղի հին տների մեջ անմիջապես աչքի ընկնող սպիտակ կառույցը, որը «սպառնում» է դառնալ գյուղի ամբուլատորիան: Այն հենց ճանապարհի վրա է ու աչք է շոյում: Սակայն մեր՝ շենք մուտք գործելու պահին պատերի ներսում այլ կրքեր էին բորբոքվում: Արեգունի գյուղի` մինչեւ օրս վիրտուալ (քանի որ որեւէ տարածք չունի զբաղեցրած) բուժկետի վարիչ Սիրանույշ Մաթեւոսյանն էր ներկաներին բարձրաձայն սրտնեղում, որ «Կալիֆոռնիայի հայ բժիշկներ» կազմակերպության` որպես բարեգործություն կառուցած այս շենքը ոչ մի կերպ չի ավարտվում ու հանձնվում, որպեսզի ինքը կարողանա հիվանդներ ընդունել: Բանալի նրան տվել են, ասել են` մի սենյակում հարմարվիր եւ աշխատիր: Բայց ամեն օր գալիս ու տեսնում է, որ բանվորները մի փոքր գործ են արել, ամեն ինչ թափթփել, ինքն էլ ստիպված հավաքարարություն է անում: Գյուղում ոչ-ոք չգիտի` ո՞ր կազմակերպությունն է կառուցում սպիտակ տունը, ո՞վ, ե՞րբ, ու՞մ պետք է կառույցը հանձնի: Շնորհակալ են բարեգործներից, բայց վարդենիսցի շինարարների անվերջ ձգձգելու պատճառով շենքի ներսի որոշ հատվածներում արդեն ճաքեր կան, գաջն է թափվում: Մի խոսքով` ուզել են անել շատ լավ մի բան, բայց ստացվել է այնպես, ինչպես միշտ: 

Մի ուրիշ խնդիր էլ է առաջացրել սպիտակ տունը. կոյուղին անցկացնելու համար արդեն երկու ամիս փորված խրամատը խանգարում է հաշմանդամ Վաչագան Գասպարյանին` անասնակերը փոխադրելու իր տան տարածք: Մարդը կտկտացնում է հենակով, հենվում միակ ոտքին, երկու ձեռքերը վեր բարձրացնում ու մի լավ հայհոյում. ի՞նչ անի, նրան չեն հասկանում: Մնում է` իր ուժերով խրամատը լցնել տա: Ստացվում է այնպես, որ գյուղին արված նվերը դժվարացրել է հաշմանդամի կյանքը: Հենց Վաչագանի բակում տեսանք այս գյուղի միակ խաչքարը` մարմարի վրա. նրա առաջին խաչքարն է` վաղուց էր մտքին դրել ու այս տարի իրականություն դարձրեց: Բա առանց խաչքար գյուղ կլինի՞:  

48-ամյա Վաչագանը երեւանցի է, մասնագիտությամբ շինարար-մոնտաժող: Երբ իր եւ կնոջ հիմնարկները փա կվեցին, նա երկար ժամանակ աշխատանք չէր գտնում, հետո վաճառեց տունը, պարտքերը փակեց, մնացած գումարով այս գյուղում տուն առավ, կնոջ ու երեք երեխայի հետ տեղափոխվեց: Արդեն 10 տարի այս գյուղում է ապրում, ոտքն էլ այստեղ կորցրեց. անոթային հիվանդությամբ տառապող մարդը բենզին չլինելու պատճառով ուշ է հասել Վարդենիս, սկսված գանգրենան ոտքը կտրելու պատճառ է դարձել: Հաշմանդամության համար 5 հազար դրամ է ստանում, ընտանիքը տնամերձի ու մեկ կովի հույսին է. «Ապրել չի լինում, 80 հազար դրամ պետք է դնենք, որ 1 տ գարի ստանանք: Էս տարի ընդհանրապես երաշտ է, 1 գրամ էլ չստացանք: Խնձորն ու տանձն էլ կարկուտը խփեց, թե մի 40 ցոկոլ գտնես ծառերին` քեզ լինի»,-ասում է: Հոգսերը թվելիս Վաչագանի խոսքը քաղաքական երանգներ է ստանում: Նա քննադատում է իշխանության բոլոր օղակներին եւ համարում է, որ եկել է իշխանությունը փոխելու ժամանակը: 

Գյուղ` առանց համայնքապետարանի 

Արեգունին համայնքապետարան չունի: Համայնքապետարանի շենքը հրդեհվել է տասը տարի առաջ, նորը կառուցելու համար միջոցներ չեն գտնվել: Համայնքապետը վարդենիսցի է, Արեգունիում էլ տուն ունի, ահա եւ համայնքապետարանն աշխատում է նրա տան մի սենյակում: Ստացվում է, որ համայնքապետարանի 6 աշխատակիցներն աշխատում են համայնքապետի տանը, համայնքապետարանի հավաքարարն էլ մաքրում է հենց համայնքապետի տունը. մի կողմից լավ է, մարդը տրամադրել է իր մասնավոր տունը գյուղը ղեկավարող վարչակազմի բնականոն աշխատանքի համար, մյուս կողմից էլ` ինչպես ճորտատիրական համայնակարգում: 

Բայց մեղադրելն էլ մի տեսակ ճիշտ չի լինի, որովհետեւ պետական բյուջեից այս գյուղին հատկացումը չնչին է` այս տարի պետհատկացումը կազմել է 918 հազար դրամ, անցած տարի` 638 հազար դրամ: Եթե համայնքապետարանի 6 աշխատողին նորմալ աշխատավարձ վճարվի` այդ գումարը կհերիքի ուղիղ երկու ամիս: Ասենք, որ կենսաթոշակային ֆոնդին գյուղի վճարումները կազմում են մոտավորապես մեկ միլիոն դրամի չափ գումար. այսինքն` պետությունը մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնում: Ինչու՞ է այդպես ստացվել: Ետկեսօրյա երկու ժամում մենք չկարողացանք համայնքապետին հանդիպել` չէր եկել դեռ Վարդենիսից: Ուստի հարցերիս պատասխանը փորձեցի ստանալ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուբիկ Մանուկյանից: 

Փոքր բյուջետային հատկացման պատճառը գյուղի հողային մեծ ֆոնդն է` վարձակալական հողերը 450 հա են, մի այդքան էլ սեփականաշնորհված հողերն են, դա բավականին տպավորիչ ցուցանիշ է: Սակայն ժամանակին գոտիավորումն է սխալ կատարվել. դրանք ավազային, անորակ, անբերրի հողեր են, որոնք 5-րդ կարգի են, մինչդեռ գնահատված են որպես 3-րդ կարգի հողեր` հեկտարից 6 հազար դրամ հողի հարկով: 5-րդ կարգի հողի հարկն այդ գումարից երեք անգամ պակաս է կազմում: Հողի հարկից ստացվելիք իբր բարձր եկամուտը եւ հողային ֆոնդի բարձր գործակիցը Արեգունուն զրկել են իր սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն տվող նորմալ դոտացիա ունենալուց: Արհեստական գոտիավորումը, փաստորեն, պատճառ է դարձել, որ եւ՛ գյուղացին տուժի, եւ՛ գյուղը: Այդպիսով` այս գյուղը, տարածքի մի քանի ուրիշ գյուղերի նման, կարելի է կրկնակի ծեծված համարել: Գումարվում են նաեւ համայնքապետարանի նախկին աշխատակազմի աշխատավարձային պարտքերը, տարիներով գյուղացիների չվճարած հողի հարկը, եւ վիճակը դառնում է անելանելի: 

Համայնքային բյուջեի հաշվին (եթե այդպիսին կա) սոցիալական կամ համայնքային նշանակության ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Համայնքապետարանի երիտասարդ աշխատակցի կարծիքով` հողի հարկը հարկավոր է զիջել գոնե 1997-98 թվականների կարկտահարման, 2001-02թթ. եւ այս տարվա երաշտի դիմաց, որպեսզի գյուղացին իմանա` բերք չստացած տարիների դիմաց չի մուծելու, ստացածի համար է միայն մուծելու եւ պարտավորված զգա, թե չէ անվճարունակ գյուղացուն որ դեմ ես անում տասնյակ տարվա հողի հարկ` սարսափում է: Ոռոգման ջրի բացակայությունն ու վատորակ հողերի առկայությունը բնության քմահաճույքին թողնված գյուղին դրել են անելանելի վիճակում, աղքատության մատնել հողագործին: 

Գյուղի կենսական խնդիրը, վատորակ հողերի առկայությամբ, դառնում է ոռոգման համակարգի ստեղծումը: Ոռոգումն իրականացվում է ձնհալի ինքնահոս ջրով, որը, սակայն, առատ է միայն վաղ գարնանը եւ իր դերը չկատարելով` հոսում-լցվում է Սեւան: Մինչդեռ մայիսին ու հունիսին, երբ վարելահողերում հացազգիները, իսկ տնամերձերում կարտոֆիլը սպասում են ջրին, հաճախ մի կաթիլ ջուր չկա: Այս տարի եղանակն էլ Գեղարքունիքի մարզի այս տարածքի բարեկամը չեղավ, իսկ հունիսի վերջին տեղացած կարկտախառն անձրեւը վերջնականապես փչացրեց երաշտի երկու ամիսներին խաշված խոտն ու հացահատիկը: Այժմ Արեգունու գյուղացին ձեռնունայն է եւ փորձում է թանկուկրակ անասնակեր գնել ուրիշներից: Ելքն, ըստ Ռ. Մանուկյանի, կարող է ջրամբարի կառուցումը եւ ձնհալի ջրերի կուտակումը լինել, բայց դա անհասանելի երազանք է, քանի որ դրա համար 20-25 մլն դրամ հարկավոր կլինի: Թե չէ` սարերի ջուրն անիմաստ կորչում է կամ լցվում լիճ. պատկերացնու՞մ եք` մի 50 մետրի վրա ծփում է Սեւանը, իսկ արտերն ու բանջարանոցները չորանում են ծարավից: 

Տարեցների գյուղը 

Արեգունին տարեցների գյուղ է համարվում` 385 բնակիչ ունեցող համայնքի 60%-ը 65 եւ ավելի տարեկան են: Երիտասարդները աշխատանք են փնտրում դրսում, ամռանը մի 3-4 ամիս աշխատում են Երեւանում, Չարենցավանում, այլուր, մյուս ամիսներին` ուտում աշխատածն ու էլի գնում: Այստեղ բոլորի միտքը զբաղված է նրանով, թե ինչպես օրվա հաց վաստակեն. ինչ-որ զբաղմունք ունենալու, կյանքը հետաքրքիր դարձնելու մասին մեր հարցը ծիծաղ է առաջացնում. հեռուստացույց, ահա միակ զբաղմունքը, մեծ աշխարհից չկտրվելու միջոցը: Ընդհանրապես, գյուղի երիտասարդությունն ապրում է տխուր ու միապաղաղ, հոգսով հագեցած օրով: Անգամ մոտակա Սեւանը, որի ափին լինելը երեւանցու ամառային երազանքներից է, այստեղ չեն նկատում: Զարմացած զբոսաշրջիկներին եւս այստեղ անտարբեր են վերաբերվում` իրենց հոգսերի մասին նրանք պատկերացում չունեն: Տարին մեկ-երկու զույգ են ամուսնանում, երիտասարդ ընտանիքներն ընդամենը 2-3 տոկոս են կազմում, գյուղում 3-4 երեխա է ծնվում տարվա ընթացքում: 

Գյուղի դպրոցում 76 աշակերտ է սովորում. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռ. Մանուկյանի հետ զրուցում էինք դպրոցում, իսկ այդ պահին բարձր դասարանցիների հետ համակարգչային պարապմունք էր անցկացնում «Կարիտաս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը: Լավ է, ուրեմն ամեն ինչ այնքան էլ անհուսալի չէ, ինչպես որ առաջին հայացքից կարելի է եզրակացնել: Դպրոցը նորոգողների մասին վկայությունը թողնված է մուտքի մոտի ցուցատախտակին. «Նորոգումն ու կահավորումն իրականացրել է Լոս Անջելեսի միացյալ հայ ուսանողների կազմակերպությունը»: Ստացվում է, որ եթե դրսի բարեգործները չլինեն, մենք մեր սահմանամերձ գյուղերում ոչ մի քար տեղից չենք շարժելու: Այս զուգորդումը պարզապես ամոթահար արեց ինձ, ու ես անհարմար զգացի մեր պետական կառույցների ու մեծահարուստների փոխարեն: 

Գյուղի 112 ընտանիքների 50%-ը կով չունի, եւ սա` կերակրվելու շատ քիչ հնարավորություններ ունեցող հեռավոր սահմանամերձ գյուղում: Կան նաեւ երկու տասնյակից ավելի խոշոր եւ մի քանի տասնյակ մանր եղջերավոր անասուն ունեցող երկու-երեք ընտանիքներ, նրանց հոգսն այդքան անգամ ավելի շատ է` անասնակեր չունենալու պայմաններում: 

226 ընտրող ունի գյուղը, մեր այցի նախորդ օրը` հունիսի 25-ին, ավագանու ընտրություններ էին տեղի ունեցել, 5 տեղի համար միայն չորսին էին ընտրել առաջադրված 4 թեկնածուից: Այսինքն` էս երկրի «վերեւների» համար միակ կարեւոր ատրիբուտը` ընտրազանգվածը, իր տեղում է, կազմ ու պատրաստ: Տեսնես ի՞նչ են խոստանալու այդ ընտրազանգվածին հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին` իր մշտական 60 տոկոսանոց մասնակցության դիմաց: Գոնե ջրամբարի կառուցում, խմելու քայքայված ջրագծի վերականգնում խոստանային: 

Ռ. Մանուկյանի կարծիքով` որոշ իմաստով իրավիճակից ելք կլիներ նաեւ վարկերի տրամադրումը անասնապահությամբ զբաղվել ցանկացողներին, բայց դա անհնար մի բան է. «Մեր հողերն ու տները գրավ չեն ընդունում` անարժեք են, ուրիշ բան էլ չունենք գրավ դնելու»: Ամբողջ գյուղի ունեցած խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը 300-ին մոտ է, մանրը` 1500. գոնե որեւէ ձեռնարկատեր հենց տեղում մթերեր կաթը. դա եւս մեծ օգնություն կլիներ գյուղացուն»: 

Սոցիալական ծայրակետեր 

Գյուղում եղած կարճ ժամանակահատվածում հասցրի զրուցել գյուղի բնակչության երկու հակադիր շերտերի տիպական ներկայացուցիչների` 7 երեխայի մայր Սաթիկ Քոչարյանի եւ տեղական ֆերմեր Արմեն Մելքոնյանի հետ: Սկսենք լավ լուրից, ինպես ասում են: Միջին տարիքի Արմենը վարդենիսցի է (գյուղի մի 20 ընտանիք է տեղացի), 45 կով ունի, մի 20 հա վարելահող: Նրա կարծիքով` զրոյից սկսելը (ինչպես որ փախստական ընտանիքներն են սկսել) դժվար կլիներ: Հենց սկզբում, գյուղ տեղափոխվելիս եւ ֆերման հիմնադրելիս նա 4-5 կով է ունեցել: Ինքն ու կինը առավոտից երեկո աշխատում են` մի րոպե անգամ չծուլանալով: Հիմա էլ նա մտածում է ֆերման ավելի ընդլայնելու մասին, բայց վարկ ստանալ չի կարողանում: Նրա կարծիքով` տոկոսն է բարձր, բայց մեր զրույցից պարզ դարձավ, որ ավելի շուտ նա տեղեկատվության եւ փորձի պակաս ունի: Օրինակ` նրան դուր չէր եկել, որ բանկերից մեկի ներկայացուցիչը եկել-տեսել էր ֆերման, իր հաջողված տնտեսությունը, բայց, միեւնույն է, խոսել էր վարկ վերցնելու համար անհրաժեշտ բիզնես-պլանի անհրաժեշտության մասին: Դա նրան խրտնեցրել էր: 

Գուցե Հայաստանում հենց վարկառուի եւ վարկատուի միջեւ այն միջնորդ օղա՞կն է պակասում, որն իրար կմոտեցներ կողմերի պահանջները եւ համատեղ հաջող աշխատանքի երաշխավոր կլիներ: Այստեղ մտածելու բան կա: Արմենի արոտավայրերի ողջ անասնակերն էլ, մյուսների նման, երաշտը փչացրել է, բայց նա արդեն անասնակեր գնել է, ինչը շատ դժվար է մյուս ընտանիքների համար. ի~նչ արած, բնության քմահաճույքների դեմը դեռ ոչ ոք չի կարող առնել: Կաթը նա շատ լավ էլ իրացնում է, այն տեղում գալիս եւ գնում է հենց «Աշտարակ-կաթը»: 

Բայց Արմենի վիճակում գյուղում երկուսն էլ չեն լինի: Եւ այստեղ միայն վատ հողերը, երաշտը, ոռոգման ջրի պակասը չէ պատճառը. գումարվում են նաեւ փախստականի կարգավիճակի` տարիներով ձեւավորված հոգեբանությունը, որոշ դեպքերում` ծուլությունը, նպաստի եւ օգնության սպասելը, տեղացի չլինելու, տարածքին եւ Սեւանին մինչեւ վերջ չընտելանալու սինդրոմը: Նույնիսկ ձկան գործոնից գյուղի բնակիչները չեն սովորում օգտվել, ինչպես Մարտունու եւ Գավառի աչքաբացները: Նրանք Շամխորից, Բաքվից, Կիրովաբադից տեղահանվածներն են, որոնց հայացքն ու հիշողությունը դեպի իրենց թողած տներն ու ունեցվածքն են, եւ վերջնականապես տեղական սովորություններին չեն հարմարվում, հույս են կապում օգնության ու նպաստի հետ: Նաեւ պետության աջակից ձեռքը` որպես կազմակերպչի ու գյուղի զարգացման համար նոր հնարավորություններ ընձեռողի, չեն զգում, Արմենի օրինակելի փորձն էլ նրանց թվում է հեռավոր մի բան:

Սաթիկ Քոչարյանի բազմանդամ ընտանիքը 1989-ից ապրում է մի տան մեջ, որն այդպես էլ չի ձեւակերպված նրանց անունով` փաստաթղթային ձեւակերպումների պետական տուրքերի գումարը չունենալու պատճառով: Նրա ընտանիքը մի փոքրիկ տնամերձ ունի, որով էլ փորձում է կերակրվել: Երեխաների նպաստն ամսական կազմում է 33 հազար դրամ, որը դասագրքերի ու երեխաների հագուստի վրա է ծախսվում: Հենց Սաթիկն է գյուղապետարանի հավաքարարը, բայց տարին երկու-երեք անգամ է մի 15 հազար դրամ աշխատավարձ ստանում` փող չկա: Ստիպված ուրիշի 6 կովն է կթում` օրական 10 լիտր կաթի դիմաց, էլի ընտանիքը սոված չի մնում: Եթե ստացվի ու ամուսինն էլ սեփական հնագույն «Ժիգուլիով» մի երկու մարդ կամ բեռ տեղափոխի գյուղից գյուղ, դա էլ մի օգնություն կլինի: Երկու մեծերը` աղջիկն ու տղան, աշխատանք գտնելու, մի բանով զբաղվելու խնդիր ունեն: Այդպես էլ ապրում են` անընդհատ իրավիճակից դուրս գալու ելքի մշտական որոնմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter