HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարի այցն ու բանտային մրցումների մեկնարկը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Օգոստոսի 20-ի առավոտյան այստեղ էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. նա առավոտյան անսպասելի այց էր կատարել «Նուբարաշեն»: Նախարարը հանդիպել էր ազատազրկվածներին, ծանոթացել նաև բանտի խոհանոցի պայմաններին: Մենք` ցմահ դատապարտյալներս, հուսով ենք, որ ռեժիմային գոտիների փոփոխման մասին օրենսդրական փոփոխությունը գործնականում կսկսի գործել առանց սուբյեկտիվ գործոնների, ինչը հնարավոր կլինի համապատասխան ենթաօրենսդրական կարգավորման միջոցով:

Նույն օրը՝ ժամեր անց, բանտի չորրորդ հարկում, որտեղ գտնվում է մարզական սենյակը, հաճելի իրարանցում էր… որպես «Հետքի» բանտային թղթակից՝ հետևում, նաև անձամբ մասնակցում եմ այստեղ տեղի ունեցող դրական փոփոխություններին: Չգիտեմ՝ ինչպես է այս հարցն այլ ազատազրկման վայրերում, բայց այստեղ աննախադեպ ակտիվությամբ կազմակերպվում և անցկացվում են մի շարք մարզամրցումներ:

Ի դեպ, ոչ միայն ցմահ ազատազրկվածներս ենք մասնակցում, այլև բոլոր այն դատապարտյալները, ովքեր ցանկություն են հայտնել՝ հիմնականում տնտեսական մասում աշխատողները: Օրինակ` ծանրաքարի բարձրացման մրցմանը մասնակցեց  30 դատապարտյալ` մեծամասնությունը ցմահներից: Առաջիկայում կկայանան նաև ծանրաձողի բարձրացման, ձգման, ինչպես նաև շախմատի ու շաշկիի մրցումներ:

Անշուշտ, այս ամենը միայն ողջունելի է: Օրերս գրավոր դիմել եմ մեկուսարանի պետ արդարադատության փոխգնդապետ Սամվել Մկրտչյանին առաջարկով՝ ինչպես ամենուր մկանային ուժի գործադրման հետ կապված սպորտաձևերում, այդպես էլ մեկուսարանում անցկացվող մրցումները կազմակերպել ըստ քաշային կատեգորիաների: Հարցը հեշտությամբ կլուծվի էլեկտրոնային կշեռքի կիրառմամբ: Հակառակ պարագայում` ստացվում է, որ 50, 70 կամ 100-120 կիլոգրամ քաշ ունեցող դատապարտյալները պետք է կատարեն նույն առաջադրանքը` որքան հնարավոր է շատ բարձրացնել 16 կիլոգրամանոց  ծանրաքր կամ 30 կիլոգրամանոց ծանրաձող և այլն:

Ի տարբերություն գեղարվեստական ֆիլմերում ցուցադրվող արտասահմանյան ազատազրկման վայրերում ակտիվորեն մարզվող դատապարտյալների, այստեղ` հայաստանյան բանտերում ու գաղութներում, զարմանալիորեն, չգիտես ինչու, սպորտով զբաղվելը ոչ վաղ անցյալում «լավ չէր նայվում» բանտային ենթամշակույթում: Իսկ հիմա, համենայն դեպս ցմահների միջավայրում, մեծամասնությունը ձգտում է մասնակցել մարզամրցումներին:

Ներկայումս անհրաժեշտ է օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով ամրագրել նաև ստեղծագործական աշխատանքների խրախուսումը և արժանավույն գնահատումը: Հենց ցմահներիցս, համոզված եմ` նաև որոշակի ժամկետով ազատազրկվածներից կան մարդիկ, ովքեր պատմվածքներ և բանաստեղծություններ են գրում, հրատարակում, կան նկարիչներ, արվեստի այլ աշխատանքներ ստեղծողներ: Այս ամենի գնահատումը միանշանակ կնպաստի դատապարտյալների ինքնաբացահայտմանը արվեստի բնագավառում և դրական մթնոլորտ կստեղծի ազատազրկամն վայրերում:

Ցմահ ազատազրկմանը վերաբերող կուրսային աշխատանքումս անդրադարձել էի այն հետաքրքիր և հեղափոխական մոտեցմանը, որը իրականություն դարձավ շնորհիվ Բրազիլիայի բանտային համակարգի: Որոշումն այսպիսին էր՝ յուրաքանչյուր դատապարտյալ, ով կարդա պատմական, գիտական ուղղվածությամբ գիրք և հանձնաժողովին համառոտ, գրավոր կներկայացնի դրա բովանդակությունը, նրա ազատազրկման ժամկետը կկրճատվի 1-2 ամսով: Եվ այս կրճատումները շարունակական են` կախված կարդացած գրքերի քանակից և դրանց վերաբերյալ քննության արդյունքներից: Բրազիլիայի բանտերում կարդացող, սովորող դատապարտյալների քանակը կտրուկ աճել էր այս որոշման արդյունքում, ինչը մասամբ լուծել էր նաև նրանց զբաղվածության հարցը:

Օրինակ` չեմ մոռանա, երբ ընդունվեցի իրավագիտության ֆակուլտետ, խցակիցներիցս մեկն ասաց՝ փաստորեն դու էլ ես միլիցա դառնալու… նույնիսկ բանտի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը անհանգիստ էր, որ իրավագիտության ֆակուլտետի ուսանող դառնալս կարող է միջանձնային հարաբերությունների սրման պատճառ լինել և առաջարկում էր, որ մյուս երկու ցմահ դատապարտյալների պես հոգեբանության ֆակուլտետ ընդունվեմ: Առհասարակ ուսման և աշխատանքի գաղափարը հիմնականում դեռ խորթ էր թե՛ ազատազրկվածների, թե՛ աշխատակիցների համար: Այսօր այն խրախուսվում է և գրեթե բոլոր ցմահ ազատազրկվածները ձգտում են ներգրավվել ինչ-որ աշխատանքների մեջ, եթե հնարավորություն ունեն, ցանկանում են սովորել բուհերում:

Կարծում եմ` քրեակատարողական համակարգում դեռ լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն, բայց այդ փոփոխությունները հեշտ չեն լինելու, քանի որ հին մտածելակերպը իներցիոն ուժով խոչընդոտում է: Այնուամենայնիվ, դրական փոփոխություններն անխուսափելի են: Ազատազրկման վայրերում մարդկանց պետք չէ ոչնչացնել որպես սոցիումի անդամների, հակառակը` պետք է ստեղծվեն պայմաններ, որ մարդը վերադառնա հասարակություն ու դառնա լիարժեք անդամ: Այս գործընթացի ամենակարևոր գրավականը միանշանակ աշխատանքն է: Պետությունը պետք է ձգտի, որ բոլոր ազատազրկվածները ներգրավված լինեն այս կամ այն աշխատանքի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter