HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նելլի Դանիելյան

Լոռու անտառներին մասնագետներ են պետք

«Ամռան սեզոնին Ստեփանավանն աշխուժանում էր: Թբիլիսիից, Երեւանից, Տավուշից գալիս էին հանգստանալու, որովհետեւ օդն էլ էր մաքուր, ջուրն էլ էր սառը: Բնությունը նույնն է, մարդիկ են փչացնում»,-ասում է ստեփանավանցի Արտավազդ Բարսեղյանը: Նա ափսոսանքով է հիշում երբեմնի փարթամ սոճու անտառները: Սոճու անտառները Ստեփանավանի հիմնական հարստությունն էին: Հենց դրանց շնորհիվ էր այն հայտնի իբրեւ առողջարանային քաղաք, որտեղ խորհրդային տարիներին հանգստյան սեզոնին քաղաքի բնակչության թիվը կրկնապատկվում էր:

Գյուլագարակի մանկական առողջարանում կլոր տարին 1000 երեխա էր հանգստանում ամբողջ Անդրկովկասից: Անգամ խորհրդային Հայաստանի կառավարության ամառանոցի համար ընտրվել էր սոճու խիտ անտառներով շրջապատված այս տեղանքը:

Սոճին անգնահատելի է իր հակաբակտերիալ եթերային յուղով: Բայց, ի դժբախտություն իրեն, այն ունի եւս մեկ հատկություն, որով եւ գրավում է ծառագողերի ուշադրությունը: Սոճու փայտը շատ ճկուն ու ամուր է, եւ օգտագործվում է շինարարության գրեթե բոլոր բնագավառներում:

Ստեփանավանի անտառների զանգվածային հատումները սկսվեցին 2004-ի գարնանը: Հենց այս ժամանակահատվածում հանրապետությունում աճեցին օրինական եւ ապօրինի փայտամշակման արհեստանոցներն ու սղոցարանները: Առանց այն էլ սակավանտառ Հայաստանը դարձավ դեպի Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պարսկաստան եւ Թուրքիա փայտ արտահանող երկիր, չնայած այդ երկրներում կանաչ տարածքները մի քանի անգամ գերազանցում են մերը: Շինափայտի 1 քմ-ի արժեքը այդ տարիներին 95 դոլարից հասավ 240-280-ի: Ի դեպ, նույն թվականին պաշտոնապես արգելվեց Ստեփանավանի անտառներում որեւէ հատում, բայց ապօրինի եւ անխնա հատումները շարունակվեցին անգամ դրանից հետո:

Անկախ փորձագետների մոտավոր հաշվարկներով' ոչնչացվել է Լոռու մարզի անտառների ավելի քան 30 տոկոսը:

«Շրջափակման քողի տակ հատվեցին թանկարժեք ծառատեսակներ' կաղնի, սոճի, լորենի, հաճարենի: Այս ծառատեսակները խորհրդային տարիներին մի ծառ կտրելու համար հատուկ որոշում էր պետք: Իսկ հետանկախացման տարիներին դա զանգվածային բնույթ էր կրում եւ օգտագործվում էր որպես վառելիք ու շինանյութ,-պատմում է Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության գլխավոր մասնագետ Արտակ Դեմիրճյանը' միաժամանակ չթաքցնելով, որ հատումները շարունակվում են նաեւ այսօր, բայց ավելի փոքր ծավալով,-կան քրեածին տարրեր, որոնք մինչ օրս շարունակում են գիշերային ժամերին, քողարկված հատել, բայց դա նախկին տարիների հետ համեմատած աննշան ծավալ է կազմում»:

Այն, որ հսկողությունը վերջին տարիներին ուժեղացել է, հաստատում են ոչ միայն պետական կառույցները, այլեւ հասարակական կազմակերպություններն ու բնակիչները:

Ստեփանավանի անտառներում պարբերաբար դիտարկումներ անցկացնող «Լոռե» էկոակումբի նախագահ Մանյա Մելիքջանյանը վստահեցնում է, որ վերջին ամիսներին իրենք նոր հատումներ չեն արձանագրել:

Տարածաշրջանի գազաֆիկացման պարագայում անգամ բնակչության անապահով հատվածը գերադասում է փայտը' իբրեւ էժան վառելանյութ: Սակայն դրանք, ինչպես կարելի է համոզվել բակերում կուտակված փայտի դեզերից, ոչ թե հատված ծառեր, այլ անտառից հավաքված չորուկներ են: «Փորձեք անտառից մի հատ կտրած ճյուղ հանեք, մի քայլ էլ չարած' կբռնեն, իսկ բեռնատարներով որ տանում էին, տեսնող չկար»,-գանգատվում են տեղացիները:

Սպասել, թե անտառն ինքն իրեն կվերականգնվի, որ հատված կոճղերը դարձյալ շիվեր կտան ու ծառ կդառնան, բնապահպանները զուր են համարում, քանի որ անտառահատումներից հետո առաջացող, այսպես կոչված, երկրորդային անտառն այլեւս նախկին նշանակությունը չի ունենում: Արժեքավոր ծառերը կոճղաշիվեր չեն տալիս ու մահանում են, իսկ սովորական ծառերի կոճղաշիվերը մարդիկ կտրում են, հողն օգտագործում գյուղատնտեսական նպատակներով, անասուններ արածեցնում:

Պետական եւ ոչ պետական տարբեր ծրագրերով մարզում իրականացվում են նաեւ անտառվերականգնման աշխատանքներ: Սակայն արդյունքն աննշան է, քանի որ հատումների հետեւանքով ընկել է հողի կպչողականությունը: «Հասարակական հիմունքով անտառ վերականգնելը ես սխալ եմ համարում: Փորձը ցույց է տալիս, որ այդ ծառերը չեն աճում, դրա համար լուրջ ուսումնասիրություններ են պետք»,-նշում է Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչության միակ մասնագետ, երկրաբան Արտակ Դեմիրճյանը: Իսկ դրա համար նյութական ու մարդկային լուրջ ռեսուրսներ են պետք:

Մարզպետարանի համապատասխան բաժնի մի շարք մասնագետների տեղերն արդեն մի քանի տարի թափուր են մնացել, քաղծառայողների պարբերաբար հայտարարվող մրցույթներն արդյունք չեն տալիս: «Եթե նույնիսկ հայտարարությամբ գալիս են, համապատասխան կրթություն չունեն, ով էլ նոր ավարտած է, անտառից ոչ մի գաղափար չունի»,-ասում է Արտակ Դեմիրճյանը:

Իսկ բնությունը մասնագետներին ու ֆինանսներին չի սպասում: Հատված անտառների տարածքներում արդեն սկսվել են հողի դեգրադացիոն երեւույթները: Դրա վառ ապացույցը Վանաձորը պարբերաբար ողողող սելավներն ու սողանքներն են:

Սարալանջերից սահում է հիմնականում սեւահողը, որոշ դիտարկումների համաձայն' ոչնչացել է անգամ հողի կավային շերտը, մնացել են դատարկ ապարները: Այսպիսի տարածքում, անգամ մեծ գումարների առկայությամբ, անհնար է անտառը վերականգնել: Պաշտոնական տվյալներով' անտառների հատման պատճառով մարզում ցամաքել են ավելի քան 500 բնական աղբյուր ու առու:

Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել կլիմայի եւ կենսաբազմազանության անխուսափելի փոփոխությունների: Տեղացիները պատմում են, որ վաղուց չեն հանդիպել իրենց սարերի մշտական բնակիչ հսկա արծիվներին, որոնցով մի ժամանակ հպարտանում էին, եւ մտավախություն ունեն, թե դրանք հեռացել են' զրկվելով իրենց բներից ու բնական թաքստոցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter