
Հայանիստ համայնքի նախկին ղեկավարի թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքերով քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Իրավապահները պարզել են, որ Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005 թվականից մինչև 2010 թվականի հունիս ամիսը տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում աշխատանքի է հրամանագրել անձանց, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը, ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր մոտ 5 միլիոն 300 հազար դրամ:
Բացի այդ պարզվել է, որ նշված համայնքի նախկին ղեկավարը 2003 թվականից մինչև 2007 թիվը, օգտագործելով պաշտոնեական դիրքը համայնքապետարանում գույքահարկի գծով մասնագետ է հրամանագրել ներկայիս համայնքի ղեկավարին առանց նրան տեղեկացնելու, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել