HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գնդեվազ գյուղում մի խումբ անձանց կողմից 57-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու մասին ահազանգը ստացվել էր 2019թ. օգոստոսի 25-ին:

Ըստ հաղորդագրության դեպքի առթիվ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում բարձր գոռալով մի քանի անգամ վանկարկել են «Ամուլսարը մերն է, Ամուլսարը հանք չի դառնա» արտահայտությունը: Մոտակայքում գտնվող 57-ամյա տղամարդը դիտողություն է արել՝ պահանջելով գիշերային ժամին չգոռգոռալ ու չխանգարել մարդկանց հանգիստը, որից հետո Ջերմուկ քաղաքի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, հարձակվել է 57-ամյա տղամարդու վրա և հարվածելով վայր գցել նրան:

Այնուհետև իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Ջերմուկ քաղաքի 24 և 22-ամյա բնակիչները ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան, որից հետո նրանց խուլիգանական գործողություններին են միացել նաև նրանց ընկերները: Լսելով աղմուկի ձայները՝ նրանց է մոտեցել 57-ամյա տղամարդու եղբայրը, ով փորձել է հանդարտեցնել նրանց, որի ընթացքում վայր է ընկել ու աջ ականջի շրջանում ստացել է մարմնական վնասվածք

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ջերմուկ քաղաքի ևս երկու բնակիչ՝ ծնված 1993 և 1997թթ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով

Նախաքննությունը շարունակվում է

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter