
Սահմանադրական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա օգոստոսի 29-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա վաղը՝ օգոստոսի 29-ին, նշանակված գործի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք (ՍԴ) կայքից:
Դիմումի քննությունն, ըստ կայքում առկա տեղեկատվության, հետաձգվել է՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից:
Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի դիմումը, հիշեցնենք, առնչվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածներին:
Գործի քննությունն, ըստ ՍԴ աշխատակարգային որոշման, տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի գործի» շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Նրան վերագրվում է նաև առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու արարք:
Մեկնաբանել