HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՀՔԾ-ն կալանք է դրել Արամ Հարությունյանի բարեկամի անվամբ բնակարանի, նրան առնչվող ընկերության գույքի վրա

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է դրվել Հարությունյանի ամբողջ գույքը, «ՀանԱրդ» նախագիծ ընկերությանը պատկանող գույքը, Հարությունյանի բարեկամներից մեկի անվամբ բնակարանը, որտեղ բնակվում է Հարությունյանի ընտանիքը: Այս որոշումները բողոքարկվել են և քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը` նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը կալանք է դնում այն բոլոր գույքերի վրա, որտեղ հպանցիկ շոշափվում է Հարությունյանի անունը:

Նշենք, որ Արամ Հարությունյանը «ՀանԱրդ»-ում 92 % բաժնեմաս ունի, սակայն, ըստ Կարեն Հակոբյանի՝ դրա կեսն, ըստ էության, պատկանում է նրա կնոջը: Վերջինս բողոքների քննությանը մասնակցելու է որպես շահագրգիռ անձ:

Արամ Հարությունյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Այս հոդվածները որպես լրացուցիչ սանկցիա նախատեսում են գույքի բռնագանձում: Պաշտպան Հակոբյանը, սակայն, կարծում է, որ «ՀանԱրդ» նախագիծ ընկերության գույքի վրա քննիչն իրավունք չուներ կալանք դնել, կարող էր կալանք դրվել միայն Արամ Հարությունյանի բաժնետոմսերի վրա, եթե հիմնավորվեր, որ նա ունի այդպիսիք:

Կարեն Հակոբյանի խոսքով՝ «ՀանԱրդ»-ի գույքի վրա կալանք դնելու որոշումը լուրջ բարդություններ է առաջացրել ընկերության համար:

«Ներկայում չեն թողնում ընկերությունն աշխատի, արհեստական խոչընդտոներ են ստեղծում, թույլ չեն տալիս, որ ընկերությունը տարածքները վարձակալությամբ տա: Այսինքն՝ թույլ չեն տալիս բիզնեսով զբաղվել, որը մյուս բաժնետերին զրկում է շահույթ ստանալու հնարավորությունից»,- ասաց Կարեն Հակոբյանը՝ նշելով, որ բացի Արամ Հարությունյանից ընկերությունում բաժնեմաս ունի ևս 250 անձ:

Նշենք, որ ընկերության գույքի վրա կալանք դնելու որոշումը բողոքարկվել է ընկերության տնօրենի անունից:

Ինչ վերաբերում է Արամ Հարությունյանի բարեկամի անվամբ գրանցված բնակարանի վրա կալանք դնելուն, պաշտպանի խոսքով՝ այս որոշումը ՀՔԾ-ն կայացրել է հիմնավորմամբ, թե օպերատիվ տեղեկություն կա այն մասին, որ բնակարանը ոչ թե բարեկամին է պատկանում, այլ Արամ Հարությունյանին:

«Եթե Արամ Հարությունյանի ընտանիքը վարձով ապրեր որևէ այլ բնակարանում, այժմ էլ այդ բնակարա՞նն էին կալանքի տակ դնելու»,- հարց բարձրացրեց Կարեն Հակոբյանը՝ նշելով, որ նախ պետք էր քննություն իրականացնել և հիմնավորել բնակարանը Արամ Հարությունյանին պատկանելու հանգամանքը, ինչը չի արվել:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանն այժմ գտնվում է հետախուզման մեջ: Կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում հետախուզման մեջ են նաև երկու այլ մեղադրյալներ: Գործով անցնող երկու անձանց՝ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մասն անջատվել է և ուղարկվել դատարան: Քննությունը՝ կապված Արամ Հարությունյանի և հետախուզման մեջ գտնվող այլ մեղադրյալների մասով, շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter