HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Բաքու-Ջեյհան նավթատարին հակակշիռ՝ Հայաստանի ներքին ռեսուրսները եւ Սփյուռքի ներուժը

Հուլիսի 13-ին Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները, ինչպես նաեւ՝ երեք տասնյակ երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ: «ԲԹՋ-ը 21-րդ դարի կարեւորագույն նախագծերից է»,-բացման արարողության ելույթում ասել է նավթատարի օպերատոր «Բրիթիշ փեթրոլիումի» ղեկավար Ջոն Բրաունը: Ջեյհանի հանդիսությունները դարձան ամենաթանկը Թուրքիայի պատմության մեջ. ծախսերը կազմել են 4 միլիոն դոլար: Նավթատարի կառուցումը եւս շատ թանկ արժեցավ՝ 4 միլիարդ դոլար: Արարողության ընթացքում ընթերցվել է Միացյալ նահանգների նախագահի ուղերձը' ուղղված իր թուրք պաշտոնակից Ահմեդ Նեջեթ Սեզերին: Ջորջ Բուշը ԲԹՋ-ի նախագիծը գնահատել է որպես «պատմական իրադարձություն»:

ԲԹՋ նավթամուղ կառուցելու գաղափարը ծնվել է 1990-ական թվականներին:

1994թ. սեպտեմբերի 20-ին Բաքվում Հեյդար Ալիեւի մասնակցությամբ ստորագրվեց ադրբեջանական Ազերի, Չըրաղ եւ Գյունեշլի հանքավայրերը շահագործելու մասին «Դարի պայմանագիրը», որը նախատեսված էր 30 տարվա համար եւ ենթադրում էր Կասպիցի խորքերից արդյունահանել մոտ 500 մլն տոննա նավթ: Սկզբնապես առաջարկվում էր ադրբեջանական նավթի փոխադրման երեք տարբերակ' Վրաստանի տարածքով Բաքու-Սուփսա ( Սուփսան գտնվում է Սեւ ծովի վրացական ափին) ուղեգծով, Ռուսաստանի տարածքով՝ Բաքու-Նովոռոսիյսկ (գտնվում է Սեւ ծովի ռուսական ափին) ուղեգծով եւ Թուրքիայի տարածքով դեպի Ջեյհանի նավահանգիստ:

Քանի որ ԲԹՋ-ն նախ եւ առաջ քաղաքական նախագիծ էր, եւ ամերիկյան ու բրիտանական ընկերությունները, ստանալով իրենց կառավարությունների աջակցությունը, ձգտում էին կասպիական նավթը արեւմտյան շուկաներ տեղափոխել՝ շրջանցելով Ռուսաստանի եւ Իրանի տարածքը, նավթատարն ուղղակի չէր կարող անցնել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ իսլամական հանրապետության տարածքով: Ավելի հասկանալի լինելու համար ասենք, որ կասպիական նավթը հնարավոր է միջազգային շուկաներ առաքել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով՝ չկառուցելով ԲԹՋ-ն: Եվ պատահական չէ, որ, ինչպես նշում են վերլուծաբանները, ԲԹՋ-ով նավթի հետ միասին հոսելու է նաեւ քաղաքականություն: Հնարավոր է, որ նավթատարն անցներ շատ ավելի կարճ ճանապարհով՝ Հայաստանի տարածքով, եթե չլիներ կամ կարգավորված լիներ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ դեպքում ծախսերը կկազմեին 3 միլիարդ դոլար:

1999թ. նոյեմբերի 18-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները Ստամբուլում ստորագրեցին համաձայնությունների փաթեթ' Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ կառուցելու մասին: 2000թ. հոկտեմբերին նախագծի մասնակից ընկերությունները, «Բրիթիշ Փեթրոլիումի» գլխավորությամբ, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ ստորագրեցին նավթամուղի շինարարության ֆինանսավորման մասին համաձայնագիր: Շինարարությունը սկսվեց 2002թ. սեպտեմբերին եւ ավարտվեց վերջերս: Նավթամուղի երկարությունը 1767 կմ է, որից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 248 կմ-ը' Վրաստանի, իսկ 1076 կմ-ը' Թուրքիայի տարածքով:

Ամենալավատեսական հաշվարկներով անգամ Ադրբեջանը հնարավորություն չի ունենա միայնակ նավթով լցնել ԲԹՋ-ն, հետեւաբար անհրաժեշտ էր համոզել Ղազախստանին, որպեսզի վերջինս համաձայնի իր նավթի մի մասը ուղղել ԲԹՋ: 2006թ. հունիսի 16-ին ԲԹՋ-ին պաշտոնապես միացավ Ղազախստանը. Նուրսուլթան Նազարբաեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրեցին Կասպից ծովով եւ Ադրբեջանի տարածքով ղազախական նավթը ԲԹՋ-ով միջազգային շուկաներ փոխադրելուն աջակցելու պայմանագիր: Ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ղազախական նավթը լցանավերով Կասպիցով փոխադրելու համար Աքթաու-Բաքու համակարգի ստեղծում' այն հետագայում ԲԹՋ-ով փոխադրելու նպատակով: Սկզբնական փուլում նախատեսվում է 7,5 մլն տոննա ղազախական նավթի փոխադրում, որը հետագայում կավելանա մինչեւ 25 մլն տոննա: Վաշինգտոնը ողջունեց Ղազախստանի՝ ԲԹՋ-ին միանալու որոշումը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լուրջ ակնկալիքներ ունի նավթատարից, եւ ակնհայտ է, որ բոլորովին չի շտապում այսօր կարգավորել ղարաբաղյան խնդիրը, քանի որ կարծում է, թե ԲԹՋ-ի շահագործումով կստանա միլիարդավոր նավթադոլարներ, կուժեղացնի տնտեսությունը, բանակը: Մի խոսքով՝ ծնկի կբերի Հայաստանին, եթե անհրաժեշտ լինի՝ նոր պատերազմով: Ակնհայտ է նաեւ, որ, իրոք, Ադրբեջանն առաջիկա երկու տասնամյակների ընթացքում կկարողանա նավթի վաճառքից ստանալ 100-ից 150 միլիարդ դոլար: Սակայն հարց է ծագում՝ Ադրբեջանի նավթային սեկտորում միլիարդավոր դոլարներ ներդրած արեւմտյան ընկերությունները թույլ կտա՞ն Ալիեւ կրտսերին գնալ նման արկածախնդրության: Եթե անգամ թույլ տան, Ադրբեջանն ի վիճակի կլինի՞ ծնկի բերել Հայաստանին: Սրանք հարցեր են, որոնք կարող են ունենալ տարբեր պատասխաններ եւ մեկնաբանություններ: Բայց հստակ է մեկ բան. Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային ծրագրերից, մեկուսացվում է տնտեսական եւ քաղաքական առումներով, դառնում անհետաքրքիր երկիր:

Հատկապես ներկայումս, երբ գործարկվում է Բաքու-Թբիլիսի- Ջեյհանը, եւ Հայաստանը Ադրբեջանի տնտեսությունից եւ զարգացումից ետ չմնալու մարտահրավերի առաջ է կանգնում, ի՞նչ է առաջադրելու, ինչո՞վ է հակակշռելու Հայաստանը այդ նավթամուղին։ Առաջիկա տարիներին հավանաբար կյանքի կկոչվեն Հայաստանը շրջանցող այլ ծրագրեր՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին: Այսինքն՝ մեր երկիրն այլեւս գործոն չէ: Սրան գումարվում են նաեւ հարեւանների հետ ունեցած հակասությունները (թե ո՞վ է մեղավոր, բոլորովին այլ խնդիր է): Արեւմուտքից Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը պատ է, արեւելքից Ադրբեջանի հետ՝ ականապատ: Մյուս երկու հարեւանների հետ հարաբերությունները թեեւ բնականոն են, սակայն հարավային հարեւան Իրանը լուրջ խնդիրներ ունի միջազգային հանրության հետ (բացի այդ, նաեւ աշխարհագրական առումով, իսլամական հանրապետությունը չի կարող դառնալ արտաքին աշխարհին մեզ կապող հուսալի ճանապարհ), իսկ հյուսիսում՝ Վրաստանի տարածքում, վերջանում են Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապող մեր ճանապարհները եւ երկաթուղին (Աբխազիայում):

Ի՞նչ են մտածում մեր երկրի իշխանությունները: Ուրբաթ օրը՝ հուլիսի 14-ին, այս հարցը ուղղեցինք Հայաստանի արտգործնախարարին: Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանը մեծ ռեսուրսներ ունի, եւ նշեց երեք խումբ' ներքին, սփյուռքի եւ միջազգային։ Ներքին ռեսուրս ասելով՝ արտգործնախարարը նկատի ունի Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարական գործընթացները: «Երկրորդը սփյուռքի ռեսուրսն է։ Այսօր մենք օգտագործում ենք սփյուռքի ռեսուրսի մեկ–երկու տոկոսը: Ինչու՞, որովհետեւ կա երկրի նկատմամբ վստահության, չարաշահումների եւ այլ խնդիրներ»,-ասաց Օսկանյանը։ Եթե Հայաստանի ղեկավարությանը հաջողվի ճիշտ եւ լավագույնս օգտագործել մեր ներքին եւ Սփյուռքի ռեսուրսները, ապա դրան կավելանա երրորդը' միջազգային ռեսուրսը։ «Այդ պարագայում Հայաստանը դառնալու է ավելի հուսալի գործընկեր, եւ ներդրումների ավելի մեծ հոսք է լինելու։ Իհարկե, մեծ բան արվել է անցնող տարիներին, բայց եթե հարցը կապում ենք Բաքու–Թբիլիսի-Ջեյհանի, Ադրբեջանի մեծ հնարավորությունների հետ, մենք այլ ռեսուրսներ չունենք, քան իմ նշած երեք ռեսուրսները»,-ընդգծեց արտգործնախարարը։

Անշուշտ, արտգործնախարարի թվարկած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է հասնել որոշ հաջողությունների միայն, քանի որ ինչքան էլ մարդկային գործոնը կարեւոր է, բայց առանցքային չէ: Կան շատ ավելի խորքային պատճառներ, ինչպես նշել ենք վերեւում' հարեւանների հետ բարդ հարաբերություններ, աշխարհագրական դիրք եւ այլն: Եթե մեր հիմնական ռեսուրսներից են քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները, ժողովրդավարական գործընթացները, ապա ինչու՞ է Հայաստանը ժողովրդավարության փոխարեն անշեղորեն գնում դեպի ավտորիտարիզմ, ինչու՞ է ազատ տնտեսության սկզբունքներ որդեգրելով՝ երկրի տնտեսությունը գրավ դնում Ռուսաստանին եւ մի քանի հայ օլիգարխների: Եթե Հայաստանը հավատարիմ է քաղաքական բարեփոխումների ուղուն, ինչու՞ են ընտրությունները ամեն անգամ կեղծվում, ընդ որում՝ ընտրությունից ընտրություն կեղծվում են ավելի ակնհայտ եւ սարսափելի չափերով: 2007թ. սպասվում են խորհրդարանական, իսկ 2008թ.՝ նախագահական ընտրություններ: Այսօր երկրի քաղաքական դաշտում կատարվող իրադարձությունները, օրինակ՝ մի քանի շաբաթվա ընթացքում տասնյակ հազար անդամներով նոր կուսակցությունների ստեղծումը, որը թելադրվում է իշխանական բուրգից, արդյոք խոսու՞մ են ժողովրդավարությանը հավատարմության մասին:

Երկրորդ՝ սփյուռքի ռեսուրսը: 1998թ., երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, ներկաները նախկիններին, ի թիվս այլ բաների, մեղադրում էին սփյուռքի ներուժը ոչ ճիշտ օգտագործելու մեջ: Իշխանափոխությունից հետո անցել է ավելի քան 8 տարի, ավելացե՞լ են սփյուռքից ակնկալվող օգնությունները: Ութուկես տարի առաջ ասվում էր, որ սփյուռքից հնարավոր է ակնկալել տարեկան մինչեւ 500 մլն դոլար, այլ ոչ՝ 10 մլն: Ի՞նչն է խանգարել, որ այսօր էլ խոստացված 500 մլն-ի փոխարեն այդ օգնությունը շարունակում է կազմել մի քանի տասնյակ մլն: Էլ չենք խոսում հայտնի դեպքերի մասին, երբ սփյուռքահայ բարերարներին, ինչպես, օրինակ, Նաջարյան ամուսիններին, ուղղակիորեն խաբել են:

Եւ վերջապես երրորդը՝ միջազգային ռեսուրսը: Եթե 1990-ականների սկզբներին Հայաստանը հավակնում էր դառնալ «ժողովրդավարության օազիսը» կովկասյան տարածաշրջանում եւ ակնհայտորեն առաջ էր անցել իր անմիջական 4 հարեւաններից առնվազն երեքից՝ Ադրբեջանից, Վրաստանից եւ Իրանից, ապա այսօր, երբ կարդում ես միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցները, պարզ է դառնում, որ օազիսը տարեցտարի վերանում է: Այսօր անգամ փորձ է արվում Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ, որտեղ հաստատվել են սուլթանականի նման կարգեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter