HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղաքացիները դիմել են պատգամավորներին. ի՞նչ քայլեր են ձեռնարկել օրենսդիրները

Ազգային ժողովի պատգամավորներին դիմած քաղաքացիների զգալի մասը ֆինանսական աջակցություն է խնդրել: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով պատգամավորի պարտականություններից է քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը, ինչպես նաև քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելը: Տրամաբանական է, որ քաղաքացիների գրավոր առաջարկներից, դիմում-բողոքներից ձևավորվում են պատգամավորի առաջնային՝ օրենսդիր աշխատանքում որոշակի փոփոխությունների առաջարկներ։ Ուսումնասիրելով շուրջ 100 պատգամավորի «Հետք»-ի հարցման պատասխան, ակնհայտ դարձավ, որ քաղաքացիների առաջարկներից հետո օրենսդրական նախաձեռնություն հեղինակ է դարձել 30 հոգի: Գրավոր հարցմամբ դիմել ենք ԱԺ բոլոր պատգամավորներին՝ խնդրելով տեղեկացնել, թե քա՞նի անգամ են քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, գրավոր ի՞նչ առաջարկներ են ստացել, որքանո՞վ են այդ առաջարկները նպաստել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն և այլն։

ԱԺ ղեկավար կազմից հարցմանը չեն պատասխանել ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, վերջինս հայտնել է միայն, որ ընդունելություն է կազմակերպելու արձակուրդների ընթացքում: Չեն պատասխանել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ու նույնանուն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը(Թանդիլյանը իր պատասխանը փոխանցել է խմբակցությանը, ինչպես նաև հրապարակել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում): Ընդգծենք, սակայն, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից ստացված նամակում ամփոփված էր խմբակցության հեղինակած նախագծերը և ընդունելությունների ընդհանուր թիվը:

Տեղեկացնենք, որ ռեյտինգային (վարկանիշային) ընտրակարգով ընտրված պատգամավորները սովորաբար քաղաքացիների ընդունելություն են կազմակերպում հենց այն վարչական տարածքում, որտեղից ընտրվել են։ Օրինակ՝ եթե պատգամավորն ընտրվել է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից, վերջինս կարող է դիմել վերոնշյալ որևէ վարչական շրջան, և վարչական շրջանի տրամադրած տարածքում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն։

Ընդունելություն կազմակերպվում է նաև խորհրդարանում, խորհրդարանի յուրաքանչյուր հանձնաժողով ընդունելության իր օրն ունի։

Ուսումնասիրելով պատգամավորների պատասխանները՝ հասկացանք, որ նույնիսկ հեղափոխությունից հետո քաղաքացիների նամակներն՝ ուղղված գործադիր մարմնին, կամ անպատասխան են մնում, կամ էլ լուծում չեն ստանում, ինչն էլ պատճառ է դառնում նույն խնդրով պատգամավորներին դիմելու, երբեմն էլ՝ նույն հարցով բոլոր պատգամավորներին: Այդ մասին են վկայում պատգամավորների պատասխաններն այն մասին, որ շատ դեպքերում պարզապես քաղաքացի-գործադիր մարմին օղակ են հանդիսանում, քանի որ հարցն իրենց լիազորությունների շրջանակում չէ, բայց այն ուղղում են համապատասխան գերատեսչությանը՝ պատասխանի մասին տեղեկացնելով քաղաքացուն:

Ուշագրավ էր, որ պատասխանների առյուծի բաժինը հասնում էր պատգամավորներից ֆինանսական աջակցություն խնդրելուն: Պատգամավորներից շատերն էլ այնպիսի ընդհանրական պատասխան էին տվել, որ թվում էր՝ պատասխանել են միայն պատասխանելու համար, և հասկանալի չէ՝ այդ պատգամավորները քաղաքացիների ընդունելություն կազմակերպե՞լ են, թե պարզապես գրել են, որ քաղաքացիները դիմել են սոցիալական խնդիրներով:

Հուլիսի 4-ից 8-ը պատգամավորներին ուղարկած մեր հարցումներից անմիջապես հետո թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Իմ քայլը» նոր նախաձեռնություն սկսեցին: «Լուսավոր Հայաստանը» հուլիսի 16-ից սկսեց «Սուրճը՝ ձեզնից, քաղցրավենիքը՝ մեզնից» նախաձեռնությունը, որի էությունն այն է, որ քաղաքացիները հաղորդագրության միջոցով հրավիրում են պատգամավորներին իրենց բնակարան, վերջիններս էլ հյուրընկալվում են:  «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ էլ օգոստոսի սկզբից սկսեցին այցելել մարզեր: Կուսակցության ֆեյսբուքյան էջում նախապես հայտարարություններ էին տեղադրվում, թե որ օրը պատգամավորների խումբը որտեղ է լինելու:

Այժմ անդրադառնանք պատասխաններին, դրանք ներկայացվում են մշակված, մենք չենք հրապարակում նամակները, քանի որ որոշ պատգամավորներ մանրամասն ներկայացրել են քաղաքացիների խնդիրները՝ ներառելով նաև անձնական տվյալներ՝ պայմանով, որ դրանք չեն հրապարակվելու:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակից հայտնել են, որ իրականացրել է 30 ընդունելություն՝ 143 քաղաքացիների մասնակցությամբ: Խորհրդարանի խոսնակին ամենաշատը դիմել են սոցիալական ապահովության խնդիրներով՝ նպաստներ, աշխատանքային ստաժի հաշվարկում, կենսաթոշակի նշանակում, դրամական ավանդների փոխհատուցում և այլն:

ԱԺ նախագահի ստացած առաջարկների արդյունքում այժմ ուսումնասիրվող հարցերից է բավարար փաստաթղթերով հիմնավորված չլինելով աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրը: Քաղաքացիների դիմումների հիման վրա ԱԺ նախագահի գրասենյակը նախաձեռնել է թոշակի տարիքի հասած անձանց զբաղվածության և հասարակական ակտիվության խթանման մասով միջազգային փորձի ուսումնասիրություն՝ գործադիրին համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար: ԱԺ նախագահի գրասենյակից հայտնել են նաև, որ շուրջ 3 տասնյակ քաղաքացու իրավախորհրդատվություն են տրամադրել:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ  նստաշրջանի ընթացքում 44 գրություն վերահասցեագրել է տարբեր մարմիններ՝ Կառավարություն, Երևանի քաղաքապետարան, մարզպետարաններ, Անշարժ գույքի կադաստրի կոմիտե, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, վերջին 2 դեպքով ուղարկված գրությունները լուծում են ստացել:

ԱԺ փոխխոսնակը նաև հայտնել է, որ մի շարք քաղաքացիների է ընդունել տարբեր խնդիրներով, օրինակ՝ ապրանք ներմուծող քաղաքացիների հետ հանդիպել է ապրանքների մաքսազերծման գործող ընթացակարգերի ու սակագների հարցով, «Աշտարակ կաթ» ընկերության գործողություններից բողոքող քաղաքացիների հետ՝ ընկերության սնանկության հետևանքով քաղաքացիների գույքի վրա արգելանք դնելու հարցով:

Ներկայացնենք պատգամավորների պատասխաններն՝ ըստ հանձնաժողովների:

 

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովն ունի 12 անդամ, նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Վերջինս մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ հանձնաժողովը երկրորդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների 4 ընդունելություն է կազմակերպել` լսելով 44 քաղաքացու: Նույն ժամանակահատվածում հանձնաժողովը ստացել է 55 գրավոր դիմում, որոնց համապատասխան պատասխաններ են տրվել։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը, ըստ սահմանված ժամանակացույցի, մեկ անգամ է հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության մասնակցել: Պատգամավորը հայտնել է, որ քաղաքացիների նամակներից 11-ին տրվել է պատասխան, 6-ի դեպքում հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն իր նամակով հայտնել է, որ գրավոր դիմումներ ու առաջարկներ քիչ է ստացել, դրանք հիմնականում եղել են հանդիպումների ընթացքում կամ հեռախոսազանգերի միջոցով: Պատգամավորին գրավոր դիմած երկու քաղաքացու խնդրով զբաղվում են իրավապահները: Պատգամավորը քաղաքացուն պարզաբանումներ է տվել որդեգրման ընթացակարգի,  դեղերի բաշխման գործընթացի և ոլորտային այլ հարցերի մասին: Արման Բոշյանը հայտնել է նաև, որ ոչ ոլորտային հարցերով, օրինակ՝ տաքսի ծառայությունների ներկայացուցիչներին ուղղորդել է Տնտեսական հարցերի հանձնաժողով:

Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված, նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպումները հիմնականում իր ընտրատարածքում է անցկացնում:

Պատգամավորն իրեն դիմած քաղաքացիների առաջարկների վիճակագրություն չի ներկայացրել, միայն գրել է, որ ամենատարբեր խնդիրներով են իրեն դիմել, և եթե քաղաքացին դիմում է իր լիազորություններից դուրս հարցի վերաբերյալ, պատգամավորն ուղղորդում է համապատասխան գերատեսչություն:

Հանձնաժողովի ԲՀԿ-ական ներկայացուցիչ, Կոտայքի մարզից ընտրված պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հանդիպումների կամ դիմում-նամակների վիճակագրություն չի ներկայացրել, միայն պատասխանել է, որ քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել:

Պատգամավորն հայտնել է, որ իրեն հիմնականում դիմել են սոցիալական բնույթի հարցերով:

Հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն արդեն 1 անգամ քաղաքացիների ընդունելության է մասնակցել հանձնաժողովում, 4 անգամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ է ընդունելության մասնակցել խորհրդարանի ընդունարանում: Հանդիպումներ է ունեցել նաև Տավուշի մարզի տարբեր համայնքներ կատարած այցերի ընթացքում: Քաղաքացիները պատգամավորին դիմել են հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներով՝ նպաստներ, ցածր աշխատավարձ, ավանդների վերադարձ:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Հրաչյա Հակոբյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը («Իմ քայլը»), Կարինե Պողոսյանը՝ ԲՀԿ և Սրբուհի Գրիգորյանը՝ ԼՀԿ:

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն այնպիսի ընդհանրական պատասխան է ուղարկել, որից հասկանալի չէ, թե ինչ խնդիրներով են քաղաքացիներն իրեն դիմել կամ առհասարակ դիմել են, թե ոչ: Ռուբինյանը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանի մի շարք քաղաքացիների հետ է հանդիպել, ովքեր դիմել են իրեն անձնական հարցերով: Ռուբինյանը «Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում ևս հանդիպում է ունեցել քաղաքացիների հետ Եղեգնաձոր քաղաքում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը քաղաքացիների հետ հանդիպել է խորհրդարանի ընդունելությունների սենյակում:

Այն խնդիրները, որոնք չեն վերաբերել իր հանձնաժողովին, պատգամավորը փոխանցել է այլ հանձնաժողով, օրինակ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ոչ պատշաճ պայմանների հարցով քաղաքացու բողոքը՝ Մարդու իրավունքների հանձնաժողով: Պատգամավորը հանդիպել է «Արևմտահայերի ազգային համագումարի» մի խումբ անդամների հետ, ովքեր փոխանցել են պատմական փաստաթղթերից քաղվածքներ և ԼՂ խնդրին ու հայկական հարցին առնչվող իրենց վերլուծությունները՝ հորդորելով միջազգային ատյաններում այդ հարցերը ներկայացնելիս հաշվի առնել իրենց տրամադրած վերլուծությունները:

Նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը 2 նստաշրջանի ընթացքում 3 անգամ է Արարատի մարզի տարբեր համայնքներում քաղաքացների հետ հանդիպում անցկացրել, որից մեկը՝ «Քաղաքացու օր» միջոցառման շրջանակում:

Պատգամավորը նաև հայտնել է, որ 6 ամսվա աշխատանքային գործունության ընթացքում իրեն ամենօրյա ռեժիմով մի շարք քաղաքացիներ բանավոր դիմել են իրենց խնդիրներով: Դիմումները տարբեր են եղել՝ ընդհուպ մինչև պատգամավորական գործունեության հետ կապ չունեցող հարցեր, օրինակ՝ ֆեյսբուքյան էջի գովազդում, մեքենայի վաճառք և այլն: Պատգամավորին ներկայացրած հիմնական խնդիրը «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների աշխատանքային իրավունքներին է վերաբերել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների 2 ընդունելություն է կազմակերպել, այդ շրջանում տարբեր խնդիրներով պատգամավորին դիմել է 20 քաղաքացի:

«Իմ ստացած դիմում-բողոքներից պարզ է դառնում, որ շատ ներդրողներ ու գործարարներ պատգամավորին դիտարկում են կապող օղակ Կառավարության հետ, և իմ լիազորությունների շրջանակում փորձել եմ լինել այդ կապող օղակը 3 գործարարների համար, մեկ դեպքում իմ միջամտության արդյունքում մեկնարկել է մեկ ներդրումային ծրագիր»,- գրել է Անուշ Բեղլոյանը: Աղբահանության և ծառահատման վերաբերյալ քաղաքացու խնդրով դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ստանալով անհրաժեշտ պարզաբանում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը քաղաքացիների հետ հանդիպումների հստակ թիվ չի նշել, միայն գրել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որի ժամանակ քաղաքացիների բարձրաձայնած հարցերին «փորձել է ականջալուր դարձնել պետական կառավարման պատկան մարմիններին»:

Պատգամավորը հայտնել է, որ բարձրացված հարցերի շրջանակը բավական ծավալուն է՝ ջրամատակարարումից և վերելակների օգտագործումից ընդհուպ մինչև զինվորական ծառայություն: Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ մինչ սեպտեմբեր պատրաստվում է այցելել գյուղեր և թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ՝ տեղում  ծանոթանալու քաղաքացիների խնդիրներին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում 10 դիմում է ստացել: Պատգամավորը բողոքներ է ստացել դատական համակարգի վերաբերյալ: 

«Չեմ ստացել քաղաքացիների ընդունելության դիմումներ, հետևաբար ընդունելություն չեմ անցկացրել»: Պատգամավորը հայտնել է, որ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ մի շարք աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել դիվանագետների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նույն խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների 3 ընդունելություն է կազմակերպել՝ երկուսը խորհրդարանում, երրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Քաղաքացիները հիմնականում սոցիալական խնդիրներով են դիմել, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությանն առնչվող հարցերով: Պատգամավորը գրավոր 2 դիմում է ստացել, խնդիրներն ուսումնասիրվել են. մեկը լուծվել է, մյուսն առկախված է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Շիրակ Թորոսյանը քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ ՀԿ-ի գրասենյակում: Պատգամավորին իրենց խնդիրներով ամենաշատը դիմել են ջավախահայերը: Առողջապահական հաստատություններում պետական պատվերով բուժսպասարկում անցնելու խնդրանքով Շիրակ Թորոսյանին է դիմել սոցիալապես անապահով 43 ջավախքցի: Առողջապահության նախարարությանն ուղղված իր միջնորդագրերի արդյունքում դրանցից 36-ի հարցը դրականորեն լուծվել է:

«Քաղաքացիների կողմից նախկինում և ընթացիկ ժամանակահատվածում արված առաջարկների և դիմումների հիման վրա ինձ մոտ ուրվագծվել են 2-3 օրենսդրական նախաձեռնություններ կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում, որոնք քննարկման փուլում են և վերջնական հստակեցումից հետո, առաջիկայում՝ հավանաբար աշնանը, հանդես կգամ օրենսդրական նախաձեռնություններով»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեր հարցմանն ի պատասխան ամփոփել է երկու նստաշրջաններում կատարած իր աշխատանքը: Այդ ընթացքում պատգամավորը համահեղինակել է 4 նախագիծ: Քաղաքացիներից ստացել է 36 նամակ. 12 նամակ ընթացք է ստացել՝ վերահասցեագրվելով այլ գերատեսչությունների:

Քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները, պատգամավորի հայտնելով, բազմազան են եղել՝ բնակարանի առգրավում, կենդանիների պաշտպանություն, կինոարտադրության խնդիրներ, պետական աշխատողների մրցույթի արդյունքում ոչ կոմպետենտ մրցակցի պաշտոնավարում, զինծառայողների առողջական խնդիրներ, աշխատանքային իրավունքների ոտնահարում և այլն:

Նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ քաղաքացիների հետ իր հանդիպումները տեղի են ունենում «մշտական ռեժիմով»: Քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում էլ ձևավորվում է իր հեղինակած նախաձեռնությունների մեծ մասը:

Պատգամավորը, որպես օրինակ, նշել է «Կրթության մասին» օրենքում և «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու իր հեղինակած նախագծերը, որոնք արդեն ընդունվել են:

Այս հանձնաժողովից չեն պատասխանել Արման Բաբաջանյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն և Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցություն:

 

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է: Վերջինս հայտնել է, որ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հանձնաժողովն ընդունելություններ է կազմակերպում:

Երկրորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը կազմակերպել է 4 ընդունելություն, որոնց մասնակցել է 19 քաղաքացի: Մշակույթի մի շարք գործիչներ դիմել են պատգամավորին՝ «Գնումների մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու համար: Խնդիրն ուսումնասիրելուց հետո պատգամավորի առաջակությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է «Գնումների մասին» օրենքում օրենսդրական հնարավոր փոփոխությունների քննարկմամբ: Հայրապետյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունները ևս ընդգրկվել են քննարկվող նյութերում։ Հանձնաժողովը կինոգործիչների հետ նախաձեռնել են խորհրդարանական լսումներ, ինչի արդյունքում որոշվել է առաջիկայում համատեղ ուժերով մշակել և ԱԺ քննարկմանը ներկայացնել «Կինոյի մասին» օրենքի նախագիծ, քանի որ նման օրենք չկա ՀՀ օրենսդրությունում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնել է, որ մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են Կրթության ազգային ինստիտուտի, ուսանողական վարձերի փոխհատուցման, աշխատանքային պայմանների, մաքսային ծառայության, դպրոցներում տնօրենների ընտրությունների վերաբերյալ հարցեր:

Դիմել են նաև Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանի մի խումբ գիտաշխատողներ, պնդելով, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում: Այս հարցով  հանձնաժողովը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ապահովել գործի անաչառ քննություն: Կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննիսյանը քաղաքացիների դիմումների հիման վրա նախաձեռնել է 2 օրենսդրական նախագիծ: Մեկը համահեղինակել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» նախագիծը՝ առաջարկելով մերսման սրահներն ընդգրկել սահմանափակման ենթակա գործունեություն ծավալող օբյեկտների շարքում: Հովհաննիսյանը նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ նախաձեռնել է փոփոխություններ «Աշխատանքային օրենսգրքում»՝ խնդիր դնելով ապահովելու աշխատաշուկայում ուսանողների նեգրավվածությունը մասնագիտական ոլորտում: Ուսումն ավարտած անձն իր մասնագիտությամբ դիմում է օրինակ որևէ ՀԿ, գրանցվում որպես փորձնակ, որպեսզի ձեռք բերի մասնագիտական հմտություններ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն, ըստ էության, մինչ մեր հարցմանը պատասխանելը քաղաքացիների ընդունելություն չի իրականացրել՝ հայտնել է, որ մտադիր է ընդունելություն իրականացնել հուլիսին:

Պատգամավորը նաև պատասխանել է, որ բազմաթիվ առիթներով հանդիպել է տարբեր հասարակական կազմակեպությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկել տարբեր հարցեր, ինչպես նաև որոշ դեպքերում հաղորդակցվել է հեռախոսակապի կամ մեսենջերների միջոցով: Այդ հանդիպումներից էլ ծնվել են ԱԺ նիստերում և հանձնաժողովներում հնչեցված իր ելույթներն ու հարցադրումները: Պատգամավորն իր գործունեության արդյունք է համարում ոստիկանության Վիզաների և անձնագրային վարչության տարածքային ստորաբաժանումներում պատճենահանող սարքերի տեղադրումն ու քաղաքացիներին այդ ծառայության անվճար մատուցումը:

Նույն խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ հանդիպումներ է կազմակերպել մասնագիտական հանրույթների ներկայացուցիչների հետ՝ լսելու և քննարկելու նրանց պատկերացումները իր ղեկավարած Մեդիա ենթահանձնաժողովի ոլորտային ճյուղերի իրավական կարգավորումների մասին (գրահրատարակչություն, կինո, լրատվամիջոցներ):

Ըստ այդմ՝ այս պահին աշխատանքային ակտիվ տիրույթում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Կինոյի մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենքները և օրենսդրական փոփոխությունները:

Նույն խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ չնայած ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր է, սակայն ինչպես ինքն է հայտնել, քաղաքացիների հետ հանդիպել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Պատգամավորը քաղաքացիների հետ մարզերում հանդիպել է յուրաքանչյուր շաբաթ-կիրակի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ աշխատանքային օրերին: Երևանում առնվազն 150 հանդիպում է ունեցել: Այցելել է զինվորական ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի փաստաբանի ներկայացրած իրավիճակին ծանոթանալու համար:

«Իմ քալլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը երկու անգամ Կոտայքի մարզպետարանում կազմակերպել է քաղաքացիների ընդունելություն՝ Հրազդանի, Չարենցավանի, Եղվարդի հարակից գյուղերի բնակիչների հետ: Մեկ հանդիպում էլ ամբողջությամբ նվիրված է եղել Հրազդանի ցեմենտի գործարանի խնդիրներին: Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքացիների ընդունելություն լինում է նաև ոչ նշանակված օրերին: 

Պատգամավորի հաղորդմամբ՝ քաղաքացիների հարցերը դժվար է դասակարգել, դրանք վերաբերում են սեփականության իրավունքի ոտնահարմանը, հիվանդության կարգի վերականգնմանը, աշխատանքից հեռացումներին:

«Քաղաքացիներից որպես առաջարկ ստացել եմ և աշնանը հանդես կգամ նախաձեռնություններով՝ ԿԱՊԿՈՒ երեխաների (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) և նրանց ծնողների իրավունքների, գյուղատնտեսական ապահովագրման վերաբերյալ»:

Նույն հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ստացել է 15 գրավոր դիմում:

«Քաղաքացիների կողմից օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված առաջարկություններ չեն եղել և համապատասխանաբար իմ կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները չեն եղել քաղաքացիների առաջարկների հիման վրա»,- հայտնել է Ի. Տոնոյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Գյումրիում գործող իր գրասենյակը 6-օրյա ռեժիմով աշխատում է, շաբաթ օրերին ինքն է ընդունում քաղաքացիներին:

Պատգամավորն ուղարկել է նաև քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներով տարբեր գերատեսչություններ դիմած իր գրություններն ու իր ստացած պատասխանները: Օրինակ՝ Արփի խոշորացված համայնքի բնակիչների՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցի վերանորոգման հարցով պատգամավորը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: Նախարարը պատասխանել է, որ քննարկումներ են ընթանում ֆինանսական աղբյուրների որոնման համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Աննա Կոստանյանը հայտնել է, որ խորհրդարանի ընդունարանում խմբակցության անունից կազմակերպել է մեկ հանդիպում, որի ժամանակ առանձնազրույց է ունեցել 4 քաղաքացու հետ:

Պատգամավորը մեկ տասնյակից ավելի օրինակներ է բերել, թե ինչ խնդիրներով են իրեն դիմել: Պատգամավորին դիմել են ասորական համայնքից՝ ազգային փոքրամասնությունների պետական նպատակային ձուլման մտահոգությամբ, «Արմօյլ ՓԲԸ» նավթավերամշակման գործարանի խնդրով, ԵՊՀ ուսանողներից նամակ-խնդրագիր՝ 3-րդ վերահանձման շրջան անցկացնելու թույլտվությամբ և այլ հարցեր:

«Պատգամավորական վեցամսյա գործունեության ընթացքում նախաձեռնել եմ մեկ խորհրդարանական լսումներ «Կինոյի օրենքի» հնարավոր բարեփոխումների և մեկ աշխատանքային քննարկում Արագածի գիտական կենտրոնի՝ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի մոտեցումների, ձեռքբերումների և ռադիոդիտակի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ»:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Կնյազ Հասանովը, Արսեն Ջուլֆալակյանը («Իմ քայլը») և Հարություն Բաբայանը` «Լուսավոր Հայաստան»:

 

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների 4 ընդունելություն է կազմակերպել, ինչպես նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ՝ մի խումբ քաղաքացիների հետ: Պատգամավորն առանձնացրել է ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների խնդիրներին վերաբերող հարցերը, որոնցով դիմել են իրեն և զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների հանդիպումները: Վերջիններս բարձրաձայնել են ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպանատների և վիզաներ տրամադրող կազմակերպությունների վիզաների տրամադրման գործընթացի բացթողումների մասին:

Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը շուրջ 40 դիմում-նամակ է ստացել, որից 4-ը՝ դատապարտյալներից, 2-ը՝ Ադրբեջանից բռնագաղթած փախստականներից, 5-ը՝ սեփականության իրավունքի խախտման դեպքերով, 2-ը՝ օրենսդրական առաջարկություններ են եղել, որոնց շուրջ քննարկումները մեկնարկել են շահագրգիռ կողմերի հետ, մնացածը սոցիալական աջակցությանն են վերաբերել:

Աբրահամյանը նաև կարծիք է հայտնել, որ քաղաքացիների շրջանում խորհրդարանի դերի ու գործառույթների վերաբերյալ ընկալումները էականորեն խեղաթյուրված են, և շատերը պատգամավորներից ակնկալում են ֆինանսական աջակցություն, խիստ անձնական, սոցիալական հարցերի լուծման միջնորդություն:

Ռեյտինգային ընտրակարգով ընտրված, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հիմնել է պատգամավորական գրասենյակ: 

Պատգամավորը հայտնել է, որ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների մի մասը ներկայացրել է ելույթների և հարցադրումների տեսքով: Հարցերը վերաբերել են դատաիրավական համակարգին, գյուղատնտեսության ոլորտում աշխատող անձանց աշխատանքային ստաժի հստակեցմանը, հեղինակային իրավունքի պաշտպանության, գազի կալորիականության և այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և այլ հարցերի:

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ իր նախաձեռնած ընդունելություններին մասնակցել է 80 քաղաքացի:

Պատգամավորը շուրջ 60 նամակ է ստացել, որոնցում ներկայացված խնդիրները հիմնականում վերաբերել են սոցիալական, առողջապահական, բանկային, քաղաքաշինական և այլ ոլորտների: Կոնջորյանը նկատել է նաև, որ նամակների զգալի մասը պատգամավորական լիազորություններից դուրս է, օրինակ՝ վիրահատության համար անհրաժեշտ գումարի տրամադրում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների հետ ունեցել է 7 հանդիպում: Բարձրացված հարցերն առնչվել են համայնքային բյուջեի ենթադրյալ ոչ արդյունավետ ծախսերին, քաղաքային տրանսպորտի ոչ պատշաճ վիճակին, «Աշխատանքային օրենսգրքում» առկա բացերին:

Պատգամավորը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչներից ստացել է նամակ, որ համայնքային բյուջեն արդյունավետ չի ծախսվել, ինչից հետո դիմել է վերահսկողական ծառայություն:

Նույն հանձնաժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը մանդատը ստանալուց հետո Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գրասենյակ է բացել:

Դիմումները հիմնականում սոցիալական բնույթի են եղել և աշխատատեղով ապահովելու խնդրանքներ պարունակող: «Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շնորհիվ՝ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» իմ համահեղինակությամբ իրականացրել ենք փոփոխություններ, ինչպես նաև կան մի շարք օրենքների նախագծեր, որոնք առաջիկայում  կընդգրկվեն լիագումար նիստերի օրակարգում»:

Այս հանձնաժողովից մեզ չեն պատասխանել Կարեն Սիմոնյանը՝ ԼՀԿ, Դավիթ Մանուկյանը՝ ԲՀԿ և Կորյուն Մկրտչյանը՝ «Իմ քայլը»:

 

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է: Վերջինս հայտնել է, որ շաբաթվա կտրվածքով, միջինացված տվյալներով, ստացել է 70 և ավելի նամակ:

Քաղաքացիների հիմնական խնդիրները վերաբերել են դատաիրավական համակարգին, խախտված իրավունքներին, հանքերի շահագործման արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներին, հոգեբուժարաններում և այլ հատուկ հաստատություններում  ունեցած բողոքներին:

«Ինձ ուղղված հարցադրումների գերակշիռ մեծամասնությունը վերաբերել են քրեակատարողական հիմնարկներին, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման և պրոբացիոն հանձնաժողովի խնդիրներին, կալանավորների և դատապարտյալների պահման պայմաններին»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն է: Վերջինս հայտնել է, որ 6 հանդիպում է կազմակերպել ԼՀԿ գրասենյակում քաղաքացիների հետ, ինչպես նաև խորհրդարանում է մասնակցել հանդիպումներին թե՛ հանձնաժողովի կազմում, թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում:

Պատգամավորի հաղորդմամբ՝ հանդիպումներից և դիմումներից պարզ է դառնում, որ քաղաքացիները դիմում են զանազան թեմաներով՝ սեփականության իրավունքի հարցերից մինչև առողջական խնդիրներ և մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր: 

«Քաղաքացիների հետ համատեղ հանդիպումից հետո ես և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը առաջարկեցինք «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ լրացում և կատարել: Քաղաքացիների հանդիպման արդյունքում նախատեսում եմ առաջարկներ ներկայացնել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» և «ՀՀ պրոբացիայի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,- հայտնել է Անի Սամսոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության ազգութամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ մանդատը ստանձնելուց հետո մինչ հուլիսի մեկը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի եզդիաբնակ համայնքների բնակիչների հետ:

Խորհրդարանում ընդունել է շուրջ 3 տասնյակ քաղաքացու, որոնց բարձրացրած խնդիրների մի մասը տեղում լուծվել են, մյուսների հարցով դիմել է պատկան մարմիններին:

Ռեյտինգային ընտրակարգով ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում 28 անգամ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել՝ հանդիպելով 100-ից ավելի քաղաքացիների հետ: 

Պատգամավորը հայտնել է նաև, որ նախապես չհայտարարված այցելություններ է ունեցել Գեղարքունիքի մարզ: Պատգամավորը հայտնել է, որ պատգամավորական գործունեության սկզբում մեծ թիվ են կազմել աշխատանքի տեղավորման, ֆինանսական օգնության տրամադրման խնդրանքները, սակայն մերժելուց հետո նման նամակների քանակը զգալիորեն կրճատվել է: Պատգամավորը համակարգել է քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները՝ նշելով, որ դրանք տարբեր ոլորտների են վերաբերում, ինչպես՝ սոցիալական նպաստների տրամադրմանը, բանկերին և վարկային կազմակերպություններին վերաբերող, այնպես էլ՝ բնակարանի սեփականությանը: Յուրաքանչյուր դեպքով պատգամավորը քայլեր է ձեռնարկել, ինչի արդյունքում օրինակ՝ ոստիկանության ՊՊԾ Մարտունու կառույցի աշխատակիցները իր միջամտությունից հետո ստացել են 2 ամսվա ուշացած աշխատավարձ կամ Վարդենիսի տարածաշրջանի ատամնաբույժների չվճարված աշխատավարձի հարցն է լուծվել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ քաղաքացիներն իրեն դիմել են բազմաթիվ հարցերով՝ սոցիալական խնդիրներ, դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապ հաստատելու խնդրանքով: Գրավոր դիմումներին սահմանված կարգով տրվել են պատասխաններ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են հանդիպումներ քաղաքացիների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իրեն դիմած շուրջ 42 քաղաքացու խնդիրները, ինչպես նաև իր ձեռնարկած կամ չձեռնարկած քայլերը համակարգել է և ուղարկել հարցման պատասխանում:

Մարիա Կարապետյանին դիմել են բնակարանի սեփականության իրավունքի, դատապարտյալների պահման պայմանների, հաշմանդամության կարգի և այլ խնդիրներով: Պատգամավորը բոլոր դեպքերում հայտնել է, թե ինչպես է պատասխանել դիմումներին, օրինակ՝ դատապարտյալի խնդրով այցելել է քրեակատարողական հիմնարկ և հանդիպել թե՛ դատապարտյալին, թե՛ ՔԿՀ պետին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է 17 քաղաքացու: Պատգամավորի հայտնելով՝ իրեն դիմել են տարբեր հարցերով՝ աշխատանքի տեղավորման, գործատուների կողմից աշխատանքային պայմանագրի խախտման, ՊԵԿ-ում աշխատանքի մրցույթի արդյունքների վերաբերյալ և այլն: Վերջին խնդրով Ղազարյանը և նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՊԵԿ նախագահին առաջարկել են, որ ՊԵԿ-ում թափուր տեղերի համար անցկացվող մրցույթները պարտադիր հեռարձակվեն, ինչպես նաև ողջամիտ ժամկետում մասնակիցների պահանջով տեսաձայնագրությունները տրամադրվեն վերջիններիս: ԶԼՄ ներկայացուցիչները ցանկության դեպքում կարող են ներկա լինել: 

Այս հանձնաժողովի մյուս իմ քայլական անդամ Արթուր Հովհաննիսյանին չենք դիմել, քանի որ վերջինս մանդատը ստանձնել է երկրորդ նստաշրջանի աշխատանքները վերջանալուց շուրջ մեկ ամիս առաջ՝ փոխարինելով մանդատից հրաժարված Նարինե Թուխիկյանին:

Ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ-ից ընտրված պատգամավոր Տիգրան Ստեփանյանը հայտնել է, որ իր պատգամավորական գործունեության հենց սկզբից՝ 2007 թվականից, Արարատի մարզում գործում է իր պատգամավորական գրասենյակը: Մարզի բնակիչների հետ գրասենյակում հանդիպում է շաբաթվա երեք օրը: 

Նույն հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հայտնել է, որ ամենատարբեր հարցերով իրեն 2-րդ նստաշրջանի ընթացքում դիմել են տասնյակ քաղաքացիներ:

Դիմումները մեծ մասամբ վերաբերել են ՔԿՀ-ներում դատապարտյալների պահման պայմաններին, ցմահ դատապարտյալների պահման ռեժիմին: Քաղաքացիների ընդունելության ժամանակ վարկային բրոքերի ինստիտուտ ձևավորելու առաջարկ է հնչել: Հարցը քննարկվել է ԿԲ մասնագետների հետ, և քննարկման փուլում է:

 

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է:

Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ հանձնաժողովը 7-րդ գումարման ընթացքում ստացել է 45 քաղաքացիների դիմում, որոնցից 37-ին պատասխան է տրվել, մյուսներն ուսումնասիրման փուլում են: Հանձնաժողովի նախագահը և փորձագետները ԱԺ նստավայրում մասնակցել են 29 քաղաքացիների ընդունելության, հանձնաժողովի նախագահն էլ 2 անգամ ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:

Ընտանիքի կազմում նախկին զինծառայող ունեցող քաղաքացիները հանձնաժողով են դիմել հիմնականում սոցիալական, թոշակների, ինչպես նաև բուժման հարցերով: Վերջիններիս հանձնաժողովը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել և ուղղորդել համապատասխան գերատեսչություններ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն է: Նա ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել, իր ընտրատարածքում էլ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ունի պատգամավորական գրասենյակ: Պատգամավորը դժվարացել է նշել ընդունելությունների թիվ, քանի որ յուրաքանչյուր շաբաթ 11:00-ից 14:00-ն ընդունելությունների ժամ է:

Հանձնաժողովի իմ քայլական անդամ Արմեն Խաչատրյանը խորհրդարանում ընդունել է 67 քաղաքացիների, որոնցից առնվազն 10-ը եղել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և ցանկություն են հայտնել իրենց դիրքորոշումը ներկայացնել ԱԺ-ում շրջանառության մեջ դրված տարբեր նախագծերի վերաբերյալ: 

«Էլեկտրոնային փոստով և «Mulberry» համակարգով ստացել եմ մոտ 17 դիմում, որոնցից 10 փաստացի լուծվել են, մնացածը դուրս են եղել պատգամավորական լիազորությունների շրջանականերից»: Պատգամավորին դիմած խնդիրների մեծ մասն աշխատանքից հեռացման հարցերն են կազմել, որոնց ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կամ իրենց կարգապահական խախտումների պատճառով են հեռացվել աշխատանքից, կամ համապատասխան հաստիք զբաղեցնելու համար ոչ բավարար տվյալներ ունենալու հետևանքով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ստացել է 47 քաղաքացիների դիմումներ: Ռեյտինգային ընտրակարգով ընտրված Կարապետյանին քաղաքացիները դիմել են թե՛ Սյունիքի մարզին վերաբերող խնդիրներով, թե՛ անձնական խնդիրներով: Քաղաքացիների հետ հանդիպումներ էլ կայացել են և՛ խորհրդարանում, և՛ Սյունիքում: 

Նույն խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը քաղաքացիներից 20-ից ավելի դիմումներ է ստացել, որոնց բոլորին ընթացք է տվել։ Քաղաքացիները տարբեր խնդիրներով են դիմել՝ առողջական խնդիրներ, ուսման վարձի փոխհատուցման խնդրանք, և շատ դեպքերում այնպիսի խնդիրներով, որոնց միջամտելը դուրս է պատգամավորի իրավասություններից։ Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունից բողոքող քաղաքացիների դիմումներից հետո Սիփան Փաշինյանը պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Նաիրա Զոհրաբյանի հետ համահեղինակել է «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Ռեյտինգային ընտրակարգով ընտրված Փաշինյանը նաև այցելել է Տավուշի մարզի մի շարք համայնքներ։

Պատգամավորը հայտնել է, որ լուծել է նաև այնպիսի հարցեր, որոնք դուրս են պատգամավորի լիազորությունների շրջանակից։ Դիմել է մի շարք հայազգի գործարարների՝ Իջևանում ներդրումների խնդրանքով, օրինակ՝ սեպտեմբերին Իջևանում կարի արտադրամաս է բացվելու, ատրակցիոն զվարճանքների կենտրոն և այլն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը երկրորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանում և կուսակցության գրասենյակում ընդունել է 90-ից ավելի քաղաքացու։ Պատգամավորը հայտնել է, որ քաղաքացիները դժգոհել են դատարաններից, ՊԵԿ աշխատանքից, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի թերություններից։ 

Պատգամավորը որպես իր համահեղինակած և արդեն իսկ ընդունված նախագիծ է ներկայացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենսդրական նախաձեռնությունում փոփոխություններ կատարելը:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Սասուն Միքայելյանը, Արեն Մկրտչյանը, Քրիստինե Պողոսյանը, Ռուբիկ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում է նաև իր գործունեությունը ծավալում 2016 թվականի ապրիլի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Շարունակելի

Թե ինչպես են քաղաքացիների հետ աշխատել 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները, այդ մասին՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter