HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝  Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Գործով մյուս մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնեն, որ այս օգոստոսի 25-ին Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝  1976 թվականին ծնված Համբարձում Առաքելյանը և 1960 թվականին ծնված Սահակ Սահակյանը: Համբարձում Առաքելյանը մահացել է:

Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գևորգ Հովհաննիսյանին՝  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2րդ մասով՝ այսինքն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, ապօրինի զենք կրելը և գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Հովհաննիսյանին կալանավորելու միջնորդությունը Քննչական կոմիտեն ներկայացրել էր երեկ՝ օգոստոսի 28-ին:

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող անձը, ում կալանավորելու միջնորդությունը բավարարվել է, որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter