HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հետքի» մեկ տարին լուսանկարներով

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում բացված ««Հետք»-ի մեկ տարին լուսանկարներով» ցուցահանդեսի այցելուները խոստովանում էին, որ առաջին անգամ են լուսանկարներում տեսնում Հայաստանում անօթեւան, լքված եւ խաբված մարդկանց իրական դեմքեր:

«Մարդիկ շատ են խոսում աղքատության կրճատման, ներդրումների, ժողովրդավարության մասին, բայց իրականում Հայաստանում կան սոցիալական խմբեր, ընտանիքներ եւ մարդիկ, որոնց կյանքում աղքատությունը տարիների ընթացքում ավելի է խորանում: Այս լուսանկարները դրա վկայություն են»,-ասում է հավաքածուի հեղինակ, ֆոտոլրագրող Օնիկ Գրիգորյանը:

Լուսանկարներում պատկերված մարդկանց մասին պատմությունները վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակվել են «Հետք»-ում: Լուսանկարները եւ հոդվածաշարերը հիմնականում անօթեւանների, ազգային փոքրամասնությունների, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդկանց մասին են: Նրանց մեծամասնությունն ապրում է մարզերում: Օնիկի կարծիքով' միշտ հետաքրքիր է գնալ գյուղեր. այնտեղ շատ հետաքրքիր մարդիկ եւ պատմություններ կան: «Ես շարունակելու եմ աշխատել այս թեմաների շուրջ: Հիմա նաեւ հետաքրքրված եմ բնապահպանության եւ երիտասարդության հարցերով»:

Նման ցուցահանդես կազմակերպվում է երկրորդ անգամ: «Ցավոք, նախկին փորձը ցույց է տալիս, որ ցուցահանդեսներից հետո շատ բան չի փոխվում այս մարդկանց կյանքում: Որպես բացառիկ օրինակ ասեմ, որ անցած տարի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության աջակցությամբ բացվեց կացարան անօթեւանների համար: Հիմնականում մարդիկ անտարբեր են»,- ասում է Օնիկը:

«Ես չգիտեի, որ Հայաստանում այսպիսի մարդիկ կան, հիմա կարողանում եմ պատկերացնել' որքան դժվար է նրանց համար, տեսնում եմ, թե ինչ պայմաններում են ապրում: Տեսնում եմ, որ նրանք խաբված են, հիասթափված, լքված ու մոռացված, բայց այդպես չպետք է լինի»,-ասում է 7-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինե Խաչատրյանը:

«Ես հավանեցի այս նկարները, որովհետեւ նրանք տարբեր են սովորաբար Հայաստանի մասին պատմող լուսանկարներից' գեղեցիկ սարեր ու եկեղեցիներ: Այստեղ ես տեսնում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք իրական օգնության եւ կարեկցանքի կարիք ունեն»,-ասում է ֆոտոլրագրող Մարկ Բագուելինը:

«Այս լուսանկարներում պատկերված մարդկանց պատմությունները կարդացել եմ եւ որոշ չափով տեղյակ էի: Բայց այսօր ինձ համար հետաքրքիր էր տեսնել բոլորը միասին եւ որոշակի համայնապատկեր ստեղծել մտքումս: Որպես հավաքածու շատ եմ գնահատում, լուրջ ու հետաքրքիր աշխատանք է արվել»,- ասում է այցելու Ալեքս Սարդարը:

«Նկարներն իրենց մեջ բավականին մեծ ուժ ունեն' փոխելու մարդկանց կարծիքը եւ վերաբերմունքն անօթեւան եւ կարիքի մեջ գտնվող մարդկանց մասին: Ես աշխատում եմ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, այնպես որ որոշ չափով տեղյակ եմ, բայց ընդհանուր առմամբ մարդիկ չեն պատկերացնում, որ կան այսպիսի մարդիկ»,-ասում է ցուցահանդեսի այցելու Արփինե Գրիգորյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Այն բաց կլինի մինչեւ հուլիսի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter