HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Խալն առանց հետազոտելու հեռացնելուց հետո կինը չարորակ գոյացության պատճառով մահացել է. որդին մեղադրում է բժշկին

Արման Փեթաքչյանի 60-ամյա մայրը՝ Սվետլանա Փեթաքչյանը, մահացել է խալի վիրահատությունից մոտ մեկ տարի անց։ Խալը հեռացնելուց հետո պարզվել է, որ առկա է մելանոմա՝ ուռուցք. վիրահատությամբ արմատապես չի հեռացվել գոյացությունը, մեկ տարվա ընթացքում այն տարածվել է ամբողջ օրգանիզմով։

2017-ի դեկտեմբերին Սվետլանան ոտքի ծնկային հատվածում եղած խալի վրա արյունոտ արտադրություն է նկատել, խորհրդատվության համար դիմել է Տաշիրի բժշկական կենտրոն, որպեսզի նաեւ մշակվի վերքը։ Հիվանդանոցի վիրաբույժ Արմենակ Սոլոյանը, տեսնելով խալը, մեկ ժամ հետո նշանակել է վիրահատություն։ Արման Փեթաքչյանը պնդում է, որ վիրահատությունից առաջ որեւէ հետազոտություն չի արվել, չի հավաքվել նաեւ հիվանդի մոտ առկա հիվանդությունների եւ խնդիրների մասին տեղեկատվություն, ինչպես նաև խալը չի զննվել մաշկաբանի կողմից։ Սվետլանա Փեթաքչյանը դեմ է եղել վիրահատությանը, սակայն բժիշկը պնդել է, որ ինքն ավելի լավ է հասկանում, ինչպես նաև տեղեկացրել է, որ խալ չէ , այլ` հեմատոմա (արյունահավաք)։ 

«Ասել է՝ երևի մի տեղ խփել ես, դրանից է եղել »,- ասում է Սվետլանայի որդին՝ Արման Փեթաքչյանը։ 

Վիրահատությունը կատարվել է տեղային անզգայացմամբ եւ նշտարիկով (լանցետ), վիրահատության ավարտին բժիշկն ասել է, որ պետք է օգտագործեր էլեկտրոնային նշտարիկ, քանի որ կասկածել է գոյացության առկայություն, թեեւ պնդել է, որ երեւում են առողջ հյուսվածքները և անհանգստանալու կարիք չկա։ Մեկ օր վերքը մշակել են հիվանդանոցում, հետո բժիշկը Սվետլանային ուղարկել է տուն։

«Կտրել է, թողել է մեջը, պետք է գոնե արյան անալիզ տար, պետք է ուղարկեր նաև խալի մասնագետի մոտ, ինքը վիրաբույժ է, բացի էն, որ չի բուժել, արագացրել է մորս մահը »,- ասում է Արման Փեթաքչյանը:

Հեռացված խալն ընտանիքի անդամները տարել են ախտաբանաանատոմիական հետազոտության։ Կարերը քանդելուց հետո` նույն օրը, վերքը բացվել է, բժշկին կանչել են հիվանդանոց: Սվետլանան ընտանիքի անդամներին պատմել է, որ բժիշկը վերքը կարել է առանց անզգայացման եւ եղել է ոչ սթափ վիճակում։ Նույն օրը պարզվել է, որ խալի հատվածում կա չարորակ նորագայացություն։

«Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ուռուցքի վրա 12 կար դնես, էդքան ծակես, ամբողջ ուռուցքային բջիջները կտեղափոխվեն օրգանիզմ, բժիշկը նաև ավելի շուտ ստացել էր հետազոտության պատասխանը, քան նոր կարեր դնելը»,- ասում է Արման Փեթաքչյանը։

Արման Փեթաքչյանը մորը տեղափոխել է Մոսկվա այնտեղ եւս հետազոտություն կատարելու համար։ Հայտնաբերվել է մելանոմա (չարորակ ուռուցք). «Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2017-ի դեկտեմբերին Հայաստանում կատարված ոչ ճիշտ վիրահատության պատճառով մելանոման տարածվել է ավշային հանգույցներում։ Այս պատճառով Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական կենտրոնում կատարվել է մեկ այլ վիրահատություն՝ որպեսզի հեռացնեն արդեն տարածված գոյացությունը»,- ասում է Արման Փեթաքչյանը։

Մոսկվայի բժիշկները նշել են, որ Հայաստանում կատարվել է ոչ արմատապես վիրահատություն, ուստի 2-րդ վիրահատության ընթացքում հեռացվել են նաեւ ավշային հանգույցները՝ մինչեւ աճուկային հատված։

«Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի բժիշկն ինձ ասաց, որ բերեմ կատարված վիրահատության մասին փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե ինչ չափով է եղել գոյացությունը, ինչ խորությամբ է կատարվել վիրահատությունը, սակայն բժիշկ Սոլոյանը որեւէ փաստաթուղթ չէր կազմել, բանավոր կերպով միայն ասաց, որ խալը եղել է «եղունգի ծայրի չափ»,- ասում է Արման Փեթաքչյանը։

Մոսկվայում կատարված վիրահատությունից հետո Սվետլանա Փեթաքչյանին նշանակվել է իմունոթերապիայի կուրս, իսկ մեկ տարի անց մելանոման տարածվել է ամբողջ օրգանիզմում:  

Կրկնակի ուժգնությամբ իմունոթերապիան եւ ճառագայթային բուժումը չեն կարողացել կանխել ուռուցքի տարածումը, եւ 2018թ. հուլիսի 17-ին Սվետլանան մահացել է։

 

Մելանոման մաշկային ուռուցք է, որը զարգանում է մելանոցիտներից ` բջիջներ, արտադրում են գունանյութ, որից առաջանում են խալեր: Մելանոմայի զարգացման ռիսկը մեծանում է արևի ճառագայթների պարբերական խիստ ազդեցությամբ: Բուժումն իրականացվում է գոյացության վիրաբուժական հեռացումով, մետաստազների առկայության դեպքում` իմունոթերապիայի, ճառագայթային թերապիայի միջոցով:

Արման Փեթաքչյանը եւ ընտանիքի մյուս անդամները պնդում են, որ Սվետլանայի մահվան պատճառը բժշկական սխալն է։ Արմանն ավելացնում է, որ սա Տաշիրում նույն բժշկի առաջին սխալը չէ, քանի որ այլ բողոքներ եւս կան։ Սակայն, ըստ նրա, բժիշկը կարողացել է որոշակի ձեւով ազդեցություն ունենալ բողոքողների վրա, եւ քրեական գործ չի հարուցվել։

Արման Փեթաքչյանը դիմել է դատախազություն քրեական գործ հարուցելու համար։ Գործն ուղարկվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, այդ գործով առաջին նիստը կայացել է։

«Հետքը» կապ հաստատեց նաև Տաշիրի բժշկական կենտրոնի վիրաբույժ Արմենակ Սոլոյանի հետ` փորձելով մեկնաբանություն ստանալ վիրահատության վերաբերյալ: Սվետլանայի անունը լսելուց հետո բժիշկն ասաց, որ չի ցանկանում զրուցել և անջատեց հեռախոսը: Իսկ բժշկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում հարցերին պատասխանել, քանի որ գործն ուղարկվել է փորձաքննության, և հարցերի պատասխանները կտրամադրի փորձաքննությունը։ Նա հավելեց միայն, որ Սվետլանա Փեթաքչյանի մոտ արյունահոսող խալ է եղել, նշեց, որ եթե չարորակ գոյացության կասկած կա, խալը հեռացվում է, ուղարկվում փորձաքննության, իսկ Փեթաքչյաններն ուշացրել են բժշկի դիմել:

Խալերի ցանկացած փոփոխության դեպքում դիմել բժշկի

Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի պնդմամբ՝ խալերի ցանկացած փոփոխությունից հետո պետք է դիմել բժշկի և հետազոտություն անցնել, որից հետո մաշկաբանը կորոշի` ինչ անել: «Փոփոխությունները մի քանիսն են. ասիմետրիա, երբ խալը դեֆորմացվում է, եզրերը փոփոխվում են, գույնի, տրամագծի փոփոխություն է նկատվում, նույն հատվածում խմբավորված խալերի առաջացում է լինում: Այսպիսի փոփոխություններ նկատելուց հետո մաշկաբանը դերմատոսկոպով զննում է, եթե կա անհանգստանալու պատճառ, ապա ուղարկում է բիոպսիայի` որոշ հատվածի հեռացում և հետազոտում»:

Ըստ մաշկաբանի` հաճախ է լինում, երբ հետազոտությունից հետո պարզվում է, որ առկա է մելանոմա, այս դեպքում մակերեսային վիրահատություն կարող է կատարել պլաստիկ վիրաբույժը, բայց ամբողջական զննումից հետո, իսկ մետաստազներով մելանոմայի վիրահատությունը պետք է կատարի ուռուցքաբանը, հնարավոր է նաև քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո:

 

Գլխավոր լուսանկարում՝ Արման Փեթաքչյանը, Արմենակ Սոլոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter