
Աջակցություն ռոբոտաշինության դպրոցական խմբակներին
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ռոբոտատեխնիկայի դպրոցական խմբակներին (ԱրմՌոբոտիքս խմբակ) նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 5 կրթական հաստատությունների հանձնեցին ուսումնական ռոբոտներ խմբակներում դասավանդելու համար: 5 կրթական հաստատություններն են Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 131 և Այբ ավագ դպրոցները: Ասուլիսի ընցացքում ցուցադրվեcin նաև ռոբոտաշինության խմբակներում երեխաների կողմից պատրաստված այլ ռոբոտներ:
«Անցած տարի հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այժմ յուրաքանչյուր ԱրմՌոբոտիքսի մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` երկրում ռոբոտաշինության զարգացումը խրախուսելու նպատակով: Այդ զարգացումն ապահովելու կարևոր նախապայման է փոքր տարիքից ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի, ներառյալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացմանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանում հարակից ոլորտների զարգացումը խթանելու առումով, ինչպես նաև նպաստի միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը: Մենք այնտեղ ենք, որտեղ զարգանալու դաշտ կա, որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայումս Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը զբաղվում է նաև հատուկ ուսումնական ռոբոտի (ռոբոտ կոնստրուկտորի) նախագծմամբ և ստեղծմամբ, որի նպատակն է ռոբոտաշինության խմբակներ բացել հանրապետության տարբեր դպրոցներում: Դպրոցներում խմբակների ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 2009 թվականից, երբ ռոբոտների մրցույթներից հետո ծնողները հետաքրքրվում էին` որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել:
Մեկնաբանել