
Դատարանը հետաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության և նրա ձերբակալման դեմ բողոքի քննությունը քիչ առաջ հետաձգվեց և կշարունակվի վաղը: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ գործով դատավորն Արտուշ Գաբրիելյանն է, նիստը մեկնարկել էր ժամը 18:00-ի սահմաններում:
Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի և նրա ձերբակալման դեմ բողոքը քննվում է մեկ վարույթում: Խաչատրյանն այսօր բերվել էր դատարան:
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև վերջինիս եղբորորդուն ձերբակալել է օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն առավոտից Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ են կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:
Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Մեկնաբանել