HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Ըստ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության՝  2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի՝ 416 և համայնքի ավագանու 1401 թեկնածուներ:

Ստեփանակերտ համայնքի ղեկավարի համար կպայքարի 5 թեկնածու՝ Արեգ Ավագյանը («Արցախգազ» ՓԲԸ, Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետ), Արայիկ Ավանեսյանը («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, Խաչեն մասնաճյուղ, կառավարիչ), Արմեն Հակոբյանը (Ստեփանակերտի քաղաքապետարան, համայնքի ղեկավարի տեղակալ), Գրիգորի Սահակյանը (չի աշխատում, նախկինում զորամասի հրամանատար) և Դավիթ Սարգսյանը («Ջեներալ Գրուպ» ՍՊԸ, գործադիր տնօրեն): Հինգ թեկնածուներից չորսն անկուսակցական են և ինքնաառաջադրվել են, Արայիկ Ավանեսյանին «Ինքնություն և միասնություն» կուսակցությունն է առաջադրել: Կուսակցությունը հիմնադրել են այս տարվա ապրիլին, որի անդամն է Արայիկ Ավանեսյանը:

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից Գրիգորի Սահակյանին իր աջակցությունն է հայտնել «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը. «Սատարում ենք Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական չեզոքությունը»: «Դաշնակցության» Արցախի կառույցի անդամներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Սահակյանին՝ հայտարարելով, որ «Դաշնակցությունը» ներկայացնող ավագանու թեկնածուներն ուղեկցելու են նրան քարոզարշավի ընթացքում:

Հադրութի քաղաքապետի համար կպայքարի երկու անկուսակցական թեկնածու՝ Արծվիկ Հայրապետյանը (չի աշխատում) և Վահան Սավադյանը («Արցախէներգո» ՓԲԸ): Ինքնաառաջադրված երրորդ թեկնածու՝ Հադրութի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վիգեն Հարությունյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել օգոստոսի 22-ին, նա հանել է իր թեկնածությունը: Արծվիկ Հայրապետյանը մինչև 2018 թվականի մայիս ամիսը, ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետն է եղել: Հադրութի քաղաքապետի մյուս թեկնածու Վահան Սավադյանն ահազանգում է, որ Արծվիկ Հայրապետյանի օգտին քարոզչություն են իրականացնում նրա նախկին ենթակաները՝ ոստիկանները:

«Օրենք են խախտում, նրա օգտին քարոզչություն են իրականացնում ոստիկանները, դա փաստ է: Չնայած դրան՝ հասարակությունը վատ է ընդունում այդ երևույթը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վահան Սավադյանը:

Արծվիկ Հայրապետյանը հերքում է այդ լուրերը. «Ես ինքս նախկին ոստիկան եմ և գիտեմ՝ արգելվում է ոստիկանների ներգրավվածությունը քարոզչական գործընթացին»:

Շուշիի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ դաշնակցական Սամվել Աղաջանյանը («Աղաջանյան Ընտանիք» ՍՊԸ հիմնադիր տնօրեն), Վլադիկ Համբարձումյանը (չի աշխատում), Արթուր Հայրապետյանը (Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի վարպետ), Խաչատուր Հայրիյանը («Շուշի» ՊՓԲԸ գլխավոր հաշվապահ) և Շուշի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արծվիկ Սարգսյանը: Բոլոր 5 թեկնածուներն ինքնաառաջադրվել են:

Ասկերանի քաղաքապետի համար ինքնաառաջադրվել է երեք թեկնածու` «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ, Ասկերանի ներկայիս քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արմեն Բախշիյանը («Խաչենշին» ՓԲԸ գործադիր տնօրեն) և Նվեր Գաբրիելյանը (մենատնտես):

Մարտակերտի քաղաքապետի համար ինքնաառաջադրվել են երեք անկուսակցական թեկնածու՝ Արսեն Ավանեսյանը (չի աշխատում), ներկայիս քաղաքապետ Միշա Գյուրջյանը և Լևոն Ստեփանյանը (չի աշխատում):

Մարտունի համայնքի ղեկավարի համար ինքնաառաջադրվել է երեք թեկնածու` Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը («Գոռ Սարգսյան» ՍՊԸ-ի տնօրեն) և Արտիկ Վարդանյանը (մենատնտես):

Բերձորի քաղաքապետի համար կպայքարի 7 թեկնածու. «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ Նարեկ Ալեքսանյանը  ( Բերձոր համայնքի ղեկավարի տեղակալ), անկուսակցական Հենրիխ Աղաջանյանը (Բերձորի քաղաքապետարանում բնապահպանության գծով մասնագետ), անկուսակցական Համբարձում Արզանյանը (Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն), «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ  Տիգրան Բրուտյանը (ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, Քաշաթաղի բաժին, գլխավոր մասնագետ), Բերձոր համայնքի ղեկավար Անահիտ Չարչյանը, անկուսակցական Արթուր Սահակյանը («Սահման» ՍՊԸ-ի տնօրեն) և անկուսակցական Կարեն Սահակյանը (չի աշխատում): Այս ցուցակից միայն Համբարձում Արզանյանին է կուսակցությունն առաջադրել՝ 2018 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Քաղաքացիական միացյալ դաշինքը» (ՔՄԴ):

Հաջորդ շրջկենտրոնում՝ Քարվաճառում, քաղաքապետի համար կմրցի երկու թեկնածու՝ անկուսակցական Սերոբ Նալթակյանը և «Ազատ Հայրենիքի» անդամ, ներկայիս քաղաքապետ Սերգեյ Չիլինգարյանը:

Ինչպես ասացինք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրվել են համայնքի ղեկավարի 416 և համայնքի ավագանու 1401 թեկնածու:

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը 33 միլիոն 680 հազար դրամ է հատկացրել երկու կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հիմնադրած «Ականատես» նախաձեռնությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter