HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար Արա Սադոյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արա Սադոյանին և շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝  համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի և առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

«Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել և վերացնել դրանք»,- նշել է քաղաքապետը Տարոն Մարգարյանը`պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ:

Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երևանի, Կենտրոնի և բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու և լուծումներ գտնելու ուղղությամբ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջաններում բնակիչների ընդունելություններն ու բակային հանդիպումները  դարձնել առավել հաճախակի, որպեսզի բնակչության կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ստանան շուտափույթ լուծում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter