HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղաքացիները դիմել են պատգամավորներին. մաս 2

Սկիզբը

Պետական-իրավական հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է, որը չի պատասխանել հարցմանը:

Նախագահի տեղակալը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն է, վերջինս հայտնել է, որ հանձնաժողովն ամեն ամիս գումարվող ընդունելությանը մասնակցել է 13 քաղաքացի: Իր աշխատասենյակում քաղաքացիների հետ կազմակերպել է 5 հանդիպում:

Քաղաքացիների բողոքները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, նոտարների գործունեությանը, նաև ամուսնալուծության դեպքում գույքի բաժանմանն առնչվող հարցերին: 

Նույն խմբակցության ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հայտնել է, որ պարբերաբար քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել ինչպես խորհրդարանում, այնպես էլ Արարատի մարզում, որտեղից էլ ընտրվել է:

Պատգամավոր Ատոմյանը հայտնել է, որ համահեղինակել է 2 նախագիծ:

Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը 2-րդ նստաշրջանի ընթացքում Գյումրի քաղաքում 2 ընդունելություն է կազմակերպել: Քաղաքացիների հարցերը հիմնականում եղել են սոցիալական բնույթի՝ ԲՍՓ-ների (բժշկասոցիալական փորձաքննություն) և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի գործունեության մասին: Քաղաքացիների հետ հանդիպել է նաև խորհրդարանում՝ հանձնաժողովի ընդունելության օրը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բադասարյանի հետ համահեղինակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նույն խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավորական լիազորությունները ստանձնելուց հետո մինչ հուլիսի 1-ը իրականացրել է 38 ընդունելություն: Ընդունելությունների ընթացքում բարձրացված խնդիրներին արդյունավետ և համակարգային լուծում տալու նպատակով կազմակերպվել են նաև աշխատանքային քննարկումներ՝ Կառավարության ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների, համապատասխան պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ:

«Հարկ եմ համարում նշել, որ խնդիրների մեծ մասն առնչվում էր դատական իշխանությանը՝ վերաբերելով արդեն իսկ դատական քննության փուլում գտնվող գործերին»,- հայտնել է Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այցերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ցմահ դատապարտյալների, ինչպես նաև որոշակի ժամկետով ազատազրկված դատապարտյալների հետ, նրանց հետ քննարկել ինչպես իրենց վերաբերող դատական ակտերում առկա մտահոգող հարցերը, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները և ակնկալվող հնարավոր լուծումները»:

Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրն իր մոտ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, ինչի մասին հայտարարում է ֆեյսբուքյան պաշտոնական էջով: Քաղաքացիների հետ հանդիպել է նաև հանձնաժողովի կազմակերպած ընդունելությանը: Քաղաքացիները դիմում են տարբեր հարցերով` ընտանեկան, կենցաղային, սոցիալական, իրավական, բայց դրանցում կարելի է առանձնացնել սեփականության իրավունքի հետ կապված հարցերը և բողոքները ՊԵԿ-ից (թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպվող մրցույթներ, պետական գնումներ, մաքսատուրքեր):

Նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն, ըստ երևույթին, նստաշրջանի ընթացքում քաղաքացիների ընդունելություն չի իրականացրել, քանի որ հուլիսի 4-ին ստացված մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նախատեսել է արձակուրդի ընթացքում կազմակերպել ընդունելություն: Մինչ այդ «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով» անհատական հանդիպումներ է ունեցել առաձին քաղաքացիների հետ: Քաղաքացիների գրավոր դիմումներում բարձրացված խնդիրները վերաբերել են ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, արտերկրում բնակվող անձանց կենսաթոշակը ստանալու խնդիրներին, դատախազության աշխատանքի թերություններին:

Այս հանձնաժողովին անդամակցում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ստացել ենք ամփոփիչ պատասխան։ Նկատենք նաև, որ խմբակցության որոշ պատգամավորներ արդեն իսկ պատասխանել են իրենց էլեկտրոնային փոստին հղված հարցմանը։ Խմբակցությունը, բացի ԱԺ նիստերի օրերից, յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ խորհրդարանում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում, ինչպես նաև հանդիպումներ են անցկացնում կուսակցության գրասենյակներում։

Պատգամավորները խմբերով կամ միայնակ շաբաթվա ընթացքում այցելում են նաև մարզեր։ Հունվար ամսից մինչ հուլիս խմբակցությունն ընդունել և լսել է շուրջ 1900 քաղաքացու։ Հունվարից մինչ հուլիս խորհրդարան կամ կուսակցության գրասենյակ մուտք արված փոստային նամակները գերազանցում են 1400-ը՝ առանց սոցիալական ցանցերով ուղարկված նամակների։ Քաղաքացիները խմբակցությանն են դիմել ամենատարբեր հարցերով՝ առողջապահական, սոցիալական, քրեական, բնապահպանական, քրեակատարողական ոլորտներին առնչվող հարցերով: Խմբակցության ներկայացրած նախագծերը՝ այդ թվում մերծվածները 36-ն են, որոնցից ընդունվել է չորսը, օրակարգում ընդգրկվել՝ յոթը, 16-ը դեռևս օրակարգում չեն ընդգրկվել (հուլիսի 16-ի դրությամբ)։

Այս հանձնաժողովի ռեյտինգային ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը հայտնել է, որ յուրաքանչյուր հինգշաբթի, նիստերի դեպքում՝ ուրբաթ, քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել Աշտարակում գործող իր գրասենյակում: Պատգամավորին դիմել են Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի բնակիչները՝ գյուղի ճանապարհի բարեկարգման խնդրով, ինչի մասին էլ պատգամավորը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է: 

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանել է, որ երկու շաբաթը մեկ անգամ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում խորհրդարանում, նաև՝ խորհրդարանից դուրս:

Պետրոսյանը հայտնել է, որ քաղաքացիների դժգոհությունները բազմաբնույթ են՝ սոցիալական, իրավական, երբեմն՝ զուտ հոգեբանական: Պատգամավորը ստացել է նաև համասեռամոլության քարոզի մասին դժգոհություններ:

Ռեյտինգային ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական Քաջիկ Գևորգյանը, ըստ իր պատասխանի, Արմավիրի մարզի տարբեր համայնքներում, կանոնավոր հանդիպումներ է անցկացնում: Վերջինիս պատգամավորական գրասենյակը գործում է Արմավիր քաղաքում։ Պատգամավորին Սարդարապատ համայնքի բնակիչները դիմել են փողոցի լուսավորության խնդրով, ինչից հետո գյուղի երկու փողոցի լուսավորման աշխատանքներն իրականացվել են։

Այս հանձնաժողովից չեն պատասխանել Սուրեն Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը՝ «Իմ քայլը»:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պատասխանը տրամադրել է խմբակցությանը, ինչպես նաև հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, խմբակցությունից, սակայն, մենք ընդհանրական պատասխան ենք ստացել խմբակցության աշխատանքի և ոչ թե առանձին պատգամավորների մասին։

 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, որը չի պատասխանել հարցմանը: Նախագահի տեղակալը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է: Պատգամավորը հայտնել է, որ երկրորդ նստաշրջանի ընթացքում քաղաքացիների հետ թե՛ կոլեկտիվ, թե՛ անհատական հանդիպումներ է անցկացրել։ Պատգամավորին տարբեր խնդիրներով դիմել է շուրջ 80 քաղաքացի, առավել հաճախ՝ տրանսպորտի, սոցիալական, դատական և հարկային համակարգի խնդիրներով։ 

«Իմ քայլը» խմբակցության ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Կոտայքի մարզի տարբեր համայնքներում մարտի 5-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ հանդիպումներ է կազմակերպել՝ առանց որևէ թիվ նշելու։ Պատգամավորի հաղորդելով՝ Կոտայքի մարզում առկա բազմաթիվ խնդիրներից մեկը ճանապարհաշինությունն է։

Մասնավորապես, վերանորոգվել է Նոր Գեղի-Արգել ճանապարհը։ Վերջինիս հետ կապված առաջացած խնդիրը պայմանավորված էր վերանորոգումն իրականացնող ընկերության ոչ պատշաճ աշխատանքով։

«Հարցն իմ միջամտությունից հետո արագ լուծում է ստացել, ընկերությունը տուգանվել է, նրա հետ կնքված պայմանագիրը՝ խզվել»,- հայտնել է Վահե Հովհաննիսյանը։

Արմավիրի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մարզի ավելի քան 30 համայնքներում ունի ներկայացուցիչներ, որոնց միջոցով «օպերատիվ տեղեկություն» է ստանում տվյալ համայնքներում բարձրացված հարցերի մասին: Ապա այդ համայնքներում ծավալուն  քննարկումներ է կազմակերպում:

«Քննարկվող հիմնական հարցերն էին` համայնքապետերի հրաժարականի պահանջ, բնապահպանական խնդիրներ, հաշմանդամություն և կենսաթոշակ, ապօրինի շինարարություն, վիրավոր ազատամարտիկների բնակարանային հարցեր, ճանապարհատրանսպորտային պատահարների և լուսանկարահանող-արագաչափերի տեղափոխման խնդիրներ»:

Նարեկ Մկրտչյանը Արշալույս համայնքի բնակիչների բարձրաձայնած խնդրով Վարազդատ Կարապետյանի և Մաթևոս Ասատրյանի հետ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի համաձայն համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Փարաքար և Մերձավան համայնքերում գործող գիպսի, բազալտի և ավազի հանքերում ստուգումներ իրականացնելու համար պատգամավորը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Տեսչական մարմինը մինչ այժմ ստուգում չի իրականացրել:

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում ներկայացնում է ռուսական համայնքին: Իրեն դիմած շուրջ 40 քաղաքացիներն էլ հենց այդ համայնքի խնդիրներով են դիմել պատգամավորին՝ դպրոցներում ռուսերենի դասավանդում, զինվորական ծառայություն, բժշկական սպասարկման կազմակերպում և այլն: Սանդիկովը կազմակերպել է հանդիպումներ ռուսական համայնքի առավել խիտ բնակչություն ունեցող համայնքներում՝ Լերմոնտովո, Ֆիոելետովո և Տաշիր: 

Նույն հանձնաժողովի անդամ, ռեյտինգային ընտրակարգով ընտրված Էդուարդ Բաբայանը (ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնազորի պետը) հայտնել է, որ ԲՀԿ Աբովյանի տարածքային գրասենյակում ամիսը 2 անգամ քաղաքացիների հետ հանդիպումներ է կազմակերպում։

 

«Պատգամավորի լիազորությունների շրջանակում փորձում եմ ընթացք տալ դիմում – նամակներին, եթե դրանք լինում են պատգամավորի լիազորությունների շրջանակից դուրս, ուղղորդում ենք պատկան մարմիններ: Այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նաև ՀԿ-ների, այդ թվում բնապահպանական ուղղվածության ՀԿ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով մարզում առկա խնդիրները»,- հայտնել է Բաբայանը:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Ալեքսանդր Ավետիսյանը, Արամ Խաչատրյանը, Վաղարշակ Հակոբյանը՝ «Իմ քայլը» և Էդվարդ Անդրեասյանը, Արմեն Եղիազարյանը՝ «Լուսավոր Հայաստան»:

 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Ռեյտինգային ընտրակարգով Գեղարքունիքի մարզից ընտրված Կարապետյանը հայտնել է, որ գրեթե աշխատանքային յուրաքանչյուր օր ընդունելություններ է կազմակերպում խորհրդարանում, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ Գեղարքունիքի մարզում: Պատգամավորը տարեսկզբից մինչ հուլիս ամիսը 100-ից ավելի դիմումներ է ստացել քաղաքացիներից, ըստ դիմումների` համապաստասխան պաշտոնյայի հետ կապ է հաստատել պատգամավորը:

Կարապետյանը հայտնել է նաև, որ քաղաքացիներից դժգոհություններ կան համատիրությունների վերաբերյալ, որոնք ուսումնասիրման փուլում են:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն է, վերջինս հայտնել է, որ դեռևս վեցերորդ գումարման խորհրդարանից սկսած՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում: 2-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպել է 4 ընդունելություն: Բազմաթիվ ընդունելություններ կազմակերպվել են տարբեր մարզերում:

Քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքներով էլ պատգամավորի համահեղնակած 4 նախաձեռնությունների գաղափարներն են ի հայտ եկել Քրեակատարողական օրենսգրքում, Դատական ակտերի հարկադիր կատարման, «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» և «Առևտրի ու ծառայություննեիրի մասին» նախագծերը:

Արագածոտնի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը չի հայտնել, թե քանի ընդունելություն է անցկացրել: Պատգամավորը տեղեկացրել է, որ մինչ հուլիս ամիսը ստացել է մոտ 10 գրավոր նամակ`  տարբեր ոլորտների վերաբերյալ` իրավականից մինչ գյուղատնտեսական: Դրանց մի մասին լուծում է տրվել, մնացածն ընթացքի մեջ է:

Արարատի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հայտնել է, որ քաղաքացիներին ընդունել է թե՛ խորհրդարանում, թե՛ իր ընտրատարածքում: Խորհրդարանում կազմակերպել է 19 ընդունելություն:

«Քաղաքացիների խնդիրների մեծ մասը վերաբերում է համայնքային ճանապարհների բարեկարգմանը, ոռոգման ջրերին, ինչպես օրինակ՝ ջրագծերի փոփոխման ու ոռոգման ցանցերի նորոգմանը, խմելու ջրին, մանկապարտեզների կառուցման, վերանորոգման խնդիրներին»:

Արարատի մարզից կրկին ռեյտինգային ընտրակարգով ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը և՛ խորհրդարանում, և՛ Արարատի մարզում ընդունելություններ է կազմակերպել: Պատգամավորը հայտնել է միայն, որ տարբեր ոլորտների վերաբերյալ դիմում-խնդրանքների լուծման նպատակով համագործակցում է գործադիր մարմնի հետ:

Տավուշից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը ևս թե՛ խորհրդարանում, թե՛ մարզում հանդիպումներ է իրականացրել:

Ղալումյանը ընդհանրական պատասխան է տվել, որ քաղաքացիների խնդիրները վերաբերում են սոցիալական ու իրավական ոլորտներին՝ գրեթե նույն ձևակերպմամբ ինչ Թևոնյանը: Պատգամավորը հայտնել է, որ աշխատում է «Տեղական ինքակառավարման մասին», «Տարածքային կառավարման մասին» նախագծերի շուրջ:

Արագածոտնի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը հայտնել է, որ հանդիպումներ է իրականացրել թե՛ իր աշխատասենյակում, թե՛ ընտրատարածքում: Պատգամավորը 2 ձևաչափով է հանդիպումներ անցկացնում՝ գրասենյակային հանդիպումներ ամիսն առնվազն 2 անգամ և բնակիչների հետ հանդիպումներ՝ մարզ այցելության միջոցով:

Պատգամավորը հայտնել է, որ խնդիրները տարբեր ոլորտների են վերաբերել, լուծում ստացածներից է Աշտարակի տարածաշրջանի մի շարք համայնքների համար կենսական նշանակություն ունեցող հակակարտային կայանների արդյունավետ օգտագործման և արկերի սակավության խնդիրը:

Ներկայումս աշխատում եմ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ:

Շիրակի մարզից ընտրված ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը քաղաքացիների ընդունելության, հանդիպումների որևէ վիճակագրություն չի ներկայացրել: Պատգամավորը պնդել է՝ պատգամավոր ընտրվելու պահից և նաև դրանից առաջ մշտապես եղել է ժողովրդի կողքին:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Մերի Գալստյանը, Հակոբ Սիմիդյանը՝  «Իմ քայլը» և Սարիկ Մինասյանը, Հրանտ Այվազյանը՝ «Լուսավոր Հայաստան»:

Տնտեսական հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է, որը չի պատասխանել հարցմանը: Նախագահի տեղակալը նույն խմբակցության անդամ, Արարատի մարզից ընտրված Հովիկ Աղազարյանն է: Պատգամավոը հայտնել է, որ հունվարի 14-ից սկսած պարբերաբար հանդիպումներ է ունեցել թե՛ Արարատի մարզում, թե՛ Երևանում: Քաղաքացիներից ստացել է շուրջ 50 գրավոր դիմում:

Աղազարյանը հայտնել է, որ դիմումների հիման վրա գրություններ է ուղարկել վարչապետի աշխատակազմ, մարզպետարաններ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, տարածքային կառավարման և զարգացման նախարարության, առողջապահության նախարարություն, ջրային տնտեսության պետական կոմիտե: Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ աշխատանքային քննարկումներ է ունեցել տարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, օրինակ` «Պետական տուրքի մասին» օրենքի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը քաղաքացիներից ստացել է առաջարկներ նոր Հարկային օրենսգրքի փաթեթի վերաբերյալ, որոնց մի մասը հանձնաժողովն ընդունել է: Պատգամավորը հայտնել է, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում պարբերաբար հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, որոնց հիմնական մասը եղել է գործարար շրջանակներից՝ ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով ընտրված Հռիփսիմե Գրիգորյանին դիմել են մեկ տասնյակից ավելի խնդիրներով, ինչպես՝ հայկական ավիացիայի ստեղծման հնարավորություններ, ուղևորափոխադրումներին առնչվող հարցեր, հյուրընկալության ոլորտում ծառայությունների որակի, աղբահանության խնդիրներ և այլն:

Պատգամավորը հայտնել է, որ խնդիրների մի մասին տեղում լուծում է տրվել, մեկ այլ մասն ուղղորդվել է համապատասխան գերատեսչություն, սակայն որոշ խնդիրներ համակարգային լուծումներ են պահանջում:

Կրկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով: Պատգամավորը հայտնել է, որ 2 անգամ` Շենգավիթ, 1 անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքերում քաղաքացիների ընդունելություն է իրականացրել՝ ընդունելով տասնյակ քաղաքացիների: 16 անգամ վերոնշյալ վարչական շրջանների բնակիչների ահազանգով հանդիպել է վերջիններիս: Պատգամավորը հայտնել է նաև այդ շենքերի հասցեները:

Քաղաքացիների բողոքների խնդրով մոտ 50 գրություն ուղարկել է պատկան մարմիններին:

Գեղարքունիքի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է, որ քաղաքացիների հետ հանդիպումների մեկնարկը տրվել է  մարտի 11-ին, Ճամբարակ քաղաքում: Մարզի բնակիչներին հուզող հիմնական հարցը աշխատատեղերի քանակի սահմանափակությունն է և դրանից բխող սոցիալական ծանր պայմանները:  Ընդունելություններ եղել են նաև Ազգային ժողովում, բիզնես գործունեություն ծավալող քաղաքացիները մտահոգություններ են հայտնել շրջանառության հարկի հետ կապված՝ առաջարկելով սահմանել ավելի բարձր շեմ: Պատգամավորը հայտնել է նաև, որ մի շարք հանդիպումներ է ունեցել «Վիճակախաղերի մասին», «Գովազդի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքների նախագծերի շահագրգիռ կողմերի հետ:

Նույն խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող հարցերով, այդ թվում` ճարտարապետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք նաև, որ պատգամավորի նախաձեռնությամբ է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, որն ուսումնասիրում է Արարատի և Արմավիրի մարզերում ջրային կոմիտեի և դրա ենթակառուցվածքների գործունեության արդյունավետությունը:

Գեղարքունիքի մարզից ընտրված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի քաղաքներում ունի պատգամավորական գրասենյակներ, որոնք գործում են յուրաքանչյուր աշխատանքային օր: Մադաթյանի հաղորդմամբ՝ քաղաքացիները   տարաբնույթ հարցերով են դիմում, այն խնդիրներով, որոնք պատգամավորական լիազորությունից դուրս են, դիմում է պատկան մարմիններին:

«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ, որպես համահեղինակ, մասնակցում եմ 5 օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին, որոնք հիմնականում վերաբերում են բնապահպանության ոլորտին»,- հայտնել է Մադաթյանը:

Լոռու մարզից ընտրված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հայտնել է, որ Վանաձորում գործող իր գրասենյակում յուրաքանչյուր շաբաթ օր՝ 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում: Պատգամավորը հայտնել է, որ քաղաքացիները դիմել են ամենատարբեր հարցերով՝ սոցիալական, ֆինանսական, առողջապահական, իրավական:

«Հարցադրումները գրավոր կերպով ներկայացրել եմ պետական տարբեր գերատեսչություններ, որից հետո ստացված պատասխանները ներկայացրել եմ բնակիչներին»,- պատասխանել է պատգամավորը:

Այս հանձնաժողովի անդամներից չեն պատասխանել Գուրգեն Բաղդասարյանը, Արկադի Խաչատրյանը՝ «Լուսավոր Հայաստան, Արտաշես Պետրոսյանը, Կարեն Համբարձումյանը, Արգիշտի Մեխակյանը՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանը լրացուցիչ ժամանակ է խնդրել, սակայն այդպես էլ չի պատասխանել:

 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողով

Հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն է, որը չի պատասխանել:

Այս հանձնաժողովի անդամներից պատասխանել են հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը և Համազասպ Դանիելյանը:

Արտակ Մանուկյանը հաշվետվության տեսքով է պատասխանել՝ հայտնելով, թե լիագումար ու հանձնաժողովի նիստերից քանիսին է մասնակցել, խորհրարանական լսումներին, այլ հանձնաժողովներում գումարված նիստերի մասնակցության մասին ևս: Պատգամավորը տեղեկացրել է, որ հիմնականում 5 թեմաներով են դիմել իրեն՝ ներդրումների աջակցության և արտադրությունների ստեղծման կարգավորումներ, վարկային իրավահարաբերությունների վերաբերյալ, հանրային ծառայությունների կարգավորման խնդրով, ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող անձանց դիմումներ և բնական տարերքից տուժած քաղաքացիների դիմումներ: Այս խնդիրներով պատգամավորը 18 գրություն է ուղարկել 9 գերատեսչություն:

Համազասպ Դանիելյանը հայտնել է, որ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանում հյուրընկալել է մոտ 6 տասնյակ անհատների, որոնց մի մասը` հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և մասնագիտական հանրույթների ներկայացուցիչներ:

«Խնդիրները հիմնականում սոցիալական են, շատ հաճախ դրամական օգնություն են խնդրում: Հանձնաժողովի շրջանակներում ստացված խնդիրների զգալի մասը վերաբերում են բանկերից և վարկային կազմակերպություններից վերցված վարկերին, բարձր տոկոսադրույքներին և դրանք մարելու հետ կապված դժվարություններին»,- պատասխանել է Դանիելյանը:

Թե ինչպես են քաղաքացիների հետ աշխատել 6-րդ գումարման խորհրարանի պատգամավորները, այդ մասին՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter