«Արտաշատ» ՋՕԸ-ն վնասի հատուցում է պահանջում Նարեկի համայնքապետ, ջրօգտագործող Գարուշ Հակոբյանից
Այս տարվա ապրիլին «Արտաշատ» ՋՕԸ-ն հայցադիմում է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Գարուշ Հակոբյանի՝ ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման հիմքով առաջացած վնասի (գումարի) բռնագանձման պահանջի մասին:
Նշենք, որ Գարուշ Հակոբյանը Արարատի մարզի Նարեկ համայնքի ղեկավարն է: Վերջինս համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 2002-2008թթ., ինչպես նաև 2012թ-ից:
«Արտաշատ» ՋՕԸ-ի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ բաժանորդ Գարուշ Հակոբյանը խախտել է պայմանագրի դրույթը՝ առանց թույլտվության ոռոգման ջուր է օգտագործել:
Արթուր Սարգսյանի փոխանցմամբ՝ ցանկացած ջրօգտագործող, որպեսզի կարողանա ոռոգման ջուրն օգտագործել, պետք է հայտ ներկայացնի ջրբաշխին կամ պատասխանատու անձին, որպեսզի մատնանշված օրը, կոնկրետ ժամին իրեն ջուր տրամադրեն: Գարուշ Հակոբյանն առանց թույլտվության ջուր է օգտագործել՝ տեղյակ չպահելով որևէ մեկին:
«Ինձ ասացին, որ աշխատանքային օրվա վերջին, կեսգիշերին կարողացել է ճարպկորեն բացել փականը, ջուր օգտագործել: Եկել տեսել են, որ առանց թույլտվության ամբողջ հողամասը ոռոգված է: Մեկ անգամ, երկու անգամ, իսկ երրորդ անգամ օգտագործելու պահին են հայտնաբերել, արձանագրել են: Սկզբում բանավոր են ասել, հետո գրավոր: Այդ մարդը մնացել է անդրդվելի, և ՋՕԸ-ն դիմել է դատական պաշտպանության»,- ասում է Արթուր Սարգսյանը:
Ներկայացուցչի խոսքերով՝ արգելանք է դրվել Գարուշ Հակոբյանի գույքի վրա, և վերջինս զանգահարել է իրեն, որպեսզի արգելանքը հանվի: ՋՕԸ-ի ներկայացուցիչն էլ ասել է, որ դատավարություն է ընթանում, փաստարկները կարող է ներկայացնել դատարան:
«Տևական ժամանակ իրեն զգուցաշվել է: Մեկ-երկու անգամ «գաղտագողի» ջուր օգտագործելուց արձանագրվել է, զեկուցագիր է գրվել: Ինձ տվել են նյութեր, որոնք վկայել են նշածս փաստերը: Արդյունքում մասնագիտական հաշվարկ է արվել, հաշվարկով պատճառված վնասի չափը կազմում է 2 մլն դրամից ավելի: Հայց ենք կազմել, ներկայացրել ենք դատարան»,- ասում է Արթուր Սարգսյանը:
«Արտաշատ» ՋՕԸ-ի ներկայացուցչի խոսքերով՝ մինչև դատարան դիմելը նամակ է ուղարկվել Գարուշ Սարգսյանին, որպեսզի բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի, սակայն, Ա. Սարգսյանի խոսքերով՝ Գ. Հակոբյանն էլ իր հերթին է դիմել դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Համայնքապետի ներկայացրած հայցադիմումից մանրամասներ չգիտեր: Արթուր Սարգսյանը նշեց, որ այդ մասով ինքը չի զբաղվում:
Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանին: Լսելով հարցը ասաց, որ իր դեմ ներկայացված հայցադիմումի պահանջը չի ընդունում: Բացի այդ, հավելեց, որ նման հարցերի վերաբերյալ հեռախոսով չի խոսում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել