HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ֆուտբոլային տոնն այս անգամ էլ չի գա «մեր բակ», կամ եվրոպական ելույթներից քաղած դասերը

Հայկական ակումբային ֆուտբոլի համար 2019/20 մրցաշրջանի եվրոպական ելույթները կարելի է ընդհանուր դրական գնահատել թեկուզ միայն նրա համար, որ մեր թիմերից գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» նոր նշաձող սահմանեց՝ հասնելով Եվրոպայի լիգայի 4-րդ՝ փլեյ-օֆ փուլ եւ միայն 11-մ հարվածաշարով զիջելով Լյուքսեմբուրքի «Դյուդելանժին», որը երկրորդ տարին անընդմեջ կարողացավ մտնել ԵԼ խմբային փուլ:

Ամփոփենք մեր թիմերի ելույթները առանձին-առանձին՝ սկսելով ամենաներքեւից:

«Բանանց»/«Ուրարտու»

Նախորդ առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած «Բանանցը», որն անվանափոխվել է «Ուրարտուի», եվրոպական մրցաշարերում Հայաստանի ամենաանհաջողակ թիմն է: Հարցը թիմի բախտը չէ, այլ որակները: Չնայած այս ակումբը մեր երկրում ամենալավ ֆուտբոլային ենթակառուցվածքներն ունեցողներից է, շատ վատ է հանդես գալիս միջազգային ստուգատեսներում: Նույնը կարելի է ասել նաեւ ներքին առաջնությունների մասին, որոնց ակումբի գլխավոր թիմը մասնակցել է 21 անգամ եւ միայն 1 անգամ է կարողացել չեմպիոն դառնալ: Եվրոպական ասպարեզում «Ուրարտուի» անհաջողությունները վաղուց սովորական են դարձել, 13 անգամ եվրոպական մրցաշարերին մասնակցելու ընթացքում միայն 2005/06 մրցաշրջանում է «Բանանցը» կարողացել մեկ փուլ հաղթահարել: Մինչեւ հիմա հիշում ենք, որ 2014/15 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի կարգավիճակով այս թիմը չկարողացավ հաղթահարել անդորրրական «Սանտա Կոլոմա» կիսասիրողական թիմի արգելքը:

Ի տարբերություն «Փյունիկի», որի նոր սեփականատիրոջ գալով թիմում հայտնվեցին տեղացի կադրերից որակական առումով տարբերվող լեգեոներներ, որոնք նաեւ արդյունք են ցույց տալիս, «Ուրարտուն», որը եւս ֆինանսապես ապահովված է, իր կազմով ու անկայուն խաղով ամենեւին չի հուսադրում. ընթացիկ առաջնությունում էլ թիմը 5 խաղում ընդամենը 1 միավոր է վաստակել: Սերբական «Չուկարիչկիի» 3-0 եւ 5-0 հաշվով հաղթանակները հայկական թիմի նկատմամբ ԵԼ որակավորման 1-ին փուլում միանգամայն տրամաբանական էին. կարգերի տարբերությունն ակնհայտ էր:

«Ուրարտուն» եվրոպական մրցաշարերին 13 անգամ մասնակցելու ընթացքում անցկացրել է 28 խաղ, որոնցից միայն 4-ում է հաղթել, 3 ոչ-ոքի է խաղացել, 21-ում պարտվել է, խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը՝ 18-64:   

«Ալաշկերտ»

Գավաթակիր «Ալաշկերտը» Հայաստանի միակ թիմն է, որը եվրոպական մրցաշարերում միշտ հաղթահարել է գոնե մեկ փուլ: Թիմը 2015/16 մրցաշրջանից ելույթներ է ունենում ու վատ հանդես չի գալիս: Եթե նախորդ մրցաշրջանում ալաշկերտցիները նաեւ նոր մրցակարգի շնորհիվ (Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Սելթիկին» ընդհանուր 0-6 պարտվելուց հետո թիմը տեղափոխվեց ԵԼ, որտեղ ընդհանուր 1-0 հաղթեց չեռնոգորական «Սուտյեսկային», բայց հետո 0-7 զիջեց ռումինական «Կլուժին») հայտնվեցին 3-րդ փուլում, ինչը մեր ֆուտբոլի համար նվաճում էր, ապա այս տարի կրկին իրենց սեփական ուժերով հայտնվեցին 2-րդ փուլում՝ երկու անգամ հաղթելով մակեդոնական «Մակեդոնիային» (3-1, 3-0), բայց երկրորդ մրցակիցը՝ ռումինական «Ստյաուան», կարգով ավելի բարձր թիմ էր եւ, կարելի է ասել, ընդհանուր դիմակայության ելքը վճռեց Երեւանում՝ հաղթելով 3-0: Խաշմանյանի սաներն, այդուհանդերձ, պատվի խաղ խաղացին հյուրընկալվելիս՝ անվանի մրցակցին հաղթելով 3-2:

Բայց ռումինացիների հետ հանդիպումները հստակ ցույց տվեցին, թե որքան են մեր թիմերը հետ մնում եվրոպական մակարդակից ներկայում: Այնպես չէր, որ «Ստյաուան» անհաղթահարելի թիմ էր, բայց մեր թիմերից տարբերվում էր նրանով, որ կարողանում էր օգտվել դիմացինի սխալներից, ինչը խոսում է վարպետության, կարգի մասին: «Ալաշկերտի», «Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» հանդիպումներում քաղած դասերից մեկն այն էր, որ եվրոպական մրցավեճերում տեմպի թուլացումը, սեփական կիսադաշտում կամ տուգանայինին սեղմվելը, խոր պաշտպանության անցնելը վաղ թե ուշ վատ հետեւանքների է հանգեցնում: Իսկ թե ինչու են հայկական թիմերը իրենց հավասարազոր կամ ուժեղ մրցակիցների դեմ նման կերպ խաղում, կանդրադառնանք ստորեւ:

«Ալաշկերտը» եվրոպական մրցաշարերում հանդես է եկել 5 անգամ՝ անցկացնելով 22 հանդիպում: Դրանցից 8-ում մեր թիմը հաղթել է, 5 ոչ-ոքի խաղացել, 9 պարտություն կրել, գնդակների տարբերությունը՝ 22-33: Այս տարի Խաշմանյանի թիմը 4 խաղից 3-ում հաղթել է, 1 պարտություն կրել, գոլերը՝ 9-6. դրական ցուցանիշ է:

«Փյունիկ»

Փոխչեմպիոն «Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ԵԼ որակավորման 3-րդ փուլ: Եթե անցյալ տարի Անդրեյ Տալալաեւի սաները այդ փուլում իսրայելական «Մաքքաբի» դեմ հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունեին (0-0, 1-2), ապա այս տարի մակեդոնական «Շկուպիի» (3-3, 2-1) ու չեխական «Յաբլոնեցի» (2-1, 0-0) արգելքներն անցնելուց հետո պատի դեմ առան: Բոլորն էլ գիտակցում էին, որ «Փյունիկը» Անգլիայի առաջնության 7-րդ հորիզոնականը զբաղեցրած «Վուլվերհեմփթոնին» մեծ խնդիրներ չի կարող առաջադրել, բայց երկու խաղում էլ 0-4 հաշվով պարտությունն առաջին հերթին պետք է գրանցել «Փյունիկի» պասիվում, ոչ թե անգլիացիների ակտիվում: Ակնհայտ էր մեր թիմի թե՛ տեղացի, թե արտասահմանցի խաղացողների ավելորդ ակնածանքը (զերծ մնանք «վախ» բառն օգտագործելուց) անվանի մրցակցի նկատմամբ, ինչը բերում էր պարզունակ սխալների, ի վերջո՝ գոլերի:

Մեկ խոսուն եւ մտահոգիչ փաստ. «Վուլվերհեմփթոնի» խփած 8 գոլից 6-ի դեպքում իր մեղքի բաժինն է ունեցել մեր պաշտպանության ձախ եզրը, որտեղ հանդես է գալիս ազգային հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը: Պատահական չէ, որ գոլերը հենց նրա եզրից են ծնվել. անգլիացիները չէին կարող ուսումնասիրած չլինել մրցակցի թույլ կողմերը, որոնք էլ խաղերի ժամանակ թիրախավորել էին: Բարձրակարգ թիմերի դեմ մրցավեճերում տեսնում ենք, թե հատկապես հայ ֆուտբոլիստները որքան շատ են զիջում մրցակիցներին ֆիզիկական ու տակտիկական պատրաստվածությամբ: Ոչ ոք Թարխանովի սաներին չի մեղադրում ընդհանուր 0-8 հաշվով պարտության մեջ, սպասումներ առանձնապես չկային, բայց մեր թիմը կարող էր մրցակցին զիջել առանց «քանդվելու»:

Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը», 20 անգամ մասնակցել է եվրագավաթների խաղարկություններին՝ անցկացնելով 60 խաղ: Դրանցից 17-ում թիմը հաղթել է, 12 անգամ ոչ-ոքի խաղացել եւ 31 պարտություն կրել, գոլերի տարբերությունը՝ 57-105: 20 մասնակցությունից 6-ում երեւանցիները հաղթահարել են մեկ փուլ, 2 անգամ (վերջին երկու տարիներին)՝ երկու փուլ: Այս տարի թիմը 6 խաղում 2-ական հաղթական, ոչ-ոքի ու պարտություն է գրանցել, գոլերը՝ 7-13:

«Արարատ-Արմենիա»

Այս թիմը խոսակցության բոլորովին այլ թեմա է: Առաջին անգամ մասնակցելով բարձրագույն խմբի առաջնությանը՝ դարձել է չեմպիոն, իրավունք ստանալով Հայաստանը ներկայացնել Չեմպիոնների լիգայում, արդյունքում հասել անկախությունից հետո երկրի ակումբային ֆուտբոլի ամենամեծ նվաճմանը՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ փուլ: Ճիշտ է, «Արարատ-Արմենիան» չեմպիոն դարձավ նաեւ այն բանի շնորհիվ, որ «Փյունիկը» մրցավարական կոպիտ սխալի պատճառով զրկվեց «Լոռիին» հաղթելու լավ հնարավորությունից (2-2), բայց թե՛ արարատցիները, թե՛ փյունիկցիներն իրենց ցույց տված խաղով արժանի էին չեմպիոնությանը:

«Արարատ-Արմենիան» հաջող սկսեց ելույթները ՉԼ-ում՝ 2-1 հաղթելով շվեդական անվանի «ԱԻԿ»-ին, բայց 1-3 հաշվով արտագնա պարտությունը թիմին մղեց Եվրոպայի լիգա: Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» նկատմամբ 2-0 եւ 2-1 հաշվով հաղթանակներն սպասելի ու տրամաբանական էին, բայց ավելի ուժեղ մրցակցի՝ վրացական «Սաբուրթալոյի» հետ առաջին դիմակայությունում ի հայտ եկավ թիմի գլխավոր թերությունը:

Արարատցիները հատկապես լեգեոներների արագությունների ու բարձր տեմպի շնորհիվ առաջին կեսում կարողանում են իրենց խաղը թելադրել, այդ թվում՝ գոլ խփել, սակայն երկրորդում 180 աստիճանով պատկերը փոխվում է, թիմն անցնում է պասիվ պաշտպանության, մրցակցին բազմաթիվ ազատ տարածություններ թողնում ու մաքառում՝ հաշիվը պահելու համար: Միանգամայն տրամաբանական էր, որ Երեւանում վրացիները երկրորդ կեսում 2 գոլ խփեցին ու հաղթեցին 2-1: Լինենք իրատես՝ «Սաբուրթալոն» հատկապես իր տեխնիկական պատրաստվածությամբ գերազանցում էր արարատցիներին, որում տոն են տալիս սլավոնական կամ արեւելաեվրոպական երկրների ֆուտբոլային դպրոցների ներկայացուցիչները, որոնց խաղի առանցքում «տշիր-վազիր» սկզբունքն է: Եթե երեւանցիները սեփական հարկի տակ երկրորդ կեսում պասիվ ֆուտբոլ խաղալու զոհը դարձան, ապա վրացիներն իրենց հերթին Թբիլիսիում տուժեցին ավելորդ ինքնավստահությունից, որ մրցակիցը չի կարող 2 գոլ խփել իրենց: Փոխարենը Մինասյանի սաներն աչքի ընկան կամք դրսեւորելով ու 2 գոլ խփեցին: Թբիլիսիի հանդիպման ժամանակ մեր թիմը երկու խաղակեսում էլ պահեց տեմպն ու արդյունքի հասավ:     

Սակայն Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ երեւանյան խաղում առաջին կեսում գոլ խփելուց հետո Մինասյանի թիմը նորից զիջեց նախաձեռնությունը: Իսկապես այս մրցակիցը մեր չեմպիոնին հանդիպածներից ամենաուժեղն էր: Թե՛ Երեւանում, թե՛ Լյուքսեմբուրգում հատկապես վտանգավոր էին «Դյուդելանժի» կողմից խորքից կատարված երկար փոխանցումները, որոնք նպատակային էին, տեխնիկապես լավ պատրաստված հարձակվողներն էլ կարողանում էին սանձել գնդակն ու ճկունության, խաբքերի ու արագության շնորհիվ սղոցել արարատցիների պաշտպանության նյարդերը: Մինասյանի թիմի վերջնական անհաջողության հիմքը հենց Երեւանում գցվեց, երբ երկրորդ կեսում Սինանին պաշտպանների անփութության պատճառով խփեց պատասխան գոլն, ու չնայած «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթել 2-1, հաշիվը շատ վտանգավոր էր: «Դյուդելանժի» հետ հանդիպումներում անհաջող հանդես եկավ արարատցիների գոլահար Անտոն Կոբյալկոն, որն արտագնա խաղում չնայած գոլային փոխանցում կատարեց, բայց դրանից առաջ չիրացրեց 11-մ հարվածը, ինչը եւս կշեռքի նժարը թեքեց մրցակցի կողմը: Ըստ Մինասյանի՝ Կոբյալկոյի խաղը կախված է Պետրոս Ավետիսյանի խաղից, բայց հենց վերջին մրցավեճում Ավետիսյանը մեկնարկային կազմում չէր, ու եթե նա մերոնց «թաքնված զենքը» պիտի լիներ, ապա փոխարինման դուրս գալուց հետո ոչնչով աչքի չընկավ: «Արարատ-Արմենիայի» իսկական առաջատարներն արտասահմանցիներն են, որոնցից հատկապես եզրային պաշտպաններն անխոնջ աշխատում էին արտագնա խաղի ամբողջ ընթացքում, իսկ ահա հայ ֆուտբոլիստների ֆիզպատրաստությունը տեղի էր տալիս արդեն երկրորդ կեսի սկզբնամասում: Ի տարբերություն 23-ամյա Պետրոս Ավետիսյանի, 25-ամյա Գոռ Մալաքյանի ու Արմեն Համբարձումյանի՝ իր թիմի իսկական առաջատարն էր 22-ամյա լյուքսեմբուրգցի Դանել Սինանին, որն ընդհանուր 3 գոլ խփեց «Արարատ-Արմենիային», նաեւ դիպուկ իրացրեց հետխաղյա 11-մ հարվածը:

Սեփական հարկի տակ առաջին կեսում 0-1 պարտվելուց հետո «Դյուդելանժի» հաղորդած տեմպը արարատցիներին կրկին սեղմեց սեփական դարպասին: Սինանիի երկու գոլերը (մեկը 11-մ նշակետից) մրցակցի առավելությունը նյութական դարձրին, սակայն դաշտի տերերն էլի կարող էին աչքի ընկնել, ուղղակի բախտը չէր բերում՝ 2-1: Մյուս կողմից՝ ավելացված ժամանակում տպավորություն էր, որ արարատցիները, ի տարբերություն «Դյուդելանժի», չեն ցանկանում խաղը հասցնել 11-մ հարվածաշարի (գուցե հոգեբանորեն ազդում էր այն փաստը, Կոբյալկոն խաղի ընթացքում այդ հարվածը չէր իրացրել, իսկ Սինանին գոլ էր խփել), բայց հաշիվը 2-2 դարձնելու համար ոչ ուժ ունեին, ոչ մարզական չարություն:     

«Դյուդելանժը» հաղթեց վիճակախաղի համարում ունեցող 11-մ հարվածաշարի շնորհիվ՝ 5-4, սակայն պիտի խոստովանենք, որ այս թիմը հատկապես սեփական հարկի տակ հանդիպման երկրորդ խաղակեսում ցուցադրած ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածությամբ, դրանցից բխող արագ գործողություններով, գնդակը վերահսկելու, գնդակ կասեցնելու, ճշգրիտ փոխանցումներ կատարելու ու մասնավորապես եզրերով սուր անցումներ ձեռնարկելու եւ մերոնց դարպասի ուղղությամբ շարունակաբար սպառնալից գրոհներ կազմակերպելու ունակությամբ ապացուցեց, որ միանգամայն արժանի է խաղալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Գաճաճ Լյուքսեմբուրգի այս թիմը երկրորդ տարին անընդմեջ կխաղա ԵԼ խմբային փուլում: Նախորդ մրցաշրջանում, ինչպես այս անգամ, երկրի չեմպիոն «Դյուդելանժը» Եվրոպայի լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայում պարտվելուց հետո, բայց հետո իրար հետեւից հաղթել է Կոսովոյի «Դրիտային» (ընդհանուր՝ 3-2), լեհական «Լեգիային» (4-3), ռումինական «Կլուժին» (5-2), որը մինչ այդ 7-0 հաշվով ջախջախել էր «Ալաշկերտին»: Խմբային փուլում «Դյուդելանժը» մրցել է հզոր թիմերի հետ՝ «Միլան», «Օլիմպիակոս», «Բետիս», նույնիսկ կարողացել ոչ-ոքի խաղալ վերջինիս հետ: Իսկ այս տարի ԵԼ-ում մակեդոնական «Շկենդիային», էստոնական «Նոմե Կալյուին» ու «Արարատ-Արմենիային» անցնելուց հետո խմբային փուլում կմրցի իսպանական «Սեւիլիայի», կիպրական «ԱՊՕԷԼ»-ի ու ադրբեջանական «Ղարաբաղի» հետ: Փաստորեն, հաջողության դեպքում «Արարատ-Արմենիան» կարող էր ուժերը չափել վերջիններիս հետ («Ղարաբաղը» մերոնց զույգ չէր կազմի, քանի որ քաղաքական կոնֆլիկտի պատճառով ՈւԵՖԱ-ն տարբեր խմբերում կտեղավորեր թիմերին):

Այո, «Արարատ-Արմենիան», որը եվրոպական առաջին մրցելույթներում 5 հաղթանակ տարավ ու 3 պարտություն կրեց, խփեց 13 գոլ ու բաց թողեց 10-ը (արարատցիները բոլոր խաղերում գոլ են խփել), կարող էր այսօր լինել խմբային փուլում, բայց փաստն այն է, որ Մինասյանի կոլեկտիվին, ինչպես մեր մյուս թիմերից յուրաքանչյուրին, մինչ օրս չի հերիքում ինչ-որ կարեւոր բան:

Մեր կարծիքով՝ ամենահիմնականը ֆիզիկական պատրաստվածությունն է: Այսօրվա ֆուտբոլը արագությունների, դիմացկունության, մենապայքարների խաղ է, եթե խաղացողը ֆիզիկապես պատրաստ չէ, հաստատ զիջելու է: Տակտիկական գրագիտությունն ու տեխնիկական զինանոցը, բնականաբար, եւս կարեւոր են, բայց հնարավոր չէ վատ ֆիզիկական վիճակ ունենալու դեպքում ամբողջ 90 րոպե կամ ավելի երկար բարձր պահել տեմպը կամ թեկուզ դիմանալ դրան (եթե մրցակիցն է թելադրողը): Ֆիզիկական վիճակի անբավարարությունը հանգեցնում է մրցակցի դիրքային ու տարածքային առավելությանը, նրա կողմից պարբերաբար վտանգավոր գրոհներ ձեռնարկելուն, մյուս կողմից՝ պաշտպանությունում բացթողումների, ի վերջո՝ գոլի: Հայկական թիմերին դեռ չի հերիքում այս ամենը:

Հայաստանը բարելավել է դիրքերը ակումբային վարկանիշային աղյուսակում

Ամփոփելով մեր թիմերի մրցելույթները՝ նշենք, որ 2019/20 մրցաշրջանում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր 20 հանդիպում են անցկացրել, որոնցից 10-ում հաղթել են, 2 ոչ-ոքի են խաղացել եւ 8 պարտություն կրել, գոլերի տարբերությունը՝ 29-37: Այսքան հաղթանակ ու գոլ մերոնք երբեւէ չեն գրանցել: Այս արդյունքները Հայաստանի ակումբային վարկանիշին բերել են 2,75 միավոր եւ վարկանիշային ընթացիկ աղյուսակում (տես նկարում), որում հաշվի են առնվում վերջին 5 մրցաշրջանների արդյունքները (այս դեպքում՝ 2015/16-ից մինչեւ 2019/20 ներառյալ), Հայաստանը ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրի մեջ 35-րդն է:

Սակայն այս տարվա արդյունքները հաշվի կառնվեն 2021/22 մրցաշրջանից սկսած: Իսկ եկող տարի մեկնարկելիք մրցաշրջանում (2020/2021) թիմերը բաշխվելու են այն աղյուսակի հիման վրա, որում ներառված են 2014/15-2018/19 մրցաշրջանների արդյունքները: Դրանց հիման վրա Հայաստանն ունի 5,25 վարկանիշային միավոր եւ 55 երկրի մեջ 44-րդն է:   

Տես նաեւ՝ 

Հայկական ակումբներն այս տարի առաջընթաց գրանցեցին, բայց կարեւորը հիմքն է

Վեր-վեր թռչելուց հետո անկումը կրկնակի ցավոտ է

Մխիթարվենք Մխիթարյանով, կամ անդունդի երկու կողմերում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter