Հայրենիք լինի` մսխեն
Հայերը Եվրոպայում տարածություն են ստեղծում իրենց մենթալիտետն իրացնելու համար: Նրանք մատը մատին չեն խփել, որպեսզի Եվրոպան իրենց վստահի եւ այսօր այդ հանպատրաստից վստահությունը շուռ են տալիս եվրոպացու դեմ: Եվրոպացին հայի մեջ չի տեսնում գողին ու խաբեբային, եւ դա բավարար ու լուրջ պատճառ է, որ հայը նրա մեջ տեսնի հիմարին:
Հայերը Ստրասբուրգի խանութներում հաց են ուտում ու դուրս գալիս առանց վճարելու: «Ուրիշ կերպ չես ապրի»,-Ստրասբուրգի արվարձանում ինձ ասում էր Հրաչ անունով մի տղա, որը շքեղ BMW էր վարում: Նա առանց հոնքը շարժելու ասում է, որ գցող է ու բնության գրկում ինձ ծանոթացնում է մի քանի գցող հայերի հետ:
Միասին գնում ենք «Բոմեղ կլաս» հյուրանոց: Այստեղ հիմնականում Հայաստանից փախած մարդիկ են ապրում: Ներքեւ է իջնում մեկը: Նրա հետ պայմանավորվել է, որ էժանով բջջայիններ պիտի բերի: Սա բերում է 10 տարբեր մակնիշի հեռախոսներ իրենց համարներով: Բոլորը գողացել է:
«Էստեղ բոլոր հայերն էլ գողանում են»,-ասում է այդ տղան: Հրաչի մյուս ընկերը` Արտյոմը, ինձ հարցնում է` քեզ ի՞նչ շոր է պետք, կես ժամից կես գնով բերեմ: Նա ընդամենը 7 ամիս առաջ է Ստրասբուրգ եկել:
Հետո շարունակում է. «Սրանք հարիֆ մեռնում են»: Այսինքն` սրանք ինձ վստահում են, իմ մեջ գողին չեն տեսնում, այսինքն` մարդ են, այսինքն` իրենց մտքով չեն անցկացնի գալ Հայաստան, շոր գողանալ ու կես գնով վաճառել:
Ու այդ պատճառով հարիֆ են: Այսինքն` քանի որ կարիք չկա անզորությունից հայերի նման գողություն անել, իրենք իրենց հողի վրա ստեղծել են իրենց կանոնները, որոնք ոչ մեկի դեմ չեն, ու դրանք ազատության կանոններն են, հայերը որոշել են, որ նրանք հարիֆ են: Այսինքն` ազատությունը հարիֆություն է: Ու այս պատկերացումով կազմակերպում են իրենց գոյությունը բոլորի դեմ:
Մենք «երեւակայության» ժողովուրդ ենք: Համոզվելու համար բավական է տեղեկանալ, թե Աշոտ անունով մի տղա ինչպե՞ս է օրը ցերեկով հսկա սառնարան գողացել Ստրասբուրգի էլեկտրոնիկայի խանութից: Այս մասին պատմում է Աշոտի ընկերը, որը գողության համամասնակիցն է:
«Միասին մտանք խանութ: Աշոտը պոկվեց սառնարանների բաժին, ես` DVD-ների: Խանութում շատ մարդ չկար: Աղմուկ բարձրացրի: Ով կար-չկար հավաքվեց իմ մոտ:
Ի՞նչ է եղել: Ասում եմ, որ ստեղից DVD եմ առել, շատ անորակ էր, բոլոր դիսկերս փչացրել է, պիտի փոխհատուցեք: Ինձ հանգստացնում են, իսկ Աշոտը մի հսկա «Panasonic» սառնարան բրդում է դեպի խանութի մուտքը: Տեղ հասավ, ես հանգստացա: Աշխատողները գնացին իրենց տեղերը: Աշոտը մուտքի մոտ սպասում է:
Վաճառողը հարցնում է` ի՞նչ խնդիր կա: Աշոտն ասում է` այս սառնարանը ձեզնից եմ գնել, լավ չի աշխատում, բերել եմ հանձնեմ: Չեն էլ հարցնում, թե ինչը լավ չի: Ասում են` սառնարանի տեխնիկական անձնագիրը ձեզ մո՞տ է: Աշոտն ասում է` չէ: Ասում են` տար տուն, վաղը անձնագրով կբերես»,-պատմությունը վերջացնում է ընկերը:
«Երեւակայության» մեկ ուրիշ նմուշ: Մարինե անունով մի աղջիկ տուրիստի ուղեգրով 2005-ին փախել է Ստրասբուրգ եւ պրեֆեկտուրային է հանձնվել իբրեւ ադրբեջանցի փախստական: Հորինել է մի իսկական դեդեկտիվ: Երկար ժամանակ` հայ-ադրբեջանական կոնֆլիկտից սկսած մոտ 17 տարի, ապրել է հայերի անհանդուրժողականության մեջ:
Հայրը «ադրբեջանցի» է, մայրը` հայ: Պրեֆեկտուրան նրա համար ստեղծել է առանց կոպեկ ծախսելու գոյության բացառիկ պայմաններ` տվել է տուն, կահույք, հագուստ, ամենօրյա սնունդ, 1000-ից ավելի եվրո մեկ ակնոց գնելու համար եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելու անվճար իրավունք մինչեւ կորոշեն` ընդունու՞մ են, որ նա ազգամիջյան խնդիրներ է ունեցել, թե՞ ոչ: Նա ինձ ցույց տվեց անվճար երթեւեկելու վկայականը:
Ազգանվան դիմաց գրված է` Ահմեդովա: Մինչդեռ նրա իսկական ազգանունը Հարությունյան է: Ինչպե՞ս է հաջողացրել: «Ծանոթ հայ տղերքն են արել»,-խոստովանում է «Ահմեդովան»: Իսկ «ծանոթ հայ տղերքն» ինձ ասում են, որ նա գցելով է ապրում: Ինչու՞: «300 եվրոյով ստեղ չես ապրի»,-պարզաբանում է 32-ամյա Գագիկը: 300 եվրոն պետության այն նպաստն է, որը նա տրամադրում է «փախստականի» կարգավիճակ մուրացողին` վերջինիս հնարավոր եւ անհնարին բոլոր խնդիրները լուծելուց զատ:
Ուրեմն, մեր «Ահմեդովան» փախել է իբր ադրբեջանցու հանդեպ մեր անհանդուրժողականությունից: Իբր մենք` հայերս, մեր բոլոր անորակություններով հանդերձ նաեւ վայրենի ենք, այսինքն` ամրագրում է վայրենիի մեր համբավը:
Ստրասբուրգում գցում է տեղացիներին ադրբեջանցու անունից եւ իր մասով արատավորում նաեւ ադրբեջանցուն, որն իրեն համենայնդեպս ոչ մի վատ բան չի արել: Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ ընկալում է հայերի միջոցով ներխուժում Եվրոպա: Դա ընկալում է Եվրոպայի դեմ:
Դա ընկալում է Եվրոպան այնպիսի տարածք դարձնելու, ինչպիսին քոնն է, որտեղից փախել ես, քանզի ոչ մի կասկած, որ այդպիսի ընկալմամբ, որով Հայաստանում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, ոչ ոք քեզ շանս չի տա Ստրասբուրգում ապրելու: Դրա համար էլ փախել ես:
Դա ընկալում է Եվրոպան «հայրենիք» դարձնելու, որտեղ երբեք չես վերադառնա: Ամենուր Հայաստանի հայերը ուրիշի համար իրենց երկրից փախնելու կամ հայերին այդ երկրներից վռնդելու հող են ստեղծում:
Այստեղ` Հայաստանում, այդ փախուստի հող են համարվում կոռուպցիան, աղքատությունը, հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, փողոցներում սննդի փնթի վաճառքը, վաճառողի` մանր չունենալը, սրճարանում մանր չվերադարձնելը, այսինքն` Հայրենիքը մսխելու պրոցեսը:
Որովհետեւ եթե դու կոտորածից չես փախել` տառապանքն ու հարազատիդ արնաշաղախ դին հոգուդ մեջ` որտեղ էլ որ լինես, այլ փախել ես Հայրենիքը մսխելու պրոցեսի մեջ քո դերի բացակայությունից, ուրեմն դու նույն մենթալիտետի մարդ ես, ինչից, իբր, փախել ես, ուրեմն դու Ստրասբուրգում չես, այլ Ստրասբուրգի մեջ քո երկրում, ուրեմն դու դու ես եւ այդպիսին ես ողջ տիեզերքում եւ ամենուր դու ապրելու ես` մսխելով ուրիշի վստահությունը, քաղաքակիրթ ապրելու` ուրիշի տարիների ջանքը, որն իր մեջ կրում է իմ, քո, նրա, հայի, թուրքի արժանապատվությունը եւ հրաժարվում է քեզ ընկալել Հայրենիքը մսխելու պրոցեսի մեջ քո դերի բացակայությամբ:
Մհեր Արշակյան
Ստրասբուրգ-Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել