
Որսի սեզոնային արտոնագրի գնի բարձրացումը կրճատել է որսորդությամբ զբաղվողների թիվը
Ցորենի հերկած դաշտերում լսվող կրակոցի ձայներն ազդարարում են լորի որսաշրջանի բացումը: Տրակտորներին եւ բերքը հավաքող գյուղացիներին արդեն 4-րդ օրն է փոխարինում են որսորդները: Նրանց ուղեկցող որսաշները, որ գրեթե 9 ամիս տան կամ բակի սահմաններում են անցկացրել ժամանակը, վայելում են ազատությունը: «Իրենք էլ մեր նման սպասում են էս օրվան»,-ասում է որսորդներից Մուրադ Մարտիրոսյանը՝ մոտ կանչելով դրախտար ցեղատեսակի որսաշանը: Որսորդներից Էդուարդ Մաթեւոսյանն առանց ուղեկցող չորքոտանու է մասնակցում որսին, ասում է՝ խնդիր չէ, պարզապես պետք է ուշադիր լինես եւ տեսնես, թե կրակոցից հետո ուր է ընկնում լորը: Ծնունդով գյումրեցի Էդուարդը 20 տարուց ավելի է բնակվում է Սանկտ-Պետերբուրգում, սակայն ձգտում է ամռան ամիսներն անպայման անցկացնել հայրենի քաղաքում:
«2014թ-ից արդեն գալիս եմ էն տարբերակով, որ որսի սեզոնին լինեմ Գյումրիում: Ես մի 5 տարի է, որ զբաղվում եմ որսորդությամբ, ձուկ բռնելու էլ ենք գնում ընկերներով: Սա հոբբի է ու կարծում եմ, որ նաեւ սպորտային վիճակում է պահում տղամարդուն, չնայած շատ ենք հոգնում՝ ֆիզիկապես հնարավոր չէ ասենք մի երկու օր իրար հետեւից գնալ որսի, եթե մինչեւ էդ էլ ասենք ձկի ես գնացել, ինքը հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածություն է»,-նկատում է Էդուարդը՝ տեղավորվելով ծառերի ստվերում պատրաստված ճաշի սեղանի մոտ:
Որսորդների խումբը հանգստանում է: Առավոտ վաղ սկսած որսը սովորաբար կեսօրն անց՝ արեւի այրող ճառագայթների պարտադրմամբ ընդհատվում է: Տղամարդիկ 3-4 ժամ տեւող ընդմիջումն անցկացնում են զրուցելով, «մի կտոր հաց ուտելով», կատակելով ու աշխարհաքաղաքական հարցեր քննարկելով, որտեղ իհարկե առաջին տեղում որսն է, որսի հետ կապված վերջին շրջանում առաջացած խնդիրները:
«Ես որսի համար նախատեսված օրերի սահմանափակմանն, օրինակ, դեմ չեմ,-նկատում է Մուրադ Մարտիրոսյանը,-նախկինում նման բան չկար: Հայտարարվում էր որսի սեզոնի բացում ու դու բոլոր օրերին կարող էիր դուրս գալ որսի, բայց էս դեպքում դու ունեիր ընտրություն՝ կուզեիր երկուշաբթի ու հինգշաբթի կգնայիր, կուզեիր՝ չորեքշաբթի, ուրբաթ ու կիրակի: Շաբաթվա մեջ 3-4 օրը որսի գնալու համար շատ օպտիմալ տարբերակ է, բայց պարտադրել մարդկանց, թե պիտի անպայման չորեքշաբթի, շաբաթ ու կիրակի օրերն օգտագործեն՝ իմ կարծիքով սխալ է: Ֆիքսած օրերին կարող են նաեւ մարդկային կուտակումներ լինել»:
Անցած տարի եւ այս տարեսկզբին, շրջանառվում էր առաջարկ՝ որսորդության արգելումը ՀՀ տարածքում 5 տարով: Առաջարկի հեղինակները պատճառաբանում էին, թե ոլորտում հստակություն չկա, վերահսկողությունը կաղում է, որոշ կենդանատեսակների ու թռչնատեսակների պոպուլյացիան վտանգված է: Այս տարվա մայիսից մինչեւ որսաշրջանի բացումը, սիրողական որսորդությամբ զբաղվողներն անցկացրեցին կառավարության շենքի մոտ եւ Շրջակա միջավայրի նախարարության կաբինետներում՝ փորձելով քննարկումների միջոցով հասկանալ նման կտրուկ դիրքորոշման պատճառները:
«Որսի արգելումը չեղարկվեց ի վերջո, դրա փոխարեն մեզ տվեցին որոշում որսի համար նախատեսված օրերի սահմանափակման ու արտոնագրի գնի բարձրացման հետ կապված,-նկատում է «Աղավնաբազե. որսորդների եւ բնապահպանների միության» նախագահ Հովհաննես Խնուսյանը,-մեր հկ-ն 1100 անդամ ունի, անցած տարի արտոնագիր գնել է 250 հոգի, էս տարի արտոնագիր տվել եմ 77-ին ու պատճառը գինն էր՝ 8 հազար դրամից դարձրեցին 17 հազար 40 դրամ: Տարիքով, մոտավորապես 74 տարեկան որսորդ ունեմ, եկել էր, թե՝ ես չեմ կռնա էդ արտոնագիրն առնի, 34 հազար դրամ թոշակ կստանամ: Մարդու մեջ էդ ազարտը հլը կա, հասկանու՞մ եք, բայց փող չկա: Ես ճիշտն ասած կառաջարկեի, որ լորի համար տրվող արտոնագիրն առանձնացվեր, որովետեւ, օրինակ, ամեն մարդ չէ, որ էնքան ֆիզիկական պատրաստվածություն ունի, որ կաքավի որսի գնա, բայց գոնե լորի որս կանի»:
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ստորագրել էր որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Համաձայն նոր որոշման, որսը թույլատրվում է իրականացնել միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին։ Հրամանով երկրորդ տարին անընդմեջ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվում կաթնասունների որս` բացի գայլերից և շնագայլերից։
Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները լորի համար հետեւյալն է. 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 8 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում), աղավնի (թխակապույտ և անտառային) – 2019 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ որս/օրվա ընթացքում՝ թխակապույտ աղավնի՝ 4 հատից ոչ ավելի և անտառային աղավնի՝ 2 հատից ոչ ավելի), կաքավ (քարակաքավ) - 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (յուրաքանչյուր որսորդ՝ 5 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում) եւ այլն:
Հովհաննես Խնուսյանի փոխանցմամբ` արտոնագրի այս տարվա բարձր գինը նախարարությունը հիմնավորել է լորի գնի փոփոխությամբ: «Մեր մոտ լորը մինչեւ նախանցյալ տարի 100 դրամ էր, անցյալ տարի 110 եւ հիմա դարձել է 120 դրամ,-ասում է Հովհաննեսը,-թե ինչի՞ հիման վրա է թանկացել, չգիտենք: Մեր որսորդ ընկերներից Բագրատը կատակեց, թե էն ժամանակ երեւի լորը գուկար սովորական ռեյսով, հիմի՝ չարտերով: Գնագոյացման մեխանիզմն ու հաշվարկն անհասկանալի է մեզ համար՝ կեր են տվե՞լ, պահե՞լ են, ծախս են արե՞լ լորի վրա, որ թանկացել է՝ պարզ չէ»:
Որսորդները հույս ունեն, որ հաջորդ տարվա համար՝ վերլուծելով արդեն այս տարվա արդյունքներն, ավելի խելամիտ պայմաններ կառաջարկվեն:
Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Խնուսյան
Մեկնաբանել