HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արջերը հաց են ուտում, մինչև լուծվի կերի հարցը

Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու արջերին կերակրելու համար մոտ 25 տարի է այգու սեփականատերը՝ «Վայրի կենդանիների փրկության կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Թադևոսյանը, Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասից, նախարարության թույլտվությամբ, բերում է ճաշարանի թերմացքը: Նրա խոսքերով՝ արդեն երրորդ ամիսն է զորամասից թույլ չեն տալիս, որ սննդի մնացորդը բերի: Զորամասից պատասխանել են, տալիս են խոզ պահողներին, անվճար:  Արմեն Թադևոսյանը դիմել է հրամանատարությանը, խոստացել են մի քանի օրվա ընթացքում պատասխան տալ՝ թերմացքը տալու են արջերին, թե ոչ: Երբ Արմեն Թադևոսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունից ունի թույլտվություն, զորամասի ազգությամբ ռուս սպաներից մեկը հեգնանքով պատասխանել է, թե զանգի նախարարին՝ հետը խոսեմ:

«Այժմ 3 օրը մեկ հացի փռերից հետ եկած հացերն եմ 5000 դրամով գնում, թրջում եմ, որ արջերը ուտեն: Դա հերիք չի անում, տալիս եմ, որ գոյությունը պաշտպանեն մինչև տեսնեմ ինչ է լինում»,- ասում է Ա. Թադևոսյանը:

Արմավիրի կենդանաբանական այգում 4 արջ կա՝ հասուն զույգ արջն ու նրանց երկու քոթոթները: Արմեն Թադևոսյանը պատմեց, որ կերը զորամասից բերել են շաբաթը երկու անգամ, ամեն անգամ 12 դույլ և դրանով կերակրել են ոչ միայն արջերին, այլև այլ կենդանիների:

Այգում կա նաև առյուծ, որի կերը գնում են շուկայից: Հիմնականում անասունի թոքերով են կերակրում, որի կիլոգրամի արժեքը 300 դրամ է: Բացի այդ, գնում է ոչ հիվանդ, սակայն վնասված անասունի միս, օրինակ՝ ավտովթարից ընկած, առվույտից ուռած և այլն: Ասում է, որ տարածաշրջանում բոլորը գիտեն իր կենդանիների մասին և նման միսը, որը շուկայում վաճառքի ենթակա չէ, առաջարկում են իրեն:

Արմենը պատմեց, որ դժվար է հատկապես աֆրիկյան ջայլամներին պահելը: Նրա խոսքերով՝ ջայլամները շատ են ուտում: Նրանց կերակրում է աղացած ցորենով, գարով և եգիպտացորենով: Երկու ջայլամները միասին օրական ուտում են 10 կգ կեր: Արմենն ունի նաև ավստրալական էմու ջայլամ, որին 1988թ-ին բերել է Կիևի կենդանաբանական այգուց:

Արմավիրի կենդանաբանական այգու ամենալուրջ հարցը ոռոգման ջուրն է և մի քանի կենդանիների ճաղավանդակները: Այգու տարածքում կենդանիների զգալի մասի համար ստեղծված էին ազատ բնությանը մոտ պայմաններ: Օրինակ` ջայլամները, ուղտը պահվում էին մեծ տարածքներում: Փոխարենը փոքր էր արջերի ճաղավանդակ, որոնց համար էլ կառուցվում է նորը:

Արմեն Թադևոսյանն ասում է, որ արդեն 20 օր է քաղաքի մայր ջրանցքում ջուր չկա և նույնիսկ կարապների արհեստական լճակը ջրով ապահովելու համար արտեզյան ջուր է օգտագործում, որի վարձավճարի չափը զեղչով ժամը 800 դրամ է: 

«Ժամը 800 դրամ պետք է վճարեմ արտեզյան հորից ջուր վերցնելու համար: 8 հա անտառային տարածք է, սովորական այգի չէ, որ մարգ-մարգ ջրեմ: Մի կողմով ջուրը գնում է, կարող է 350 մետր էլ գնա: Ինձ օրեր են պետք ջրելու համար, իսկ ես չեմ կարող ժամը 800 դրամ վճարել: Որ մայր առուն ջուր է լինում մի կերպ կարողանում եմ ծայրը ծայրին հասցնել»,- նշում է Ա. Թադևոսյանը: 

Վանդակներում կան թթի ծառեր, վայրի ծիրանի, սալորի ծառեր, որը կենդանիների համար կեր է դառնում: Իսկ ջրի բացակայությունը վատ է անդրադառնում ծառերի վրա: Տարածքում գրեթե խոտածածկույթ չկա՝ ի տարբերություն գարնան փարթամ կանաչի:

Արմավիրի կենդանաբանական այգին գործում է արդեն 29 տարի: Արմենը պատմեց, որ այգում, բացի կարապներից, հավաքվել են մարդկանց ձեռքից փրկված թռչուններն ու կենդանիների մեծ մասը: Նշում է, որ կենդանիների համար կենդանաբանական այգու տարածքն ավելի անվտանգ է, քան ազատ բնությունը:

Օրինակ, այգու միակ ուղտը 23 տարեկան է: Արմենն ասում է, որ արդեն ծեր է, դժվար է տեղաշարժվում: Գյումրու շարժական կենդանաբանական այգում ցուցադրվող ուղտն է: Չեն կարողացել պահել, վաճառել են այլ անձանց: Արմենն էլ ուղտին փոխանակել է լամայի հետ և բերել Արմավիր:

Այս օրերին այգում շինարարություն է ընթանում: Անգղերի համար ժայռային լուծումներով նոր ճաղավանդակ է կառուցվում: Ընթացքի մեջ է արջերի վանդակի կառուցումը: Այս տարվա ընթացքում աշխատանքները կավարտվեն, քանի որ արջերի վանդակն արդեն 29 տարվա է, և նորի կարիքը զգացվում է: Արմավիրի համայնքապետարանն այդ նպատակով հատկացրել է 1 մլն դրամ, սակայն հաշվարկով ամբողջ աշխատանքի գինը կազմում է 3 մլն 700 հազար դրամ: Արմենն ասում է, որ մնացած գումարը պարտքով է գտնելու:

Արմեն Թադևոսյանը պատմեց, որ իրենց կենդանաբանական այգին եկամտաբեր չէ և նման նպատակ չի էլ հետապնդել: Ասում է, որ դեռ փոքրուց սիրել է կենդանիներին և հիմա ընտանիքով լծվել են այդ գործին: Նշեց, որ այցելուների մեծ մասն անվճար են զբոսնում տարածքում: Մինչդեռ օգնության կարիք ունի: Եթե օգնողներ լինեն տարածքը կբարեկարգվի, կենդանիների համար ավելի հարմար ճաղավանդակներ կկառուցվի:

Տարածքում զբոսնելու ժամանակ թռչուններն ու կենդանիները ճանաչում էին Արմենի ձայնը և համապատասխան ձայներով արագ արձագանքում էին: 

«Բոլոր կենդանիներն էլ վտանգավոր են: Օրինակ, ասում են ջայլամները թռչուն են, անվնաս, բայց կարող է մարդուն գցեն ոտքերի տակ: Բայց մեր վերաբերմունքն այնպիսին է, որ նրանք մեզ հարգում են որպես ծնող, պահապան: Կենդանիները զգում են»,- ասում է Ա. Թադևոսյանը:

Պատմեց, որ որոշ բնապահպաններ և շահագրգիռ անձինք ցանկանում են փակել բոլոր կենդանաբանական այգիները և պարբերաբար սուտ լուրեր տարածելով՝ փորձում են վարկաբեկել տերերին: Մինչդեռ, ըստ նրա, կենդանիներին պահելով այգու տարածքում՝ միայն օգնում է բնությանը, որ նրանք մարդկանց զոհ չդառնան, բազմանան և չվերանան: Օրինակ՝ եղնիկը խաշլամա չդառնա, արջը՝ մուշտակ և այլն: Ասում է, որ տարբեր ժամանակահատվածներում այգու տարածքում երեք կապիկի թույնել են, քանի որ կապիկը համարվում է կենդանաբանական այգու զարդը:

«Ուզում են հանրապետությունում մեկ կենդանաբանական այգի լինի և դա Երևանի կենդանաբանական այգին է: Երևանի կենդանաբանական այգու տնօրենի խոսքն է, հեռուստատեսությամբ է ելույթ ունեցել, և սկսել է փնովել իմ այգին»,- ավելացրեց Ա. Թադևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter