HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24-րդ տարին բանտախցում փակված` շարունակում եմ իմ «հեղափոխությունը»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, անձամբ չճանաչելով ինձ, այցելում են բանտ, հանդիպում ենք և դառնում  ընկերներ: Մեր հանդիպումների ժամանակ ես ինձ առհասարակ բանտարկյալ չեմ զգում` տեղափոխվում եմ ազատ միջավայր, նստած Երևանի սրճարաններից մեկում`զրուցում ենք: Կհարցնեք՝ ինչի՞ց ենք զրուցում, թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր ծայրերից այցելության եկած մեր հայրենակիցների, նաև արտասահմանցիների հետ: Այն ամենից, ինչ հուզում է շատերիս՝ արդարությունից, ազատությունից, քաղաքականությունից անգամ, տիեզերքից, սիրուց, հավատից, բանտից…

Բանտի աշխատակիցներն էլ են զարմանում, երբ տեսնում են, որ ինձ այցելության են գալիս նույնիսկ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Գերմանիայից: Մարդիկ են, ովքեր մեր` Զարուհու ու իմ մասին իմանում և հետևում են հիմնականում համացանցի միջոցով: Բոլորն էլ վառ անհատականություններ են, ոմանք քիչ, թե շատ նաև ծանոթ մեր հանրությանը: Երբ ինձ ուղեկցում են առաջին հարկ` տեսակցությունների հատվածը, ճանապարհին հանդիպում են իրավապաշտպաններ, փաստաբաններ, ծանոթ-անծանոթներ և ոմանց հետ, տեսնելով իրար առաջին անգամ, ջերմ գրկախառնվում ենք: Հուզիչ է այս ամենը, միաժամանակ ոգևորող:

Հյուրերիս պատմում եմ, որ 24-րդ տարին բանտախցում փակված` շարունակում եմ իմ «հեղափոխությունը» դատաիրավական և քրեակատարողական համակարգերում: Պատմում եմ, որ հակաիրավական ռեժիմների օրոք ես ենթարկվում էի նաև ֆիզիկական խոշտանգումների իմ պայքարի համար:

Վերջերս ականատես եմ լինում նախկինում մահապատժի դատապարտվածների վրդովմունքին, որին, բնականաբար, ինքս էլ եմ միանում: Խնդիրն այն է, որ նախկինում անխտիր բոլորիս նկատմամբ աննշան պատճառով կամ ուղղակի շինծու եղանակներով բանտի վարչակազմը անընդհատ տույժեր տալու որոշումներ էր կայացնում: Սա հակաիրավական քաղաքականություն էր: Օրինակ` գրավոր նկատողություն էին անում խցակիցների միջև բարձր խոսելու համար, իբր վիճաբանել են: Կարող էին խցի դուռը բացել, ասել՝ պետական-սեփականով դո՛ւրս: Պիտի արագ հավաքեիր իրերդ ու դուրս գայիր միջանցք, հետո խառնում էին բոլորին, չէին հարցնում կարծիքդ անգամ, ու վայ ընդդիմացողներին, շանսատակը պատրաստ էր: Մեզ տանում էին տարբեր խցեր, որտեղ կարող է քնեիր անգամ սառը քարե գետնին: Մի խոսքով, գոյատևման պայքար էր: Նկատողություն էին անում, կամ նույնիսկ պատժախուց էին տանում, երբ մարդ իր իրավունքներն էր փորձում պաշտպանել և դա հիմնավորում էին նրանով, թե, իբր, դատապարտյալը զազրախոսել է աշխատակցի հետ: Ինչ էլ բառ է` «զազրախոսել»: Մեկ այլ օրինակ. մարզախուց այն ժամանակ չկար, և շատերս շշերով գանտելներ էինք պատրաստում, որ մարզվենք: Եղել են դեպքեր, որ դրա համար տույժ են տվել:

Մի քանի տարի է, որ նման տույժեր այլևս չեն տալիս մարդկանց, քանի որ կա մարզախուց, մարզամրցումներ են կազմակերպվում, հասկանում են, խցում կարող են և՛ բարձր խոսել, և՛ բանավիճել, հասկանում են, որ դատապարտյալն իրավունք ունի կարծիք հայտնել, պաշտպանել իր իրավունքները և այլն, սակայն…

Սակայն մինչ օրս այդպես էլ չի տվում իրավական գնահատական նախկինում կատարված անօրինություններին: Մինչ օրս այդպես էլ անդրադարձ չի կատարվում նախկինում կայացված անօրեն դատավճիռներին: Եթե նույնիսկ ենթադրենք, որ քննիչները, դատախազները, դատավորները մի ակնթարթում թավշյա կերպով օրինապաշտ դարձան ու այլևս հրահանգներ չեն կատարում, գումարի դիմաց ակտեր չեն կայացնում, ինչը, իհարկե, այդպես չէ, այնուամենայնիվ, անցյալում կայացված անօրեն դատավճիռներին ե՞րբ և ո՞նց պետք է անդրադառնան: Առանց այդ գնահատականի և սխալների ուղղման հեղափոխությունը չի կարող կայանալ:

Օբյեկտիվ լինելու համար պետք է ասեմ, որ վերջին ամիսներին, իրոք, հեղափոխական մոտեցումներ եղան մեր` ցմահ ազատազրկվածներիս նկատմամբ: Հեղափոխական օրենք ընդունվեց` ցմահ ազատազրկվածը այսուհետ կարող է տեղափոխվել բաց ռեժիմի քրեակատարողական հիմնարկ: Հեղափոխական մոտեցում ցուցաբերվեց` արդարադատության նախարարի հրամանով ներդրվեց բալային համակարգ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի հետ կապված: Այնուամենայնիվ, այս հեղափոխական մոտեցումները դեռ մնում են սիրուն օրենքներ, հրամաններ թղթին գրված, իսկ իրական կյանքում կիրառվում են խիստ կամայական: Օրիանկ` ռեժիմային գոտիները փոխելու հստակ կանոնակարգում դեռ չկա, ինչը հղի է կոռուպցիոն ռիսկերով, ոչ օբյեկտիվ մոտեցումներով:

Նախկինում մահապատժի դատապարտվածներս տույժեր ունենք, որոնք հիմնականում շինծու են: Ներկայումս նման տույժեր գրեթե չեն լինում: Նախկինում երբևէ չէին կիրառում խրախուսանքների ինստիտուտը: Հատուկենտ խրախուսանքներ սկսեցին տալ միայն վերջին տարիներին, այն էլ բազմաթիվ բողոքներից և այս հարցի մասին բարձրաձայնումներից հետո:

Այս ամենից հետևում է, որ հեղափոխական մոտեցումները պետք է շարունակական լինեն` տարածվեն այլ ինստիտուտների վրա, որպեսզի գործնականում բացառվեն կոռուպցիոն ռիսկերը և ոչ օբյեկտիվ մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter