Յուրիի օր
Տարիներ առաջ ռուսական «Նովի միր» գրական ամսագրում մի էսսե կարդացի։ Հեղինակը, պատմելով իր դժվար կյանքը, գործազրկության ու աղքատության մեջ անցկացրած օրերը, դիմում էր Աստծուն. «Տեր Աստված, ինձ այսքան փորձեցիր աղքատության մեջ, մի քիչ էլ հարստության մեջ փորձիր»։
«Նովի միր»-ում հանդիպած այս խնդրանքը դժվար թե հիշեի, եթե վերջերս չկարդայի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը մամուլում։ Նորաստեղծ կուսակցության առաջնորդը, ով, ըստ «Ֆորբս» հանդեսի, համարվում է Հայաստանի ամենամեծ կարողություն ունեցող մարդկանցից մեկը, ասում է. «Աղքատ երկրում հարուստ լինելն այդքան էլ լավ չէ։ Հարուստ պետք է լինես հարուստ երկրում, որին էլ ձգտում եմ ես»։
Ինչո՞վ է վատ աղքատ երկրում հարուստ լինելը, պարոն Ծառուկյանը չի մանրամասնում։ Ենթադրելն էլ դժվար է. գոնե մեկ անգամ պետք է աղքատ երկրում հարուստ եղած լինես, որ պատկերացում կազմես, թե ինչպիսի անլուր դիսկոմֆորտի մեջ են ապրում սակավաթիվ մեծահարուստները, ովքեր իրենց ճակատի արդար քրտինքով վաստակածը չեն կարողանում վայելել ըստ պատշաճի։ Հարցազրույցի վերջում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը, այնուամենայնիվ, բացում է փակագծերը. «Որոշ մարդիկ մտահոգ են ոչ թե իրենց անհաջողությունների համար, այլ Ծառուկյանի հաջողությունների»։
«Որոշ մարդիկ» ասելով՝ պարոն Ծառուկյանն, անշուշտ, նկատի չունի Հայաստանի հարյուր հազարավոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն տասնհինգ տարի ճաշակում են անցումային շրջանի պտուղները՝ թերսնում, երբեմն' քաղց, գործազրկություն, ցածր վարձատրությամբ ծանր աշխատանք, կրթությանն ու երբեմնի կարգավիճակին անհամապատասխան նվաստացուցիչ զբաղմունք եւ այլն։ Ոչ, նրանց նկատի չունի, որովհետեւ դա մեր ժողովուրդն է, ում հետ նա ապրում է «լենունեղ օրով» եւ ում «մատից փուշ է հանում» հարսանիքի, կնունքի կամ թաղման առիթով։
Ընդհանրապես, ժողովրդի մատի եւ նրա մեջ մտած փշի թեման ԲՀԿ-ի առաջնորդի հարցազրույցի կարմիր թելն է։ Եւ այստեղ հարուստ երկրում հարուստ լինելու իղձը, որ կարելի է նաեւ որպես խոստում ընկալել, դառնում է մի քիչ կասկածելի, որովհետեւ առաջին անհրաժեշտ օգնության այդ միջոցառումն ու հարուստ երկիրը բավականաչափ տարբեր բաներ են։ Այս երկուսի համադրումն ամենեւին հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել նորաստեղծ կուսակցության քաղաքական եւ հատկապես տնտեսական ռազմավարության մասին։
Եթե խոսքն ընդամենը եւ միայն մատից փուշ հանելուն է վերաբերում, ապա այդ բանը տարիներ շարունակ մեր հանրապետությունում արվում է, ասենք, «Փարոս», «Սնունդ աշխատանքի դիմաց», «Սնունդ կրթության դիմաց», «Սնունդ հանուն առաջընթացի» եւ նմանատիպ բազմաթիվ ծրագրերով։ Մեկ պարկ ալյուր կամ շաքար բաժանող ցանկացած կազմակերպություն իր հաշվետվության մեջ կարող է հատ-հատ ներկայացնել մարդկանց մատներից հանված փշերը, բայց դրանով Հայաստանը չի դառնում, չէ՞, հարուստ երկիր, որ կալգոտկաների համեստ արտադրամասից մեծ բիզնեսի ճամփա ընկած հարուստներն էլ իրենց լավ զգան։
Եթե խոսքը վերաբերում է «ծնունդ-կնունք-քելեխ-վերջին զանգ» սխեմային, ապա դրա համար կարիք չկա նոր կուսակցություն ստեղծել, առավել եւս այն կոչել «Բարգավաճ Հայաստան» ամպագոռգոռ անունով։ Կարելի է շարունակել տեղական նշանակության բարերարությունը՝ այն չտարածելով ամբողջ երկրում եւ հասարակարգի վերածելու հավակնություններ չցուցաբերելով։
Սխալ չհասկացվի. ես չափազանց բարձր եմ գնահատում բարերարությունը, ցանկացած չափի ու ցանկացած ձեւի բարերարությունը։ Ինքս երբեք անտարբեր չեմ անցնում փողոցային մուրացկանների կողքով, բայց տասը դրամի բարերարություն անելուց հետո մտքովս անգամ չեմ անցկացրել, թե կարելի է այդօրինակ առաքինությունը դարձնել հասարակական կյանքի մոդել։ Եւ որպես այս նավի սովորական համարում ապրող մի քաղաքացի' երբեք չեմ կարող համաձայն լինել, որ ինչ-որ մեկը «տիրություն անի» մեզ՝ հանուն գալիք «ինքնըստինքյան» զարգացման։
Չեմ կարող համաձայն լինել, որովհետեւ ժողովրդավարական, ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրին անհարիր է «տիրություն անել» հասկացությունը, որովհետեւ տիրություն կարող է անել ստրկատերը ստրուկին, ճորտատերը' ճորտին, աղան' բատրակին, չինովնիկը կամ օլիգարխը' իր վարորդին ու թիկնապահին, օրենքով գողը' այսպես կոչված հարիֆներին։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Հայաստանում գործող Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն' իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ որ իշխանության «յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Իսկ հիմնական օրենքի երրորդ հոդվածն արձանագրում է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են», որ պետությունը պետք է ապահովի «մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» եւ, որ ամենակարեւորն է, «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով»։
Նորաստեղծ կուսակցության ղեկավարի հարցազրույցում չկա գեթ մեկ նախադասություն, որը կհամապատասխանի անցած աշնանը անմարդ հանրաքվեով սղացրած սահմանադրությունից մեջբերված այս կետերին։ Փոխարենը բազում են հասարակարգի ֆեոդալականացումն ապացուցող արտահայտությունները, ինչպես, օրինակ. «…երբեք թույլ չենք տվել մեզ՝ իրարից մարդ տանել-բերել» (խոսքը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին է), «…նա կառավարության ենթական էր ու պետք է իրենց հետ գնար» (խոսքը Կոտայքի մարզպետի' ՀՀԿ-ին անդամագրվելու մասին է), կամ' «…իմ տնօրենը ո՞նց կարող է ուրիշ տեղ գնալ»… ։
Իմ սերնդակիցները հավանաբար դեռ չեն մոռացել ՍՍՀՄ, այսինքն՝ Ռուսիայի պատմության այն դասը, որը վերաբերում էր ճորտությունից ազատվելու աննշան հնարավորությանը։ Սկզբում կար մի օր, որին նախորդող եւ հաջորդող շաբաթների ընթացքում ճորտը կարող էր հեռանալ տիրոջից եւ տասնչորս օրում չհայտնաբերվելու դեպքում հայտարարվել ազատ։ Հետո, եթե հիշում եք, նախորդողն ու հաջորդողը հանեցին, մնաց միայն այդ օրը։ Հետո այդ օրն էլ հանեցին ու մնաց «Ա՜յ քեզ տատիկ, Յուրիի օր» հանրահայտ արտահայտությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել