HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Չգիտես ի՞նչ ասել, ասա ճշմարտությունը

Որպես Ամուլսարի ոսկու հանքը շահագործել-չշահագործելու խնդրի լուծում՝ դիտարկվեց նաև հանրաքվեի տարբերակը: Ընդ որում, այս տարբերակը մեջտեղ եկավ, երբ կառավարության գործողությունների օբյեկտիվությունը սկսեց կասկածելի թվալ:

Հանրաքվեն ժողովրդի ուղղակի մասնակցությունն է պետության համար կարևորագույն որոշումներ կայացնելիս, իշխանության բարձրագույն իրացման եղանակը, և զուր են հեգնական արտահայտությունները՝ հանրաքվեն դիտարկել իբրև պոպուլիստական, իշխանությունների՝ պատասխանատվությունից խուսափելու միջոց:

Այն հիմնավորումները, որոնք, որպես հանրաքվեի հակափաստարկ, ներկայացրին «Իմ քայլ»-ի պատգամավորները, տարակուսելի են:

«Ամուլսարի վերաբերյալ հանրաքվեն արդեն եղել է՝ ԱԺ ընտրությունների տեսքով»,- ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը: Ժողովրդի մասնակցությունը կարևորագույն որոշումներ ընդունելու հարցում սահմանափակելով միայն ընտրություններին մասնակցելով, չափազանց հանդուգն հայտարարություն է: Այսինքն՝ ձեր ձայնը տվել եք Նիկոլ Փաշինյանին, բարի եղեք խոր շունչ քաշել ու հանգիստ նստել ձեր տեղը: Նա ամեն ինչ կորոշի՞:

«Ի՛նչ իմաստ ունի հանրաքվե անել, երբ արդյունքն ի սկզբանե հայտնի է»: Սա նույն խմբակցության մեկ այլ պատգամավորի տեսակետն էր:

Այսինքն՝ իշխանությունն Ամուլսարի շահագործման հանրաքվեի արդյունքը ենթագիտակցորեն կապում է իրեն վստահություն կամ անվստահություն հայտնելու հետ: Ամուլսարի դեպքում սա մանիպուլյատիվ ելակետ է: Դեմ լինելով Ամուլսարի շահագործմանը՝ քաղաքացիների մեծ մասը փորձում է սատարել իշխանություններին՝ խուսափելու կասկածելի գործարքից:

Մյուս հիմնավորումն այն էր, թե Ամուլսարը նեղ մասնագիտական խնդիր է և պետք է որոշվի բացառապես մասնագետների եզրակացության հիման վրա: Այդ դեպքում, ի՞նչ հիմնավորմամբ է հանրաքվեի դրվում Սահմանադրությունը՝ իրավական այդ փաստաթուղթը: Հանրաքվեի մասնակիցների քանի՞ տոկոսն է իրավաբան: Իտալիայում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, բազմաթիվ այլ երկրներում, ի շարս այլ հարցերի, հանրաքվեի է դրվել նաև ատոմային էներգիան օգտագործելու կամ դրանից հրաժարվելու հարցը: Դժվար է պնդել, որ այս երկրներում հանրաքվեի բոլոր մասնակիցները ատոմային էներգետիկայի փորձագետներ են: Եվ, հետո, հիդրոերկրաբաններ չեն նաև վարչապետը և Քննչական կոմիտեն, որին, ի դեպ, վստահվել էր այս կարևոր հարցի հանգուցալուծումը: Նրանք էլ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, զրոյից են ծանոթացել նյութին:

Կարծիք հնչեց, թե հանրաքվե անել առաջնորդվելով մեծամասնության դիրքորոշմամբ՝ հիմնավոր չէ, քանի որ «Հիսուս Քրիստոսն էլ մեծամասնության որոշմամբ խաչվեց»: Հասկանալի է. սոփեստություն է: Այդ դեպքում, հիմք չպետք է ընդունել նաև ընտրությունների արդյունքները, երբ մեծամասնությունն իր ձայնը տվել է գործող իշխանություններին:

«Սա մասնավոր մի ընկերության խնդիր է, որը հանրաքվեի միջոցով լուծելը լուրջ չէ»: Հակափաստարկներից մեկն էլ սա էր: «Լիդիան»-ը, մասնավոր ընկերություն է, այո, որի գործունեությունն ազդեցություն կունենա  Հայաստանի ողջ էկոհամակարգի վրա, ինչպես մասնագետներն են վկայում:

Այլ հարց է, որ հարցը հանրաքվեի դնելու համար օրենսդրական մի քանի փոփոխությունների անհրաժեշտություն կլիներ, որն իրականացնելու համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը ԱԺ-ում կառավարությունն ունի: Կամ կա համարժեք լուծում՝ պլեբեսցիտը, որը փաստացի կարձանագրեր ժողովրդի վերաբերմունքը և կդառնար կառավարության հետագա քայլերի հիմք:

Ենթադրենք, ժողովուրդը չմիջամտեր կառավարության գործերին և սպասեր Ամուլսարի հարցով գրագետ լուծման: Ի՞նչ էինք ունենալու:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, կառավարությունը՝ ողջ կազմով՝ վարչապետի ղեկավարությամբ, Քննչական կոմիտեն ստանձնել էին «Լիդիան»-ի փաստաբանի դերը: Անգամ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատկերացրեք, տվյալներ չուներ, թե Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մարդկանց առողջության վրա ինչ ազդեցություն կարող էր ունենալ:

Փաստորեն, «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը կառավարության ղեկավարը ուշադիր չէր կարդացել և Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն իր համաձայնությունը տվել էր՝ ըստ իր պատկերացումների. «Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: …Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու Սևան: Ես 99.9 տոկոսով համոզված եմ, որ վնաս չի հանքի շահագործումը»:

Հասարակական ճնշումը վարչապետին հակեց Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-ի, Քննչական կոմիտեի մասնակցությամբ տեսակապ կազմակերպել: Որտեղ հնչեց այն միտքը, որն ամեն կերպ կառավարությունը, ՔԿ-ն խլացնում էին. «ԷԼԱՐԴ»-ի ներկայացուցիչը «Լիդիան»-ին ասաց. «Ձեր ուսումնասիրությունները ձախողված են, մեր բոլոր հարցերին ցիրկուլյար պատասխաններ եք տվել, պտտվել եք հարցի շուրջն ու ոչինչ չեք ասել: Մի շարք գործողություններ ընդհանրապես չեն ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ»:

Հանրությանը պետության համար կարևորագույն որոշումներում ներգրավելը ամենևին էլ պոպուլիզմին տուրք տալ չէ, ինչպես շատ վերլուծաբաններ են գրում: Հանրաքվեից կարելի է զգուշանալ, եթե ինչ-որ բան ես թաքցնում ժողովրդից և սպասում, որ ժողովուրդն իր ունեցած ոչ ամբողջական տեղեկության հիման վրա ոչ ճիշտ որոշում կկայացնի:

Երբ վարչապետը արտասանում է «պետության հավասարակշռված շահ» բառակապակցությունը՝ խորհրդավոր հնչերանգով, հասկացնում է, որ սա միայն բնապահպանական խնդիր չէ: Նույն խորհրդավոր տոնով են Ամուլսարի շահագործումը հիմնավորում իշխող ուժի ներկայացուցիչները՝ իբրև թե, իրենք գիտեն մի բան, որը հասու չէ, հայտնի չէ ժողովրդին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է ասում, որ Ամուլսարի հանքի շահագործումն անմիջական կապ ունի Արցախի խնդրի, բանակի հետ:

Տպավորություն է, որ սա արհետականորեն խճճված մի պատմություն է, և որ վարչապետն ինչ-որ բաներ թաքցնում է կամ թերի է ասում: «Չգիտես ինչ ասել, ասա ճշմարտությունը»,-պնդում է հին իմաստնությունը:

Այսօր վարչապետն իր վրա է վերցրել թերևս բոլոր գերատեսչությունների լիազորությունները: Սակայն վերցնելով բոլորի լիազորությունները՝ այդպիսով նա բոլորին ազատում է նաև պատասխանատվությունից՝ տպավորություն թողնելով, որ երկրում ամեն ինչի համար միակ պատասխանատուն ինքն է, քանի որ մեկ ուրիշը չկա: Իսկ դրա համար պետք է վճարի ժողովուրդը, քանի որ մեկ ուրիշը չկա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter