
Արմավիրի մարզպետն ու փոխմարզպետը՝ զինվորական ծառայությունից ազատվելու մասին
Արմավիրի թե՛ մարզպետը, թե՛ փոխմարզպետը զինվորական ծառայությունից ազատվել են առողջական հիմքով:
Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանը հայտնել են Արմավիրի մարզպետարանից:
Թե՛ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, թե՛ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը հրաժարվել են զինգրքույկի պատճենի այն էջն ուղարկել, որից երևում է, թե որ հոդվածով են ազատվել զինծառայությունից՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը:
Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք Կարեն Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը պատրաստ են կրկին բժշկական փորձաքննության ենթարկվել, վերջիններս դրական պատասխան են տվել:
Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին, գյումրեցի է, անկուսակցական:
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Հիշեցնենք, որ «Հետքը» պարբերաբար անդրադառնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաներին:
Մեկնաբանել