HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե գյուղից նախարար, փոխնախարար չեղավ, ուրեմն այդ գյուղի բանը բուրդ է

Ոչ միայն Արագածոտնի, այլեւ այցելածս մարզերի բոլոր համայնքներում սոցիալական իրավիճակը մասնակի յուրահատկություններով գրեթե նույնն է: Մի գյուղի, մի համայնքի բոլոր հոգսերը կարելի է պատճենահանել եւ ներկայացնել իբրեւ Հայաստանի մարզերի համընդհանուր իրողություն: Եվ ամենուր բողոքների սուր սլաքն ուղղված է դեպի իշխանությունները: Այդ դժգոհությունների մեջ, այնուամենայնիվ, ըմբոստության երանգներ չկան, պարզապես գյուղացին այս տարիներին հույսը վերջնականապես կտրել է պետությունից եւ ընտրել այլընտրանքային պասիվ լուծումներ' կամ հեռանում է ծննդավայրից, կամ գլուխը կախ քարշ տալիս մի կտոր «հացի խնդիր» պայքարը բնության հետ:

«Պետք է պետական մոտեցում լինի գյուղի հանդեպ: Ես էլ, ամեն մեկն էլ ուզում է, որ իր երեխան օգտվի ժամանակակից կյանքի բարիքներից, մանկապարտեզ գնա, կոմպյուտեր, մարզաձեւ սովորի: Բոլոր գումարները քաղաքի վրա են գնում, ասֆալտը քանդում են, նորից են սարքում, սարքում են, նորից քանդում: Ո՞նց կլինի էդպես: Մի քիչ էլ գյուղացուն հիշեք: Մենք էլ ենք մարդ: Իմ երեխան ամեն ինչից զրկված է: Իմ երեխայի շփման գործակիցը փոքր է, քաղաքի մի տղա է երեւում, խեղճանում է: Քաղաքացին ցամաք ասֆալտից չի հրաժարվում ու գյուղ չի գալիս, ինչքան էլ դժվար լինի: Ուրեմն քաղաքի կյանքը լավ է»,-դառնությունից անկեղծացած ասում է Դիան գյուղի համայնքապետ Ռուդիկ Հմայակյանը: Չնչին բացառություններով' նույն կերպ է մտածում գյուղաբնակների մեծամասնությունը:

Պետական մտահոգության կշռաքարն այս բոլոր տարիներին հակված էր դեպի Երեւանը, միջազգային բոլոր խոշոր ներարկումների մեծ մասն իրացվեց այստեղ: Այս բոլոր տարիներին Երեւանն իսկապես ամրացավ, բայց ուժեղ գլխով ու թույլ մարմնով երկրի օրգանիզմն, այնուամենայնիվ, առողջ լինել չի կարող, եւ գյուղական բնակավայրերը զարգացնելու անհրաժեշտությունը, թեեւ ուշացումով, արդեն օրախնդիր է դառնում: Այս տարվանից Հազարամյակի մարտահրավերներ, IFAD, Համաշխարհային բանկի ծրագրերը բովանդակային առումով բավական խոստումնալից են բազմաչարչար գյուղերի համար: Հետաքրքիր է նաեւ այլ հանգամանք. եթե Երեւանում սոցիալական նորագույն փոփոխությունները հանգեցրին սուր շերտավորման' քաղաքը բաժանելով հարուստների ու աղքատների, ապա մարզերում հարուստ գյուղացիներին հատուկենտ կարելի է հաշվել: Համայնքապետերի ու փոքր բիզնեսի ներկայացուցիչների կենսաձեւերի մեջ էական տարբերություններ չկան: Տեղական իշխանությունը իշխանություն է միայն թղթի վրա:

«Եթե գյուղից նախարար, փոխնախարար եղավ, այդ գյուղերի վիճակը լավ է, մի գործ արվում է: Բայց եթե գյուղից մարդ չեղավ վերեւներում, մնացածը սուտ է: Թող հավասար աչքով նայեն բոլորին: Մի գյուղում ակումբ են սարքում, ճամփա, ասֆալտ անում, բայց կողքի գյուղում բուժկետ էլ չկա»,-սա Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի համայնքապետ Սերյոժա Մուրադյանի համոզմունքն է գյուղական բնակավայրերի զարգացման ժամանակակից խթանների վերաբերյալ: Կաքավաձորը վերեւներում գյուղից մարդ չունի, հարեւան գյուղերից մեկը' այո, եւ պետական վերաբերմունքի տարբերությունը սեփական աչքով ու մաշկով են զգում:

Համայնքապետերը գյուղափրկիչ առաքելության սեփական դեղատոմսերն ունեն, որոնք, անկասկած, շատ ավելի իրատեսական են, քան Երեւանից նրանց համար մշակվող, հաճախ իրականությունից կտրված ծրագրերը: Նրանք բոլորը համոզված են, որ իբրեւ օժանդակություն գյուղերին տրվող պետական դոտացիաների ավելացումը հարցի լուծում լինել չի կարող:

Դիանի համայնքապետի համոզմամբ' ինչպես խորհրդային տարիներին, հիմա էլ փոքր գյուղերին առանձնակի ուշադրություն պիտի հատկացնել: «Փոքր գյուղերում կապիտալ ներդրումներ պիտի արվեն: 1990 թվականին լքված ու կիսաքանդ բնակավայրերի պետական ցանկում նաեւ Դիանն էր: Գյուղը 6 տարի ազատվեց հողի հարկից: Այն ժամանակ որոշվեց կենցաղի տուն, ճանապարհ կառուցել, ջրի հարցը կարգավորել: Բայց երկիրը քանդվեց, եւ այդ ծրագրերն էլ փոշի դարձան: Հիմա Դիանը չկա ոչ լեռնային, ոչ սահմանամերձ գյուղերի նոր ցանկերում: Հիմա Դիանը, նորակառույց դպրոցից զատ, ուրիշ ոչինչ չունի: Նույնիսկ՝ մի խանութ: Համայնքապետարանն էլ տնակում է տեղավորված: Դպրոցն էլ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, օտար լեզվի ուսուցիչներ չունի: Եթե այդ ցանկերից որեւէ մեկում լինեին, գոնե ուսուցիչներ կգային գյուղ՝ նկատի առնելով, որ նման գյուղերում որոշակի արտոնություններ են սահմանվում նրանց համար: Հակառակը, աշխատող ուսուցիչների մի մասին էլ օպտիմալացրին. պարտադրված ծրագիր էր: Ութամյան ավարտելուց հետո երեխաներն ուսումը շարունակելու համար ոտքով գնում են հարեւան գյուղի դպրոց: Տրանսպորտ ընդհանրապես չի մտնում գյուղ: «Ով մի փոքր հնարավորություն ունեցավ, նա անպայման հեռանում է գյուղից, թեկուզ Երեւան' առեւտուր անելու»:

Դիանը 150 բնակիչ ունի, 40 ընտանիք: Դոտացիան 1,5 մլն դրամ է, որից աշխատավարձ են տալիս 4 հոգու' համայնքապետ, հաշվապահ, քարտուղար եւ գոյություն չունեցող ակումբի վարիչ: Վերջինիս հաստիքը պարտադրվել է, որովհետեւ «պատճառաբանել» են, թե «չի լինի, որ գյուղը գոնե ձեւականորեն մշակույթ չունենա»: Համայնքը փոքր է, հողերի քանակը' քիչ, ինչքա՞ն պիտի լինի հավաքված հարկը, որ կարողանան ինչ-որ լուրջ հարց լուծել:

Ի տարբերություն Դիանի, Կաքավաձորը մեծ համայնք է, բայց մեծն էլ մեծ խնդիրներ ունի: 1200 բնակչությամբ գյուղը բուժկետ չունի, հեռախոսակապ չունի, միջհամայնքային ճամփաները լրիվ քայքայված են: Ոռոգման ու խմելու ջրի խնդիրներն էլ' հետը: Ե՛վ Դիանում, ե՛ւ Կաքավաձորում ու Առուճում խիստ դժգոհ են արդեն 3 տարի շահագործված Ոսկեթասի ջրագծի արդյունավետությունից: Նախապես որոշվել էր, որ այն սպասարկելու է 6 համայնքի: Ոսկեթասի համակարգից դուրս մնացին 4 գյուղեր' Ագարակ, Դիան, Կաքավաձոր, Բայսըզ:

Բարձրադիր հատվածից ջուրն ինքնահոս իջնում է, ցածր կետում բնակվողի ջուրը լինում է, վերեւինը' ոչ: Տեղանքն այստեղ բարդ է, եւ համակարգված սպասարկման բացակայության պատճառով մի գյուղին անհամեմատ շատ, մյուսին շատ քիչ է հասնում: «Օրվա կարգավորիչ ջրամբար չունենք, որ եղած ջուրը հավաքվի եւ օտագործվի: Արդեն երրորդ տարին է' մեզ խաբում են: Գնում ենք գյուղնախարարություն, ասում են' այս տարի կլինի, բայց 3 տարի է՝ պլանի մեջ չի մտնում»,-ասում է Դիանի համայնքապետը: Ոսկեթասի երկրորդ հերթը շահագործելն անընդհատ ձգձգվում է:

Թաթուլ Խաչատրյանը Գյուղփոխօգնության բանկի Կաքավաձորի վարչության նախագահն է: Նա նշում է, որ վարկերը կարող են նպատակային լուծում լինել գյուղացու համար, եթե երկարաժամկետ լինեն, առաջարկվող գումարը' բարձր, ոչ թե մինչեւ 3 տարի ժամկետով, 18-24% տոկոսադրույքներով՝ 400-500 դոլար: «Իբրեւ գրավ թող նաեւ տները վերցնեն, միայն մեքենա ու ոսկի են վերցնում»,-ասում է Թ. Խաչատրյանը: Ստացվում է, որ գյուղին տված վարկն էլ հարուստի համար է: Ով մեքենա, մեխանիզմ, ոսկեղեն ունի, նա է վերցնում: Մարդիկ կան, որ մի կով էլ չունեն, ինչպե՞ս վարկ վերցնեն, եւ աղքատը նորից աղքատ է մնում:

Առուճի համայնքապետ Բագրատ Մարտիրոսյանն ասում է, որ իրենց խնդիրը հիմնականում գյուղարտադրանքի իրացումն է: Գյուղմթերքի ինքնարժեքը խիստ բարձր է ստացվում, գյուղացին եկամուտ չի ստանում, եւ չարչարանքն ապարդյուն է անցնում: Քաղաքում իրենց գինն են պարտադրում: Պետք է ստեղծել փոքր մեծածախ շուկաներ, ընդունման կետեր, որ տեղում գնեն ապրանքը, որ գյուղացին իր ապրանքը վաճառելու դժվարություններ չունենա:

Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը համայնքապետերի հոռետեսությունը չի բաժանում. «Բոլոր գյուղերում էլ ասում են' ամենավատը մեր մոտ է: Բայց ինձ թվում է, որ պետական քաղաքականությունը ճիշտ է: Եթե համընդհանուր կոմունիկացիոն խնդիրները չլուծվեին եւ գյուղերից սկսեին, դա էլ ճիշտ չէր լինի: Համայնքներին, կարելի է ասել, այս տարվանից է առավել ուշադրություն դարձվում: 24 համայնքներ ընդգրկվել են տնտեսական ծրագրերում: Համաշխարհային բանկի Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրով յուրաքանչյուր համայնքի մեկ շնչի հաշվով տրվելու է 80 դոլար գումար, եւ դրա սահմաններում է խորհուրդը որոշելու' ի՞նչ ծրագիր իրականացնել: Թեւ շատ քիչ, բայց կան գյուղեր, որոնց խնդիրները լուծված են: Դպրոցաշինությունը 70%-ով ավարտվել է: Կոմունիստների ժամանակ Աշտարակի տարածաշրջանում միայն մի գյուղ էր գազաֆիկացված, բայց հիմա տարեկան մոտ 20-30 համայնք գազաֆիկացվում է: Հնարավոր է, որ մի 5 տարվա մեջ այս համայնքների բոլոր խնդիրները լուծվեն»: Ըստ մարզպետի՝ այս պահին մարզի առաջնահերթ խնդիրները համայնքային ու միջհամայնքային ճանապարհներն են:

Արագածոտնի համայնքներից 50-ը բարձր լեռնային են համարվում: Աշխարհագրական առանձնահատկությամբ պայմանավորված՝ կարկուտների ու հեղեղումների հաճախադեպությամբ մարզն առանձնահատուկ է: Այս գարնանից սկսած' Արագածոտնի համայնքները ստիպված են համակերպվել նաեւ մեկը մյուսին հերթ չտվող տարերային աղետների պատճառած վնասներին: Վերջին շաբաթների ընթացքում տարերքը լրջորեն հարվածեց Թալինի տարածաշրջանի 7 գյուղերի: Նախորդել էին գարնանային ցրտերը, հետո' երաշտը, եւ ի լրումն ամենի' կարկուտն ու քամին:

Դիանի համայնքապետ Ռուդիկ Հմայակյանն ասում է, որ նման տարի չի տեսել մանկությունից ի վեր: Ինչ տեսակ ցուրտ ու կարկուտ էլ լիներ, պինդ ու դիմացկուն վայրի սալորը կար ու կար: Պտուղը ոչնչացավ 100, գարին ու ցորենը' 50-60%-ով: Արտերի կեսը դեղին է, մյուս կեսը' կանաչ, արեւից մի մասը հրաշքով փրկվել է: Ցորենը հասակ է առել, բայց հատիկ չկա հասկի մեջ:

Կաքավաձորի համայնքապետ Սերյոժա Մուրադյանը պատմում է, որ երաշտը վնասել է 90 հա աշնանացան ցորեն, 60 հա գարնանացան գարի, 6 հա կարտոֆիլ, իսկ ծիրան ընդհանրապես չմնաց: Երաշտն իր սեւ գործն արեց հատկապես անջրդի հողերում: Կաքավաձորում ցորենի ու գարու 200 հա սեփականաշնորհված հողերն անջրդի են: Ոռոգման ցանցը լրիվ քայքայվել, ոչնչացվել է: Խոտն այնքան անսպասելի վառվեց, որ չհասցրին գոնե անասնակերի համար հավաքել: Արդեն հասկակալած բույսը լիովին վերացավ, մի շաբաթ հետո պիտի քաղեին:

Հունիսյան ուժեղ կարկուտը վնասեց Ագարակ գյուղի վերին թաղերին: Վերին թաղերում ծառերի վրա ոչ մի պտուղ չի մնացել: æրի պակասի պատճառով հողերի բերքատվությունն առանց այդ էլ բարձր չէ, եւ գյուղացիների մեծ մասը հույսը դնում է անասունների վրա: Բայց խոտը վառվեց արեւից: Այս տարի անասնակեր չունեն, շատերը մտածում են, որ ստիպված կլինեն նաեւ անասունները մորթել:

Կաքավաձոր, Բայսըզ, Կոշ համայնքներում համայնքային ճամփաները հեղեղը գիշերը քշեց-տարավ, գյուղերը կտրվեցին մայրուղուց, Բայսըզի եւ Կաքավաձորի ջրագծերը վնասվեցին, եւ այդ գյուղերը զրկվեցին նաեւ խմելու ջրից: Կոշում, Կաքավաձորում եւ Ծաղկասարում միջհամայնքային կամուրջներ փլվեցին' գյուղերը կտրելով իրարից, վնասվեցին մասնավոր բնակելի տներ: Մարզպետն ասում է, որ բերքատվությունն այս տարածաշրջանում զրոյական կլինի: Երեք գյուղերում հատուկ հանձնաժողով է աշխատում, 3-4 շաբաթ հետո արդյունքները կամփոփվեն եւ կառավարություն կներկայացվեն: Երաշտի պատճառած վնասը նախնական տվյալներով գնահատվել է 120 մլն դրամ:

Սա, իհարկե, առաջին անգամը չէ, եւ նախորդ տարիների կարկտահարությունից վնասները նույնիսկ ավելի մեծ չափերի են եղել: Անցած տարի Արագածի տարածաշրջանի մոտ 5 համայնքների 500 տ հացահատիկ տրվեց եւ մասնավոր ընտանիքների' 15 մլն դրամ: Իհարկե, փոխհատուցումը երբեք լիարժեք չէ, բողոքներն ու տրտունջները' անփոփոխ իրողություն: Այնքան, մինչեւ պետությունը կհրաժարվի համայնքների հանդեպ կիսամիջոցային քաղաքականությունից եւ իբրեւ տարերքի դեմ ապահովության երաշխիք՝ ավելի խելամիտ քայլեր կանի:

2004թ. կառավարությունն Արագածոտնում նախաձեռնեց հակակարկտային միջոցառումների ծրագիրը: Աշտարակի եւ Ապարանի տարածաշրջաններում 15 հակակարկտային կետեր տեղադրվեցին' յուրաքանչյուրը 150 հա տարածության վրա: Համակարգչով կառավարվող այս կայանքների ստեղծման ծրագիրն իրականացրել են արգենտինացիները: Չորս շաբաթ առաջ նրանք ավարտեցին իրենց գործը եւ հակակարկտային կայանքները պիտի հանձնեն հայաստանյան որեւէ կազմակերպության: Ենթադրվում է, որ դրանք այս տարի վերջապես կշահագործվեն:

Կարինե Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter