HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությանը

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության պատասխանը՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի՝ երեկ տարածած հայտարարությանը:

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) երեկ հայտարարություն է տարածել և դիմել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Մեկ հատված նրանց դիմումից.
«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։

Անդրադառնալով այս հայտարարությանը, մենք կոչ ենք անում Վարչապետին՝ հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել, այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թևը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը։

Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից։

«Ամուլսարն առանց հանքի» Նախաձեռնությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումը այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ և հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի։

Կոչ ենք անում տարածել այս գրառումը և կոչ ենք անում ակտիվանալ Ամերիկայի Հայ համայնքին։ Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter