HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն ուզում է վերացնել արժութային դիլեր-բրոքերների լիցենզիան

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որի  ընդունմամբ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ։ Նախատեսվում է ընդհանրապես վերացնել լիցենզիայի այդ տեսակը: Փոխարենը նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական  կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ բանկերի ու վարկային կազմակերպությունների։ 

Ըստ օրենքի՝ արժութային դիլեր-բրոքերը իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա իրականացնել արտարժույթի առուվաճառք: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է  համարվում արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով, կամ որևէ այլ պայմանով և նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը:  Արժութային դիլեր-բրոքերներին արգելվում է իրականացնել այլ գործունեություն` բացառությամբ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:  

Այս նախագծով ԿԲ-ն առաջարկում է, որ այդ գործառնությունների իրավունքը տրվի ոչ թե արժութային դիլեր-բրոքերին, այլ՝ միայն ֆինանսական այլ կազմակերպությունների։ Այսինքն՝ արժութային դիլեր-բրոքեր հասկացությունը դուրս է գալիս մեր ֆինանսական համակարգից։ Սակայն, հատկանշական է, որ արժութային դիլեր-բրոքերների գործունեության լիցենզիա ունեցող շուկայի մասնակից Հայաստանում այսօր չկա էլ։ Ըստ Կենտրոնական բանկի՝ պատճառը դրա նկատմամբ պահանջարկի բացակայությունն է։ «Հետք»-ի հետ զրույցում ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, որ այս նախագծով կանխվում է հետագայում նման գործունեության լիցենզիայի տրամադրումը, որովհետև ԿԲ-ն համարում է, որ արժութային  դիլեր-բրոքերի գործունեությունը սպառողների շահերի տեսանկյունից ռիսկային է, քանի որ դիլեր-բրոքերները հաճախ դիմում են չարաշախումների։ Նախագծում նշված է. «Ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանը և սպառողների լայն զանգվածի շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից»։

Արժութային դիլեր-բրոքերային գործունեությունը դադարեցմամբ, ըստ ԿԲ-ի, ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները, ինչպես նշվեց, մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով: «Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: Կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգը արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախ և առաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը»,- նշված է նախագծում:

Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։ Այն քննարկման է դրվել այս տարվա օգոստոսի 28-ին։ Նախագիծը դեռևս պետք է քննարկվի կառավարությունում և Ազգային ժողովում։ 

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի նախատեսվում:  

«Քարենսի Էյ Էմ»-ի շուրջ ստեղծված աղմուկը. ինչու  է ԿԲ-ն երեք անգամ մերժել ընկերության՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումը

Այս տարվա սկզբում համացանցում աղմուկ բարձրացավ «Քարենսի Էյ Էմ» ՍՊԸ-ի շուրջ, որը ինչպես ներկայացվեց, արտարժույթի փոխանակման առցանց հարթակ է։ Ընկերության տնօրեն Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկը խոչընդոտներ է ստեղծում իրենց գործունեության համար՝ չտրամադրելով լիցենզիա։ 

Իր հերթին Կենտրոնական բանկը պատասխան հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «Քարենսի Էյ Էմ» ՍՊ ընկերությունը 3 անգամ դիմել է ԿԲ՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու խնդրանքով, և բոլոր դեպքերում դիմումը մերժվել է։ Ներկայացված դիմումները մերժվել են մի քանի հիմնավորումներով։ Ընկերության ներկայացրած փաստաթղթերում, ըստ Կենտրոնական բանկի, նկարագրված գործունեությունը չի համապատասխանել հայցվող լիցենզիայի գործունեությանը։ Մասնավորապես, ԿԲ ներկայացվել է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմում, սակայն ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունից և տնօրենի հետ կայացած հանդիպման ընթացքում պարզվել է, որ ընկերությունը պատրաստվում է իրականացնել այլ գործունեություն, որը կարելի է վերագրել նաև արտարժույթի սակարկությունների կազմակերպմանը։

Հաջորդ պատճառն այն է, որ ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակել է օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող դրույթներ, այդ թվում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։

Եվ մյուս պատճառը՝ ընկերության կողմից ներկայացված իր գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լիարժեք չի բացահայտվել։

Այս աղմուկից հետո ԿԲ-ն հայտարարեց, որ նախատեսում է ընդհանրապես վերացնել լիցենզիայի այդ տեսակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter