HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գեղարքունիքի դատախազին 73 միլիոն դրամ են «նվիրել»

34-ամյա Արթուր Գևորգյանը, ով 2017թ-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց «նվեր» է ստացել 73 միլիոն դրամ (մոտ 150 հազար ԱՄՆ դոլար)։ Ըստ դատախազության՝ data.hetq.am-ին տրված պարզաբանման, դատախազը նման խոշոր նվիրատվությունը ստացել է հորից՝ Սամսոն Գևորգյանից։

Սամսոն Գևորգյանը հանդիսանում է Երևան-Սևան մայրուղու վրա գործող «Սեմոյի մոտ» ռեստորանային համալիրի սեփականատերը։ Նրա անունով է գրանցված ռեստորանային համալիրը շահագործող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ն։

Բացի այդ՝ երիտասարդ դատախազը պաշտոնավարման առաջին տարում հայտարարագրել է 47 միլիոն դրամի (մոտ 98 հազար ԱՄՆ դոլար) վերցված փոխառություն, 126 միլիոն դրամ (մոտ 264 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ բնակարան և երկու ավտոտնակ։ Նշված ունեցվածքը դատախազը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ում միակ եկամուտը եղել է տարեկան 4,8 միլիոն դրամ (մոտ 10 հազար ԱՄՆ դոլար) աշխատավարձը։

Մինչ պաշտոնը ստանձնելը Գևորգյանն ունեցել է «TOYOTA LAND CRUISER PRADO V4 2.7L» մակնիշի ավտոմեքենա, 10 հազար ԱՄՆ դոլար, 5 հազար եվրո և 5 մլն դրամ և 8 միլիոն դրամը գերազանցող զարդ։ Նրա միակ եկամուտը պաշտոնը ստանձնելուց առաջ եղել է տարեկան մոտ 1,8 միլիոն դրամ աշխատավարձը։

Տարօրինակ կերպով դատախազի 2018 թվականի տարեկան հայտարարագիրը, որը լրացվել է 2019-ի մարտին, համեստ է՝ առանց որևէ անշարժ և շարժական գույքի, թանկարժեք զարդի, դոլլարային և եվրոյով ֆինանսական միջոցների։ Ըստ հայտարարագրի՝ դատախազի ունեցած միակ դրամական միջոցը 4 մլն դրամն է, իսկ միակ եկամուտը՝ տարեկան 4,8 միլիոն դրամ աշխատավարձը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter