
Զինդատախազի տեղակալը 16,5 միլիոն դրամ արժողությամբ տուն է նվեր ստացել
Զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը 2018 թվականին մոտ 16,5 միլիոն դրամի նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք է հայտարարագրել։ Դատախազության միջոցով Սարդարյանը data.hetq.am-ին պարզաբանեց, որ աշխատել է Լեռնային Ղարաբաղում, և պաշտոնավարման ընթացքում տեղի իշխանություններն են նրան բնակարան նվիրել, որը հետագայում կառավարության որոշմամբ սեփականաշնորհել է։ Բնակարանը գտնվում է բազմաբնակարանային բնակելի շենքում։
Արսեն Սարդարյանը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել 2017թ-ին։ Մինչ այդ նա աշխատել է որպես թիվ 1 և թիվ 3 կայազորերի զինվորական դատախազ։ Սարդարյանի 2011 և 2012թթ-ի դրամական միջոցները եղել են միայն ՀՀ դրամով՝ 17 և 16,5 մլն համապատասխանաբար։ 2013թ-ի նոյեմբերին Սարդարյանը պաշտոնը դադարեցրել է՝ ունենալով 8 մլն 350 հազար դրամ։
2017թ-ին՝ նոր պաշտոնը ստանձնելիս, Սարդարյանը հայտարարագրել է դրամական միջոցներ՝ նաև արտարժույթով (7000 ԱՄՆ դոլար և 10000 եվրո)։
Զինդատախազի տեղակալի եկամուտներն, ըստ հայտարարագրի, գոյացել են մոտ 8 մլն դրամ աշխատանքի դիմաց տարեկան վարձատրությունից և 300 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից։
Մեկնաբանել