Սահմանամերձ Կոռնիձորը դատարկվում է
Սյունիքի մարզի Կոռնիձորի պատմության բաժանարարը Արցախյան գոյամարտն է: Երբեմնի հարուստ տնտեսություն, բերքառատ դաշտեր ունեցող գյուղի համար բոլորովին նոր կյանք սկսվեց 1989թ. հոկտեմբերի 14-ից հետո, երբ առաջին անգամ ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիները կրակահերթ բացեցին այգիներում աշխատող կոռնիձորցիների վրա: Վագիֆ անունով մեկը, որը ճանաչում էր Կոռնիձորի այն ժամանակվա գյուղխորհրդի նախագահ Գավրոշա Սիմոնյանին, սպառնաց. «Որտեղ էլ լինես, գտնելու ենք»:
Առաջին զոհը Նորիկն էր, որ հեռավոր Ուջանից եկել էր պաշտպանելու հայրենիքի սահմանը: Երիտասարդի մահը ափսոսանքի հետ նաեւ անհանգստություն բերեց գյուղի մարդկանց: Սարսափն ավելի սաստկացավ, երբ նոյեմբերին երկու հովիվների խոշտանգված դիակները գտան գյուղի մոտակայքում (հովիվներին մեխել էին տախտակների վրա): Շուտով գյուղն ամբողջովին ընկավ ազերիների նշանառության տակ, եւ հրետակոծության հեղեղը օրերով չէր դադարում:
1992թ. ահասարսուռ մի գիշեր ադրբեջանցիների ջոկատը գողեգող սողոսկեց գյուղ՝ առեւանգելով պապին, որդուն, թոռանը: Դիմադրություն ցույց տալու համար երիտասարդին սրախողխող արեցին հենց ճանապարհին, իսկ վեցամյա Վրույրին ու պապին, բազմաթիվ բանակցություններից հետո, վերադարձրին ամիսներ անց: Դա, հավանաբար, այն գագաթնակետն էր, որից հետո Կոռնիձորի համար նոր կյանք սկսվեց:
Հիմա դժվար է տարիների խորքից պատկերացնել կամ առավել եւս գնահատական տալ այն վիճակին, որի պայմաններում գյուղը անկանոն ձեւով, այսպես ասած, ինքնատարհանվեց: Կոռնիձորը վերածվեց մարտական մի ճամբարի, որտեղ անցուդարձ էին անում միայն ազատամարտիկները, հերթապահ կամավորականները:
Կոռնիձորում երախտագիտությամբ են հիշում, որ անգամ ամենածանր տարիներին, ի պատիվ Գորիսի կապի հանգույցի այն ժամանակվա տնօրեն Լավրենտի Վարդանյանի, գյուղը միշտ ապահովված է եղել հեռախոսակապով, եւ թեժ գծում մնացած տղամարդիկ ամեն անգամ իրենց հարազատների հետ խոսում էին տագնապով, թե գուցե վերջին անգամ են լսում մտերիմների ձայնը...
Կոռնիձորն այրվում էր ազերիների գնդակների տարափից եւ, ինչպես հիմա պատմում են ականատեսները, ամեն օր տներ էին հրդեհվում: 280 ընտանիք ունեցող Կոռնիձորը ռմբակոծվեց, մի քանի տասնյակ տներ հիմնովին այրվեցին: Ամբողջովին ավերվեց նաեւ դպրոցի շենքը, դպրոցական պարապմունքները դադարեցին մի ամբողջ ուսումնական տարի: Ավերվեցին գյուղի մշակույթի տունը, համայնքապետարանը: Կենաց-մահու կռիվ էր մղվում այն ժամանակ Կոռնիձորում, որտեղ մահը գրեթե սովորական էր դարձել: Միայն այդ գյուղից այդ օրերին զոհվեց 33 մարդ, որոնց գերակշիռ մասը՝ խաղաղ բնակիչներ: Կոռնիձորի մոտ մղվող պայքարում անմահացան նաեւ հանրապետության այլ մարզերից հայրենիքը պաշտպանող տասնյակ երիտասարդներ:
Եվ հետո, երբ լռեցին հրանոթները, երբ վառվող գյուղից հետ քաշվեց ծուխը, նոր միայն տեսանելի դարձավ ավերակների վերածված Կոռնիձորը, որը գրեթե այդպիսին է նաեւ այսօր: 33 հեկտար տարածք ունեցող գյուղում միակ բարեկարգ երկու շենքը ՄԱԿ-ի աջակցությամբ վերանորոգված դպրոցն է, ուր նախկին 400-ի փոխարեն այժմ ընդամենը 160 աշակերտ է սովորում եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպության կողմից կառուցված բուժկետը: Գյուղի հենց կենտրոնում՝ իբրեւ հերոսական (թե՞ արհավիրքի) օրերի կենդանի հուշարձան, կանգնած է երբեմնի մշակույթի տան ավերված շենքը, որի վերակառուցման համար թեպետ ֆինանսական հսկայական միջոցներ են անհրաժեշտ, բայց մշակութային այդ օջախի վերականգնումը կարող է դառնալ օրեցօր Կոռնիձորը լքող երիտասարդներին իրենց գյուղում, հողի վրա պահելու միջոցներից մեկը: Ոչ պաշտոնական տվյալներով' միայն անցած տարի գյուղից հեռացել է 50 երիտասարդ, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղից այլ վայրեր մշտական բնակության է մեկնել 30-ից ավելի ընտանիք: Այս ամենի համար 80-ամյա մի կին իր հիմնավորումն ունի. «Լավ են անում, թող գնան, փախչեն էս դաժան կյանքից, մնան՝ ի՞նչ անեն»:
Երիտասարդներին արդարացնելու իր մեկնաբանությունն է անում նաեւ կոռնիձորցի Անժելա Օհանյանը. «Տղաս նոր է ամուսնացել, ամեն օր հորից ծխախոտի փող է ուզում, ի՞նչ անի, որտե՞ղ աշխատի, սա ի՞նչ ապրելակերպ է»: Ու միմյանց ընդհատելով՝ կանայք դժգոհում են գյուղի դժվարություններից, հոգսերից, որոնց մեջ առանձնանում են հատկապես խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները: Կոռնիձորը խմելու ջուր ստանում է գյուղից ներքեւ գտնվող աղբյուրներից, որտեղից պոմպի միջոցով ջուրը հավաքվում է ջրամբարում, եւ բնակչությանը խմելու ջուր տրվում է օրական ընդամենը երկու ժամ՝ մեկ ժամ առավոտյան եւ նույնքան էլ երեկոյան:
Գյուղի համար ոչ պակաս հրատապ խնդիր է նաեւ ոռոգման ջուրը: Կոռնիձոր մեր այցելության օրը գյուղը ոռոգման ջուր չէր ստացել արդեն 10 օր: «Որոտան» ջրօգտագործողների ընկերությունն էր «պատժել», ոռոգման վարձավճարների պատճառով ամռան տապին դադարեցվել էր ոռոգման ջրի մատակարարումը: æրօգտագործողների շրջափակումից վրդովված գյուղացիները նկատեցին, որ նախորդ տարիներին նախապես պայմանագրեր էին կնքվում, բերքից հետո ով՝ դրամական միջոցներով, ով բնամթերքով հատուցում էր օգտագործված ջրի դիմաց, բայց այս անգամ ջրօգտագործողներն ավելի կտրուկ միջոցների էին դիմել: Երկու կողմերին էլ, թերեւս, կարելի է հասկանալ, եւ նախապես պատասխանը գուշակելով՝ չդիմեցինք ընկերության տնօրինությանը, բայց այս օրերին, երբ երաշտն օրեցօր ավելի մեծ վնասներ է հասցնում գյուղատնտեսությանը, արդյո՞ք ջրի անջատումը խնդրի լուծման լավագույն տարբերակն է: Չ՞է որ դրանով միայն կնվազեն գյուղմթերքների արտադրության ծավալները, որի արդյունքում, բնականաբար, հազիվ թե մարդիկ կարողանան վճարումներ կատարել:
Խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը՝ որպես իրենց համայնքի ամենահրատապ հարց, առանձնացրեց նաեւ համայնքային իշխանության ղեկավար Սուրի Սիմոնյանը՝ հավելելով նաեւ գազաֆիկացումը: Եվ եթե վերջինիս լուծման համար արդեն լուրջ քայլեր է ձեռնարկել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) , ապա ժամանակի ընթացքում հսկայական միջոցներ են անհրաժեշտ նաեւ ռմբակոծությունից վնասված, թալանված ջրագծերի վերականգնման համար, որը, ըստ համայնքապետի, միայն պետական աջակցությամբ հնարավոր կլինի լուծել:
Խմելու, հատկապես ոռոգման ջրի ապահովումը այն միջոցներից մեկն է, որը կարող է էականորեն ազդել ոչ միայն գյուղմթերքների արտադրության ծավալների աճի, այլեւ կենցաղային խնդիրների լուծման հնարավորությունների վրա:
«Պատերազմից հետո,-հիշում է գյուղացիներից մեկը,-մի քանի ամբողջովին հրդեհված տների բնակիչներ որոշ փոխհատուցում ստացան, մի մասը սեփական միջոցներով մի քիչ բարեկարգեցին ավերված տները, շատերը, սակայն, շարունակում են կիսաքանդ տներում ապրել»: Թե իշխանական քանի հանձնախումբ է եկել պատերազմի պատճառած վնասները չափելու համար, ոչ ոք չի հիշում, բայց փաստ է, որ որեւէ լուրջ, էական փոխհատուցում մարդիկ չեն ստացել:
«Մենք ցավում ենք աղետի գոտում անօթեւան մնացած մարդկանց համար, լավ է, որ իշխանությունները հոգ են տանում նրանց կացարաններով ապահովելու համար, բայց մի՞թե երբեւէ ուշադրություն չեն դարձնելու պատերազմից տուժած սահմանամերձ գյուղին»,-վրդովվում է տարիքն առած մի կին, որի կարծիքով 2 հեկտար հացահատիկ մշակելով հնարավոր չէ ընտանիք պահել, մանավանդ այս տարի, երբ թռչնագրիպի պատճառով հավերն էլ վերացրին ու երաշտից ստացված անորակ հացահատիկը որպես հավի կուտ էլ չեն կարող օգտագործել: Էլ ուր մնաց, որ կարողանան միջոցներ խնայել ավերված տները վերականգնելու համար:
Տնտեսությունում եկամուտներ խնայելու հարցում թերահավատ է նաեւ կոմբայնավար Ժորա Գալստյանը, որը տարվա ընթացքում 1 հա-ը 5000 դրամով 200 հա հացահատիկի հունձ է կատարում, լավ տարիներին հազիվ 250-300 հազար դրամ գումար տնտեսում, բայց դրա փոխարեն տարվա մեծ մասն անգործ է մնում: Ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ է աշխատում նաեւ բերքահավաքի օրերին: Գյուղտեխնիկայի պահեստամասերի պատճառով օրերով կոմբայնը հարկադիր պարապուրդի մեջ է լինում. «Մինչեւ վերջերս դեռ պահեստամասերի խորհրդային արտադրության մնացորդներ կային, դրանք շահագործման համար պիտանի էին, հիմա տեղից վեր կացողը մի արհեստանոց է բացում, պահեստամասեր արտադրում: Թանկ ու կրակ գնով պահեստամասը ձեռք ես բերում, տեղադրում, կոմբայնը հասնում է դաշտ եւ դեռ մի բունկեր չհնձած՝ շարքից դուրս է գալիս»,- բարկությունը չի կարողանում զսպել կոմբայնավարը եւ ավելացնում, որ խնդրի ամենաճիշտ լուծումն այն կլինի, որ պետությունն իր ձեռքը վերցնի գյուղտեխնիկայի սպասարկման գործը: Գյուղում հարյուրից ավելի գյուղտեխնիկա կա, որից 8-ը՝ կոմբայն: Խորհրդային ժամանակներում տնտեսության ղեկավարներից 5-6 հոգի բերքահավաքի օրերին զբաղված էին լինում միայն պահեստամասեր սպասարկելով, որպեսզի կոմբայնը նույնիսկ մեկ օր պարապուրդ չտար: Հիմա օրերով հացահատիկը դաշտում է մնում, մեքենաները՝ գյուղում:
«Հուլիսին գյուղում կոմբայն ո՞վ է տեսել»,-սրտնեղում է գյուղամիջում կանգնած, կոմբայնը նորոգող մի երիտասարդ, ապա չարությամբ նկատում. «Էս մարդուն մի կոմբայնի շարժիչ է պետք, ոչ թե քո գրելը»:
Գյուղտեխնիկայի, ինչպես նաեւ համայնքի մյուս խնդիրների լուծման գործում տեղական իշխանությունների հնարավորությունը համայնքապետը ցածր է գնահատում, քանի որ համայնքի միջոցները բավական սուղ են եւ դրանով հնարավոր չէ սոցիալ-կենցաղային որեւէ խնդիր լուծել: Սոցիալ-կենցաղային դժվարին պայմաններում ապրող համայնքի բյուջեն եւս հաշվարկվում է ընդհանուր սկզբունքով' բնակիչների թվով: Այս պայմաններում միամիտ է կարծել, որ 2,8 միլիոն պետական լրավճար ստացող համայնքային իշխանությունը կկարողանա որեւէ սոցիալական խնդիր լուծել: Ենթադրվում է, որ բյուջեի 60%-ը կհամալրվի հողի հարկից: Սակայն այն պայմաններում, երբ տարեցտարի նվազում է հացահատիկի մեկ հեկտարի միջին բերքատվությունը, երբ պարարտանյութի բարձր գնի ու հողի մշակման հետ կապված այլ միջոցառումներ չիրականացնելու պատճառով ընկնում է հողի բերրիությունը, եւ հողի հարկը գանձվում է ընդամենը 41%-ով, հազիվ թե հնարավոր լինի ազատ ֆինանսական միջոցներ ունենալ որեւէ հիմնախնդիր լուծելու համար:
Արդարությունը պահանջում է ասել նաեւ, որ, եթե անգամ ապահովվեր տեղական բյուջեն եւ գոյանար ենթադրվող 12 միլիոն դրամ տարեկան բյուջեն, միեւնույն է, Կոռնիձորի խնդիրներն այնքան մեծ են, որ իսկապես առանց կառավարության միջամտության հնարավոր չէ որեւէ էական ձեռքբերում ունենալ:
Կոռնիձորում պատմում են, որ 1980թ. գյուղում 40 հարսանիք է եղել, այդ մասին այն ժամանակ նաեւ հանրապետական մամուլում գրեցին, նախկին Գորիսի շրջանում հացահատիկի համախառն բերքի ամենամեծ ծավալը հենց այստեղ էր գրանցվում: Եվ ընդամենը երկու տասնամյակ անց այսօր նույն այդ գյուղում, որտեղ երիտասարդները կազմում են բնակչության 30%-ը, տարվա ընթացքում հազիվ 20 երեխա է ծնվում, եւ 2 կիլոգրամ ցորենը փոխանակում են... 1 զույգ գուլպայով: Սա իսկապես նույն չափով աղետ է, ինչպես, օրինակ, երկրաշարժը, պատերազմը: Եվ պետությունը պիտի կարողանա պատասխան գտնել կոռնիձորցի այն երիտասարդների համար, որոնց այս հողի վրա պահում է միայն «ռուսաստանների» տոմսի անմատչելիությունը: Սահմանամերձ Կոռնիձորն է դատարկվում, այն Կոռնիձորը, որը 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Հայաստան աշխարհի այրվող դարպասն էր, ուր ոչ միայն տներ էին այրվում, այլեւ հերոս հայորդիների հայրենին պահելու ոգին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել