HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախկին զինվորականը դատավոր նշանակվելուց հետո բնակարան է նվիրատվություն ստացել ՊՆ-ից

Արամ Մկրտչյանը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելուց 4 ամիս անց 30 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է նվիրատվություն ստացել։ Այդ մասին պարզ է դառնում դատավորի 2018 թվականի տարեկան հայտարարագրի ուսումնասիրությունից։  

Data.hetq.am-ի հետ զրույցում Արամ Մկրտչյանը պարզաբանեց, որ բնակարանը նվիրատվություն է ստացել 2018 թվականի նոյեմբերին, Պաշտպանության նախարարությունից։ Նշեց, որ որպես զինվորական ծառայություն իրականացնող՝ ինքն այդ բնակարանում 10 տարի ապրել է, իսկ արդեն դատավոր նշանակվելուց հետո, պաշտպանության նախարարի հրամանով այն՝ որպես նվիրատվություն, փոխանցվել է իրեն։

Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Արամ Մկրտչյանը 2008 թվականից հաշվառված է եղել որպես ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող շահառու։ Այդ իսկ պատճառով 2018 թվականի հոկտեմբերին նրան սեփականության իրավունքով հանձնվել է ՊՆ հաշվեկռշում գտնվող երկու սենյականոց բնակարանը։

Նշենք, որ Արամ Մկրտչյանը Պաշտպանության նախարարությունում աշխատել է 1996-2012 թվականներին, ապա 2012-2017 թվականներին պաշտոնավարել է որպես ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ, 2017-ին վերադարձել է ՊՆ՝ որպես իրավաբանական վարչության պետի տեղակալ։

Տունը դատավորի ստացած միակ «նվերը» չէ․ պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ ժամացույց։ Մկրտչյանը պարզաբանեց, որ ժամացույցը հորից է նվեր ստացել:

«Դա ձեռքի աշխատանք է, իմ հայրիկն է պատրաստել, նվիրել է ինձ։ «Սոթբիսի» աուկցիոնով գնահատված է, գինը 48 հազար ֆունտ ստերլինգ է։ Դա իր գինն է, բայց մենք չենք վաճառում»,- պարզաբանեց պաշտոնյան։

Պաշտոնը ստանձնելիս Արամ Մկրտչյանն, ըստ հայտարարագրի, ուներ «KIA SORENTO 3.8» մակնիշի ավտոմեքենա, 5 միլիոն դրամ և 10 հազար դոլար։ Նույն ժամանակահատվածում նորանշանակ դատավորի տարեկան եկամուտը մոտ 3 միլիոն դրամ էր. 1,6 միլիոն դրամ աշխատավարձը, 700 հազար դրամ փոխառությունն ու 773 հազար դրամ կենսաթոշակը։

Արդեն այս տարվա մայիսին լրացված հայտարարագրում պաշտոնյայի եկամուտը զգալի չափով ավելացել է։ Բացի 30 միլիոն դրամ արժողությամբ նվիրատվություն ստացած բնակարանից՝ պաշտոնյան հայտարարագրել է նաև 5,5 միլիոն դրամի աշխատավարձ, 1,3 միլիոն դրամի կենսաթոշակ և 5 միլիոն դրամի վերցված վարկ։

Դատավորի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել են 500 հազար դրամով և 1000 ԱՄՆ դոլարով՝ դառնալով 5,5 միլիոն դրամ և 11 հազար դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter