HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտանիքը նվիրատվություն է ստացել գործարար Սամվել Կարապետյանից

Սերժիկ Ավետիսյանը 2016-2018 թվականներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։ Նա աշխատում է որպես դատավոր 1991թ.-ից։

Վերջին 7 տարիների գույքի և ունեցվածքի հայտարարագրերից երևում է, որ դատավորն ու նրա ընտանիքը տարիներ շարունակ նվիրատվություններ են ստացել՝ ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով։ Նվիրատվությունների չափը գերազանցում է 100 մլն դրամը։

Մասնավորապես ինքը՝ Սերժիկ Ավետիսյանը, 2012թ-ին ստացել է 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ գույքի կամ գումարի տեսքով։ Դատավորի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, տարբեր տարիների ստացել է 16 մլն դրամի և 100 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Դուստրը՝ Էդիտա Ավետիսյանը, 14,5 մլն դրամի նվիրատվություն է ստացել վերջին 3 տարիների ընթացքում։

Սերժիկ Ավետիսյանի ընտանիքի անդամներին նվիրատվություն անողները, ըստ դատավորի, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքն են։ Դատավորի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, Սամվել Կարապետյանի կնոջ` Էթերի Կարապետյանի քույրն է։

 

2011թ.-ի վերջում դատավորի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, որևէ եկամուտ չի հայտարարագրել, բայց 2012թ.-ին ձեռք է բերել 115 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Infiniti QX 56 ավտոմեքենա։ 2012թ.-ի վերջում ունենալով 20 000 դոլար դրամական միջոց և չունենալով որևէ եկամուտ՝ 2013թ՞-ին ձեռք է բերել հողամաս՝ 52,8 մլն ՀՀ դրամով։

Դատավոր Ավետիսյանը data.hetq.am-ին հայտնեց, որ 2011-2018թթ. ընկած ժամանակահատվածում իր և ընտանիքի անդամներին պատկանող անշարժ և շարժական գույքը ձեռք է բերվել իրենց ընտանիքին հատկացված միջոցներով։ Ըստ դատավորի՝ ինքն անձամբ անշարժ կամ շարժական գույք չունի. «Տարբեր տարիների սկզբում կամ վերջում իմ անձնական եկամուտները եղել են ստաբիլ, իսկ ընտանիքի անդամներինը՝ ոչ ստաբիլ: Անշարժ գույք միայն սովետական բանակից ստացված բնակարանն է, որը 2006թ.-ին վաճառել եմ՝ 40 000 ԱՄՆ դոլարով»,- պարզաբանում է դատավոր Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է 2012թ.-ին անձամբ իրեն արված 50 000 ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, դատավորն ասաց, որ այն ՌԴ Կալուգա քաղաքում բնակվող գործարարներ Վահրամ և Վասպուրակ Պողոսյանների կողմից է, ովքեր դատավորի ազգականներն են՝ աներորդիները։

Վասպուրակ Պողոսյանը մի շարք ընկերությունների բաժնետեր ու հիմնադիր է, նաև «Տաշիր Գրուպ» ընկերության փոխնախագահն է: Վ. Պողոսյանը «Կալուգագլավսնաբ» ՓԲԸ-ի նախագահն է, որը 1997թ.-ին ղեկավարել է Սամվել Կարապետյանը, իսկ 1999-ից ընկերությունը դարձել է «Տաշիր Գրուպ»-ի առևտրային և արդյունաբերական խմբի ասոցիացիայի առաջատար հիմնադիրը:

Բացի այդ, Վ. Պողոսյանը Կալուգայի երկրամասում Ռուսաստանի հայերի միության մասնաճյուղի ղեկավարն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter