Դատավորը հրաժարվում է պարզաբանել, թե ինչպես է մեկ տարում յոթ անշարժ գույք հայտարարագրել
Արթուր Աթաբեկյանը Սնանկության դատարանի դատավոր նշանակվելուց հետո հայտարարագրել է 7 անշարժ գույք՝ չնայած վերջինիս եկամուտներն ու դրամական միջոցները մեծ փոփոխության չեն ենթարկվել։
Աթաբեկյանը 2012-2017թթ.-ին եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2018-ին նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր։
2017թ.-ին Աթաբեկյանը ձեռք է բերել 30 մլն 851 հազար դրամ արժողությամբ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում և 1 մլն 950 հազար դրամ արժողությամբ ավտոտնակ։
Սնանկության դատարանի դատավոր նշանակվելուց հետո, Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք։ Դատավորը հանրության համար չի հստակեցրել այդ գույքի տեսակը և արժեքը։
Եթե Աթաբեկյանը գնել է հայտարարագրված անշարժ գույքը, ապա նրա դրամական միջոցները պետք է նվազեին, սակայն, նախորդ տարվա համեմատ, դրանք մնացել են գրեթե անփոփոխ։ 2017-ին դատավորն ուներ 15 մլն դրամ և 6300 ԱՄՆ դոլար, իսկ 2018-ին հայտարարագրել է 15 մլն 900 հազար դրամ և 6300 ԱՄՆ դոլար։ Ավելին, դատավորի եկամուտները նույնպես զգալի չեն փոխվել՝ 6,6 մլն-ից դառնալով 9,4 մլն։
Data.hetq.am-ը փորձեց պարզաբանում ստանալ դատավոր Արթուր Աթաբեկյանից հայտարարագրված 7 անշարժ գույքի ծագման վերաբերյալ։
Աթաբեկյանը հրաժարվեց պարզաբանել՝ մեր գրավոր հարցմանը պատասխանելով, որ անհրաժեշտության դեպքում միայն իրավասու մարմնին կներկայացնի հայտարարագրում ներկայացված գույքերի կամ գործարքների վերաբերյալ հիմնավորումներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել