
ԱԳ փոխնախարարի համոզմամբ՝ ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ խտրական օրենք է ընդունել
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն անդրադարձավ ՌԴ-ում հայկական վարորդական վկայականներով երթևեկելու արգելքին, ինչի մասին բարձրաձայնում են ՌԴ-ում որպես վարորդ աշխատող հայերը:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքեց՝ ՌԴ-ի ընդունած համապատասխան օրենքը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը:
«Մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, այսինքն՝ Ռուսաստանի համապատասխան օրենքի ընդունումն ըստ էության հակասում է ԵԱՏՄ պայմանագրին, որովհետև այդ ոլորտում պայմանագրով սահմանված չէ, որ ինքը կարող է լրացուցիչ պահանջներ դնել»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ հարցը քննակվել է ԵԱՏՄ նիստերում:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկ է հնչել այդ ոլորտի շուրջ համաձայնագիր կնքել, սակայն այն երկարատև պրոցես է, իսկ հայ վարորդներն այսօր ունեն այդ խնդիրը:
«Ես չեմ վախենում այդ խոսքից՝ այն օրենքը, որ ընդունվել է, խտրական է Հայաստանի նկատմամբ, այնպես է ստացվել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների վրա այդ պահանջը չկա, բացի Հայաստանից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ որոշումը ԵԱՏՄ որոշում չէ:
Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այն քաղաքական հարց է, ճիշտ մոտեցում պետք է գտնել, որպեսզի հայ վարորդները վնասներ չկրեն:
Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ մի քանի հիմնարար սկզբունքներ կան, որոնց վերաբերյալ ՌԴ գործող օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչպես՝ կապիտալի ազատ տեղաշարժի, աշխատուժի հետ կապված հարցեր: Դեսպանի խոսքով՝ այդ հարցերում ՌԴ գործող օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ պարտավորություններին, ինչի մասին ինքը մի քանի անգամ բարձրաձայնել է:
Տողանյանի խոսքով՝ քանի որ ՌԴ-ում արտասահմանցի վարորդների քանակը շեշտակի ավելացել է, ՌԴ-ն ընդունել է օրենք, որ միջազգային ֆորմատի վարորդականների գործունեությունը աշխատելու դեպքում արգելվի: Սակայն, դա չի վերաբերում այնտեղ գտնվող զբոսաշրջիկներին կամ ապրող հայերին: Բացառություն են միայն այն երկրները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է:
Դեսպան Տողանյանը, սակայն վերահաստատեց, այդ փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը, ապա հավելեց, որ ռուսական կողմը հավաստիացնում է՝ որ այդ օրենքը դեռ չի գործելու ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Մեկնաբանել