Լեռնարոտում քաղաքակրթության հետ աղերսներ մի փնտրեք
Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի համայնքապետարանը գտնելու ապարդյուն փորձերը մեզ տարան համայնքապետի տուն: Մուտքի մոտ դիմավորեց սասունցու «բառ ու բանով» աշխույժ մի կին՝ տիկին Նազելին ու գյուղի մարդուն վայել անմիջականությամբ իր հյուրասիրությունն առաջարկեց. «Գյուղի գործերից ես գործ չունիմ: Անդոկ գյուղի կառավարիչն է, ես լէ՝ իմ տան: Եկողին կընդունիմ, կհյուրասիրիմ, կճանապարհիմ»,-զրույցն առաջ է տանում յոթանասունամյա կինը եւ անմիջապես անցնում իրեն մտահոգող խնդիրներին, համեմատության մեջ դնում խորհրդային ժամանակաշրջանի ու ներկայիս իրենց վիճակը: «Էն ժամանակ գյուղը ֆերմա ուներ, ժողովուրդը կերթար, կաշխատեր: Հիմիկ ոչինչ չկա' ո՛չ աշխատատեղ, ո՛չ ջուր, որ այգիները մշակինք, բնությունն էլ մէ կողմե նեղություն կտա»:
Տիկին Նազելին պահպանել է իր պապերի լեզուն, սովորույթները՝ գերդաստանով աշխատելու, ապրելու ավանդույթը: «Քանի ես իմ տնտեսվարը, ես սասունցի եմ, ուրեմն մեր հացն ու ջուրն էլ մեկ է»,-մեկնաբանում է տիկին Նազելին: Ապա հպարտությամբ պատմում է, որ իր գերդաստանում ինը հարս կա, ճիշտ է, այս պահին միայն երկուսն են կողքին, բայց հաց թխելիս բոլորն օգնության են գալիս: «Օր կնստիմ հաց թխելու, ամեն մեկն իր էրգրի ծրագիրը կկարդա, ես լսողի դերում եմ, երբ գործս լմնցավ, իրենց կասեմ հաջողություն, էլ ինչու՞ պետք է նեղենանք իրարից»,-ընտանեկան համերաշխության իր բանաձեւն է ներկայացնում նա: Գյուղն այսօր չի խոսում սասունի բարբառով, գերիշխում է արարատյանը: «Մամո ջան, էս հարսներն ուրիշ էրգրից էկե խախտիր են մըր լըզուն, հըմը ես չեմ խախտի»,-ասում է իր արմատներին ամուր կառչած կինը:
Պարզվեց նաեւ, որ հենց այստեղ է գյուղի կարեւորագույն վարչական «տարածքը»: «Համայնքապետարանի շենք չունենք շատ վաղուց, դեռեւս 90-ականներից, նախկին շենքը շատ հին էր՝ փլվեց: Դրանից հետո ընտրված յուրաքանչյուր համայնքապետ իր տունն է դարձրել համայնքապետարան, ինչպես հիմա ես»,-ասում է Լեռնարոտի համայնքապետ Անդոկ Հովսեփյանը ու առաջնորդում իր տան նախասրահ:
Գյուղն այս տարի մեծապես տուժել է գարնան ցրտահարությունից ու կարկտահարումներից: «Մայիսի 22-ին' 28 սմ, իսկ հունիսի 19-ին 9 սմ շերտերով կարկուտ դրեց, պտուղը, հացահատիկի ցանքատարածություններն ու խոտհարքները գրեթե ոչնչացվեցին: Մարզպետարանից ու արտակարգ իրավիճակների վարչությունից եկել, ակտավորել են, տեսնենք' որքանո՞վ կփոխատուցեն»,-ասում է Անդոկ Հովսեփյանը: Գյուղացին այս տարի դատարկաձեռն է մնալու: Անասնապահությամբ ապրող գյուղը, խոտի պաշարից զրկվելով, իրեն արդեն պատեպատ է տալիս անասնակեր հայթայթելու համար: «Ստիպված խոտ են առնում, բայց եթե չկարողանան անհրաժեշտ քանակություն ապահովել, աշնանը հարկադրված կլինեն անասունների մի մասը մորթել: Մինչդեռ, կաթնամթերքը մեր գյուղացու միակ շուկա հանվող ապրանքն է»,-նշում է համայնքապետը:
Արեւմտյան Հայաստանի Ելեգնուզան գյուղից եղեռնից մազապուրծ 30 հոգի ներգաղթել են Արեւելյան Հայաստան ու հիմնել ներկայիս Լեռնարոտ գյուղը: 2200 մ բարձրության վրա է գտնվում գյուղը, ունի 70 տնտեսություն, 410 բնակիչ, բայց կենցաղավարության ու նորմալ ապրելակերպի ոչ մի պայման: Լեռնարոտը մեզ հանդիպած միակ գյուղն էր, որը ո՛չ համայնքապետարան ունի, ո՛չ բուժկետ, ո՛չ մշակույթի տուն, ո՛չ կապ, ո՛չ խանութ, ո՛չ տրանսպորտ, ո՛չ մանկապարտեզ: Քաղաքակրթության միակ նմուշը գյուղի դպրոցն է, որը, սակայն, չի տեղավորվում հիշյալի սահմաններում: Գյուղը լուծման կարոտ խնդիրներ շատ ունի, բայց համայնքապետը առաջնային է համարում երեքի լուծումը՝ ոռոգման ջուր, դպրոցի վերանորոգում ու ճանապարհի բարեկարգում:
Ոռոգման ջուրն Ամբերդից է գալիս, սակայն խողովակները վաղուց արդեն քայքայվել են, ճանապարհին ջրի կորուստները շատ են, եւ դժվարությամբ է տեղ հասնում: Գյուղի որոշ հատվածներում ջուր ուղղակի չի հասնում: Դպրոցը քայքայված, ավերված ու ինքն իրենից արդեն «բեզարած» շինություն է: 60 աշակերտ ունեցող դպրոցը կառուցվել է 1978թ., բայց չի վերանորոգվել ոչ մի անգամ: Դասասենյակների դռները, բազմաթիվ անգամ կարկատվելուց, արդեն կարկատանների շերտին էլ չեն դիմանում, մանրահատակից ծվեններ են մնացել պատերի անկյուններում, պատուհանները մի կերպ իրար վրա են բերված: Ձյան հալոցքի ու անձրեւների արդյունքում առաստաղի ծեփը թափվել է, եւ աչքի են զարնում երկաթբետոնի մետաղական հիմքերը, գունազուրկ պատերը «զարդարում» են անձրեւաջրերի հետքերը: Մարզադահլիճը հնարավոր չէ օգտագործել տարվա ոչ մի եղանակին, պատուհաններն էլ ապակու փոխարեն կրում են երկաթյա ցանկապատ: Փոխտնօրեն Հարութ Պետոյանի հավաստմամբ՝ գույքը վերջին անգամ ստացվել է 1982թ., արդեն 24 տարվա մաշվածություն ունի ու «համահունչ» է հաստատության առկա վիճակին: Մի խոսքով, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնող կամ տրամադրող ոչինչ չկա: Այս համատարած գորշության ու ավերածության ֆոնի վրա մուտքի պատին փայլում է մարմարյա մի հուշատախտակ՝ Լեռնարոտի Գեղազնիկ Արմենակի Միքայելյանի անվան (Չաուշ) միջնակարգ դպրոց:
Փոխտնօրենի ներկայացմամբ՝ երկու տարի առաջ Երեւանի պետնախագծային ինստիտուտից եկել, դպրոցի վերանորոգման նախահաշվարկ են կատարել, որը մոտ 65 մլն դրամ է կազմել: Կառավարությունն ինքն էր ստանձնել դպրոցի վերանորոգման ծախսերը: «Քաղաքաշինության նախարարությունն ու վարչապետն անձամբ տեղյակ են, այս տարի էլ վերանորոգման վերջին ժամկետն է, բայց առայժմ ոչինչ չի արվել»,-ասում է պրն Պետոյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ձմռան ամիսներին սոլյարկայի վառարաններով են տաքացնում դասասենյակները, սակայն բազում ճեղքերի պատճառով ջերմությունը, բնականաբար, չի պահպանվում:
Ճանապարհների վիճակն էլ մխիթարական չէ, վաղուց արդեն չնորոգված, իսկ գյուղամիջյան ճանապարհներն էլ վերելքներով ու վայրէջքներով ոլորապտույտ կածան են հիշեցնում: Ձմռան ամիսներին գրեթե կտրվում են արտաքին աշխարհից: «Ճիշտ է, դիմում ենք Էջմիածնի ճանբաժին, գալիս բացում են, բայց այնպես, ինչպես այս տարվա ձյունառատ ձմեռն էր, դա էլ չէր օգնում, որովհետեւ բուքն անմիջապես նորից լցնում էր: Իսկ մեզ մոտ շուրջ վեց ամիս ձմեռ է անում: Դրա պատճառով տնային ծնունդներ էլ են լինում»,-իրավիճակը ներկայացնում է համայնքապետը:
Համայնքապետարանի աշխատակազմը համալրված է հինգ հաստիքով՝ հաշվապահ, գանձապահ, քարտուղար, գրադարանավար եւ համայնքապետ: Նրանցից ոչ մեկը, սակայն, վաղուց արդեն աշխատավարձ չի ստացել: Նախկին երկու համայնքապետերի ժամանակվանից աշխատավարձի մեծ պարտքեր կան կուտակված, շուրջ 3 մլն էլ սոցհիմնադրամին են պարտք խմելաջրի ջրագծի կառուցման համար, որոնք դեռեւս պետք է հատուցվեն: Համայնքապետարանը հայտնվել է կաթվածահար վիճակում, քանի որ բյուջեն գտնվում է կալանքի տակ: Ուստի, թե՛ նախորդ տարիներին տրված, եւ թե՛ այս տարի հատկացված դոտացիան ուղղված է այդ պարտքերի մարմանը: «1994թ. առայսօր հարկերից ոչ մի լումա չի հավաքվել: Ես ընդամենը յոթ ամիս է, որ ընտրվել եմ, փորձում եմ գոնե հարկահավաքությունն իրականացնել, բայց բնության պատճառած աղետը դժվարացրեց գործընթացը: Մարդկանց ձեռքին փող չկա, որ հարկերը վճարեն»,- ասում է համայնքապետը:
Գյուղի գրադարանը գտնվում է գրադարանավարի տանը: Համայնքապետի հավաստմամբ' առանձնապես ընթերցող էլ չկա, քանի որ երիտասարդության մոտ կորել է ուսման նկատմամբ հետաքրքրությունը: Նախկինում տարեկան յոթ-ութ հոգի բուհ ընդունվող էին ունենում, այժմ' հազիվ մեկ-երկուսը: Իսկ գյուղից արտագաղթի բացակայությունը բացատրում էր դրա հնարավորությունը չունենալու հանգամանքով:
Գյուղամիջում մեզ հանդիպեց բուժքույրը՝ Մարգարյան Օֆելյան, նա եւս դժգոհեց պայմանների բացակայությունից: Ասաց, որ նախկինում բուժկետ ունեցել են, բայց սոցիալապես անապահով մի ընտանիք մի քանի տարի առաջ ապօրինի զբաղեցրել է ու դուրս չի գալիս: «Ստիպված կամ իմ տանն եմ ընդունում հիվանդներին, կամ այցելում նրանց իրենց տներում: Պատվաստանյութն էլ ստանալու դեպքում աշխատում եմ շատ արագ պատվաստումը կատարել, քանի որ երկարատեւ պահպանման համար պայմաններ չկան»,-ասում է տիկին Օֆելյան: Նա տեղեկացրեց, որ գյուղում այսօր էլ տնային ծնունդներ հաճախակի են լինում, որովհետեւ մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը հնարավորություն չի տալիս հիվանդանոց գնալ: Գյուղական տատմայրերն են օգնության հասնում: Արդյունքում նույնքան երեխա էլ մնում է առանց ծննդյան վկայականի եւ հաճախ այդպես էլ ընդունվում դպրոց. «Նրանցից մեկն էլ համայնքապետի դուստրն է, արդեն չորրորդ դասարանի աշակերտուհի է»,-տեղեկացնում է բուժքույրը: Նրա ասելով՝ այս տարի 6 հոգի առաջին դասարանցի են ունենալու, բայց նրանցից ոչ մեկն առայժմ ծննդյան վկայական չունի:
Նա մեզ առաջնորդեց նմանատիպ մի ընտանիք, որտեղ երեք երեխաներն էլ ծննդյան վկայական չունեին: Մայրը՝ Քրիստինեն, ասում էր, որ առաջնեկին ծննդաբերել է Երեւանում 2000թ., մյուս երկուսին՝ տանը՝ 2001թ. եւ 2003թ.: Մեր հարցին, թե ինչպես են երեխային հիվանդանոցից դուրս գրել առանց ծննդյան վկայականի, նա պատասխանեց, որ անձնագիրն այդ ժամանակ կորցրել էր եւ ոչինչ անել չէին կարող: Մյուսներին էլ տանն է ծննդաբերել, որովհետեւ նյութական վիճակը թույլ չէր տալիս հիվանդանոց գնալ: Ամուսինը չի աշխատում, իրենց ընտանիքի ֆինանսի միակ աղբյուրը սկեսուրի ու սկեսրայրի թոշակներն են՝ 15.000 դրամ: Ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, բոլոր փաստաթղթերը պատրաստել են գոնե այս տարի երեխաների ծննդյան վկայականները վերցնելու համար, բայց առայժմ անհրաժեշտ գումարը չկա:
Արդեն մեկ ամիս լեռնարոտցիները զրկված են նաեւ օրական մեկ անգամ գյուղ մտնող տրանսպորտից, քանի որ ավտոբուսը մասնավոր էր, իսկ տերը նյութական դժվարության պատճառով վաճառել է այն: «Դիմում եմ մարզպետարան, որ գոնե դպրոցի, ճանապարհի կամ տրանսպորտի հարցը լուծեն, ընդառաջեն մի բանով, խոստանում են, բայց ոչինչ չեն անում: Հո դրա համար էլ ՀՀ նախագահին չե՞մ դիմելու»,-դժգոհում է համայնքապետը:
Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանն ասաց, որ կառավարությունը դեռ նոր է անդրադառնալու համայնքային զարգացման խնդիրներին: Իսկ այս տարի կառավարության որոշմամբ եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսվում է ճանապարհների նորոգում ու կառուցում, որոնց թվում է նաեւ Լեռնարոտ գյուղը: Համայնքային բյուջեի արդյունավետ օգտագործումը նա մեծապես պայմանավորեց համայնքապետերի ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ:
Մի խոսքով, այս գյուղի բազում ու բազմաբովանդակ խնդիրներից եւ ոչ մեկին լուծում տալու հեռանկար իսկ չկա, քանզի համայնքի բյուջեն դեռ երկար կմնա «կալանված»: Իսկ համայնքային զարգացման ծրագրերն էլ աստված գիտե, թե երբ կհասնեն այնտեղ: Համայնքապետն այս իրավիճակից դուրս գալու մի ելք է տեսնում միայն. եթե համապատասխան մարմիններն ըմբռնումով մոտենան իրենց վիճակին ու զիջեն պարտքը: Մեր հարցին, թե այսքան կուտակված խնդիրների առկայության պայմաններում ինչու՞ է համաձայնել համայնքապետ ընտրվել, Անդոկ Հովսեփյանը պատասխանեց. «Բա ի՞նչ անեի, մեկը պիտի դառնար վերջապես»:
Մետաքսե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել