HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինքն իրեն կրկնակի պարգևատրած «Հայավտոկայարան»-ի գլխավոր տնօրենը 29 աշխատակցի աշխատանքից ազատել է

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 29 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է ստացել։ Հեռանալու համար նրանց երկու ամիս ժամանակ է տրվել։ Աշխատակիցներից ոմանք աշխատանքից ազատման որոշումը համարում են անօրինական և այն վերականգնելու համար դիմել կամ դիմելու են դատարան։

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի ավագանու անդամ Աշոտ Մնացականյանի տրամադրած տվյալներով՝ հունվարից մինչ օրս աշխատանքից ազատվել է 29 աշխատակից։ Նրանցից 11-ը՝ դիմումի համաձայն, 7-ը՝ տարիքային կեսաթոշակի պատճառով, 2 աշխատակից՝ վստահությունը կորցնելու հիմքով, 8 աշխատակից` կողմերի համաձայնությամբ, 1-ը՝ պարտականությունները չկատարելու համար։

Աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել նաև Սևանի ավտոկայանի երթակարգավար Սերժիկ Բաղդասարյանը։ Նա աշխատանքից ազատվել է աշխատողների թվաքանակի կրճատման կապակցությամբ՝ աշխատանքի պայմանների կազմակերպման փոփոխման անհրաժեշտությամբ։

Վերջինս աշխատանքից ազատման մասին ծանուցվել է հուլիսի 22-ին և սեպտեմբերի 23-ից այլևս չի գնա աշխատանքի։

Սերժիկ Բաղդասարյանը Սևանի ավտոկայանում աշխատում է 2008 թվականից։ 2008-2017 թվականներին եղել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի պետ, իսկ 2017 թվականից աշխատում է որպես երթակարգավար՝ նախկին հաստիքի կրճատման պատճառով։ Որպես երթակարգավար` ըստ չվացուցակի երթերն է կարգավորում։

Բաղդասարյանը «Հետք»-ին պատմեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են աշխատողների թվաքանակի կրճատման, ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն աշխատակիցն այս պատճառաբանությունը համարում է անհիմն՝ ընդգծելով, որ դեկտեմբեր ամսին իրենց մասնաճյուղում նոր աշխատող է աշխատանքի ընդունվել։

Աշխատանքից ազատման ծանուցագիրը ստանալուց հետո Սերժիկ Բաղդասարյանը հանդիպել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մնացականյանին։ Նրան խնդրել և առաջարկել է իրեն աշխատանքից չազատել՝ հաշվի առնելով երկար տարիների փորձն ու տան միակ աշխատողը լինելու հանգամանքը։ Սակայն, ըստ Սերժիկ Բաղդասարյանի, Մնացականյանը չի համաձայնել՝ ասելով, որ միայն նա է մեկ դրույքով աշխատում, այդ դրույքը պահել չի կարող։

Բաղդասարյանն ընդգծում է, որ եթե խնդիրը ֆինանսական էր, ընկերությունն այդքան հաստիք պահելու գումար չուներ, թող աշխատակիցների աշխատավարձերը չբարձրացներ։ «Ասում է՝ քո աշխատավարձն է բարձր։ Ես առաջարկեցի` մի ազատի, ինձ էլ արա կես դրույք։ Չհամաձայնեց։ Մեր ընտանիքի միակ աշխատող ձեռքը ես եմ։ Ժամը 6։30 գալիս եմ, 5-ին գնում»,-նշեց երթակարգավարը։

Աշխատանքից ազատվող աշխատակիցը դատի է տվել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին

Հունիսի 24-ին աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի իրավաբան Մարինե Հովակիմյանը։ Նրան աշխատանքից հեռացրել են վստահությունը կորցնելու հիմքով։ Հովակիմյանը, սակայն, վստահ է՝ աշխատանքից ազատման իրական պատճառն այլ է. ընկերությունում գործում է «յուրայիններ և ոչ յուրայիններ» բաժանում։

«Առաջարկել են ազատման մասին դիմում գրեմ, հրաժարվել եմ, ազատել են վստահությունը կորցնելու հիմքով։ Դիմում առաջարկել է գրել նախ փոխտնօրենը՝ Արթուր Առուշանյանը, հետո տնօրենը՝ Աշոտ Մնացականյանը։ Ի սկզբանե, երբ տնօրենը նշանակվել է պաշտոնի, իմ տեղեկություններով, չեն ուզել ինձ հետ աշխատել` պատճառաբանելով, որ նախորդ տնօրենի հետ իբրև մտերիմ եմ եղել։ Փորձել եմ բազմիցս պարզաբանել՝ ինչ է նշանակում մտերիմ լինել, եթե այդ պահին միակ իրավաբանը ես եմ եղել ու բնական էր նախկին տնօրենի աշխատանքը իմ հետ։ Ուղղակի, համատեղ նորմալ աշխատանքային պրոցես է եղել»,- նշեց նա։

Մարինե Հովակիմյանն իրեն աշխատանքից ազատելու որոշումը բողոքարկել է դատարան։ Ընդդեմ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի արդեն հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագրի լուծման մասին հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքին և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամակահատվածի համար։

ՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացնում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում

Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) այս օրերին մշտադիտարկում է իրականացնում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում։ Ինչպես «Հետք»-ին հայտնեցին ՊՎԾ-ից՝ մշտադիտարկվում են 2016-2018 թվականների ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների և «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերի կատարման պարտականությունները։ ՊՎԾ-ին դիմել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրինությունը՝ բողոք-դիմումներ ուղարկելով։ 

Աշոտ Մնացականյանն իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրել է,  ինքն իրեն կրկնակի պարգևատրել 

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մնացականյանն աշխատակիցների կրճատումները պայմանավորեց ուռճացված հաստիքացուցակով, որը բացահայտել է աշխատանքի անցնելուց որոշ ժամանակ անց։ Ասում է՝ նշանակվելուց հետո աշխատակիցներից ազատման բազմաթիվ դիմումներ է ստացել, սակայն մերժել է՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է ընկերությունում։ «Ովքեր իրենց աշխատանքի ընթացքում ապացուցել են, որ իրենց պաշտոնի անձնագրին համապատասխան են աշխատում, այդ մասով ոչ մեկի մոտ խնդիր չի առաջացել։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ընթացքում ոչ մի բան չեն արել, պարզվել է, որ նրանց պարտականությունը կարող է անել մյուս աշխատակիցը, որն այդ պահին իր գործը լավ է անում, որոշել ենք, որ օպտիմալ կլինի, որ պարտականությունները դնենք մյուսի վրա, մյուսը ուղղակի կրճատվի»։

Մնացականյանը հայտնեց, որ օրեր անց աշխատանքից կազատվի նաև ընկերության հաշվապահը, որի պատճառով ընկերությունը մեծ վնասներ է կրել, պարտքեր կուտակել։ Ըստ Աշոտ Մնացականյանի՝ հաշվապահի մեղքով ընկերությունն այս պահին 13 մլն դրամ չկատարված հարկային պարտավորություն ունի։ «Թիվ է պետք եղել, որ ցույց տան եկամուտով աշխատող ընկերություն են։ Բայց այդ թիվը իրականում, փաստացի, դրամական հոսքերով չի եկել»։

Այնինչ գլխավոր հաշվապահ Նատալյա Դալլաքյանը ընկերության կուտակված պարտքերում իր մեղավորության հանգամանքը չի ընդունում։ Մեզ հետ զրույցում նշեց, որ ունեցել է «լավ մնացորդներ», 10-ից ավելի տարի վնասով աշխատող ընկերությանը գործառնական մասով կարողացել է 23 միլիոն դրամ շահույթով ապահովել։ «Առաջացրել եմ շահութաբաժին։ Պետությանը միայն օգուտ եմ տվել և ոչ մի կոպեկ վնաս չեմ տվել։ 2018 թվականի գործերը նայեք, աուդիտի եզրակացությունը։ Բաժնետերերի ժողովում հանձնել եմ 2018 թվականի տարեկան հաշտվետվություն, նույնիսկ անվերապահորեն ընդունվել է իմ հաշվետվությունը՝ բոլոր մանրամասներով գրված, ոչ մի հարց չի առաջացել»,- նշեց նա։

Գլխավոր հաշվապահն ասում է՝ ընկերության տնօրինությունը իր մեղքը փորձում է վերագրել իրեն։

Աշոտ Մնացականյանի նշանակումից հետո տարբեր չափով բարձրացել են ընկերության աշխատակիցների աշխատավարձերը։ Նա աշխատանքի անցնելուց օրեր անց իր աշխատավարձը ևս 120 հազար դրամով բարձրացրել է՝  350 հազար դրամից դարձնելով 470 հազար դրամ։

Մնացականյանը պարզաբանեց, որ աշխատավարձի այդ չափը սահմանել է Պետական գույքի կառավարման կոմիտեն, ինքն առաջարկել էր 430 հազար դրամ։

Բացի այդ, Մնացականյանը չթաքցրեց, որ մի քանի ամսվա ընթացքում ինքն իրեն երկու պարգևավճար է տվել․ մի անգամ` աշխատավարձի ողջ գումարի չափով՝ 437 հազար դրամ, երկրորդ անգամ՝ աշխատավարձի կեսի չափով։ Թե ինչ արդյունքի համար է ԺՊ-ն ինքն իրեն և մի քանի աշխատակիցների պարգևատրել, Մնացականյանը հստակ չհիշեց։ «Անկեղծ եմ ասում` իմ տեղը ուրիշ մարդ լիներ, ինքն իրեն մի երկու միլիոն կպարգևատրեր»,- նշեց նա։

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս տարի ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է միջինը 30 տոկոսով, սակայն, թե ում աշխատավարձը որքանով է ավելացել, ընկերությունից հրաժարվել են մանրամասնել։

Մնացականյանը նաև չթաքցրեց, որ նշանակվելուց հետո ընկերությունում աշխատանքի է հրավիրել իր նախկին գործընկերներին։ Ասաց՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արծրուն Գևորգյանին աշխատանքի է հրավիրել, քանի որ եղել է իր ճանաչած լավագույն վարկային մասնագետը։ «Բերելու էի ինձ վստահելի մարդ։ Եկեք վստահելի մարդուն և ընկերոջը չշփոթենք, հա։ Կարող է նաև ընկեր լինի, ոչ էլ դրանից վախենում եմ։ Բա հո իրանց ընկերներին չէի բերելու։ Իմ ընկերն է, գործընկերն է, որպես մասնագետ եմ բերել, որպես ընկեր չեմ բերել»,- նշեց նա։

Աշոտ Մնացականյանը աշխատանքի է հրավիրել նախկին այլ գործընկերների՝ գլխավոր տնօրենի խորհրդական Արթուր Առուշանյանին և իր նախկին ղեկավար Սամվել Ղազարյանին, որն այժմ զբաղեցնում է ուղևորափոխադրումների բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանություններ (3)

Արթուր
Բա հարգելի լրագողներ մի հատ հարցնեիք քայլ արած Մնացականյանին թե քանի աշխատակից ունի որպես ոլորտի մասնագետ ու ինչ ծառայություններ է մատուցում փոխադրողներին: Չկատարած ծառայությունների դիմաց ինչու է փողեր գանձում ու բոլոր փոխադրողներն են ավտոյանից մենում թե կան քայլ արած արտոնյալներ: Վայ մեզ, որ վարկային մասնագետը, բնապահպանն ու տաքսիստը պետք է կարգավորեն ավտոյարանային սպասրկումը ու 21-րդ դարին համահունչ ծառայություն իրականացնեն: Նրանք ընդամեը զբաղված են դրամական մուտքեր ապահովեու խնդրով ու հեչ պետքներն էլ չի թե փոխադրողները ինչ խնդիրներ ունեն: Բարձրացրել են իրեց աշխատավարձերն ու ամբողջ օրը զբաղվում են սուլթանական կայֆերով...
Սամվել Գևորգյան
Մի հարցնող լինի պ-ն Մնացականյանին թե ինչ գործառույթ են իրականացնում, կամ որպես ավտոկայարան ինչ ծառայություն են իրականացնում փոխադրողների համար: Կարող եմ ասել, որ բացարձակապես ոչ մի: Միակ բանը որ անում են դա այն է, որ տարածք են տրամադրում փոխադրողներին ավտոկայանում ուղղևորների նստեցման համար(6 քառ.մ) ու դրա դիմաց ահռելի գումարներ գանձում: Արդեն շուրջ 2 տարի ավտոկայանից և նրա ենթակա երթակարգավորման կետերից մի հատիկ տոմս չի վաճառվել և ուղեգիր չի հատկացվել, որը ավտոկայանի միակ անհրաժեշտ պարտականությունն է: Այսինքն ավտոկայանը վերածվել է մի անաշխատ կառույցի, որը փաթաթել են փոխադրողներ վզին ու չարած աշխատանքի դիմաց փողեր են շորթում: Հետոէլ պարծենում են թե Նիկոլի հետ են քայլել, հիմա էլ վայելում են ու իրենց մազը ծռող չկա: Ահա թե ում և ինչի համար էինք պայքարում...
Աննա
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Ընկերություն չի կարելի համարել կարծես թատրոն լինի, կամ ավելի ճիշտ կրկես: Այստեղ եկել են ոչ թե աշխատելու, այլ չգիտեմ ինչ անելու: Ամեն օր ինչ-որ նկատողություններ, կարգապահական տույժեր: Տնօրինությունը բառից բուն իմաստով ընկած է գլխավոր հաշվապահի ետևից: Այն բանից հետո, երբ տնօրենը նրան ասել է դիմում գրի,նա էլ չի գրել, այդ ամենը սկսվել է: Ամեն օր ստանում ենք ծանուցումներ, որ գլխավոր հաշվապահին տվել են նկատողություն չնչին և անկապ բաների համար: Մոտ 9 հոգու ազատում են՝ պատճառաբանելով հաստիքի կրճատում: Միթե տարածքային կառավարման բաժինը կամ պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է այսքան անտարբեր լինել, թե պատճառն այն է, որ տնօրենը նրանց նշանակած մարդն է: Աշխատողները քանի անգամ գնացել են, բողոքել են, բայց ապարդյուն, ոչինչ չի փոխվում, էլի տնօրինությունը ինչ ուզում անում է: Գլխավոր հաշվապահին կարող են կարգապահական տույժ տալ մեկ օր չգալու համար, իսկ որ խորհրդական Արթուր Առուշանյանը օրերով չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, դա նորմալ է: Եվ այդպես շատ աշխատողներ, աշխատանքի չգալով, վարձատրվում են: Մենք սա չէինք սպասում Նոր Հայաստանից, սրա համար չէինք հեղափոխություն անում, որ էլի շարունակվեն անօրինությունները: Մենք պահանջում ենք լուծում այս հարցին, գուցե hetq.am-ի օգնությամբ մեր ձայնը լսելի դառնա, և վերջ տրվի այս ամենին, ինչ հիմա կատարվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter