
«Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Երեւանի քաղաքային վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:
Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019թ. սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հափշտակության մեխանիզմը:
Ըստ ՔԿ լրատվական ծառայության` տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն՝ ընկերության կողմից 2019 թվականի ամռանից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր /չարթերային/ չվերթեր իրականացնելու և արտերկրում գործող տուրիստական օպերատորի միջոցով Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ, ինչից հետո փաթեթներ ձեռք բերելու նպատակով տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, ովքեր տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափերի գումարներ: Մինչդեռ գործակալության կողմից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից չեղարկվել են, ինչի արդյունքում գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է:
Քննության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով, 30.616.995 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել