HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Աշխարհում կարմրուկի դեպքերը 3 անգամ ավելացել են․ Հայաստանում ԿԿԽ դեմ պատվաստվածների թիվը 32%-ով նվազել է

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2019թ առաջին կիսամյակում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին 13 տարիներին սա կարմրուկի ամենաբարձր ցուցանիշն է։

2015-2019թթ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 59 դեպք, սակայն բոլորն էլ՝ բերովի․ կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 32 %-ով նվազել է կարմրուկի դեմ պատվաստվածների թիվը։

 

 

 Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով

 

Կարմրուկի դեմ պատվաստումն արվում է երկու անգամ․ մեկ անգամ 1 տարեկանում և հաջորդը՝ 6 տարեկանում։ Հայաստանում պատվաստումներ անելը պարտադիր չէ․ կա միայն Կառավարության որոշում, որով հաստատված է պատվաստումային ժամանակացույցը։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում ծնողը պետք է դիմում գրի։

1-6 տարեկան երեխաներին պատվաստելու համար պետությունը տարեկան 80 000 – 100 000 ԿԿԽ պատվաստանյութ է գնում։ Սակայն տարեցտարի Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստում ստացողների թիվը նվազում է։ Մասնավորապես, 2015-2018թթ տվյալներով՝ պատվաստում ստացածների թիվը 32 %-ով նվազել է․ եթե օրինակ, 2015թ․ին պատվաստվել է 113 559 մարդ, ապա 2018թ-ին՝ 78099  մարդ։

«Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց, որ մարդիկ քիչ են պատվաստվում․

«Մեզ մոտ կա պատվաստումների նվազման միտում, տարեցտարի այդ միտումը մեծանում է։ Եթե ժամանակին մենք խոսում էինք կարմրուկի դեմ առաջին և երկրորդ դեղաչափով պատվաստումների մասին,  97-98 % տոկոսը պատվաստվում էին, ապա այսօր այդ ցուցանիշը, չնայած ամենալավն է մնացած պատվատումների մեջ, բայց իջել է՝ 95-96 %,-ասում է Գ․ Սահակյանը։- Նվազման միտում ընդամենը 2 % ունենք, բայց, հաշվի առնելով, որ խոսքը գնում է կարմրուկի մասին, թեկուզ մեկ տոկոս նվազումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կարմրուկն ամենավարակիչ ինֆեկցիան է, և այդ թեկուզ 1 %-ն արդեն որոշ խմբի համար կարող է շատ զգալի ազդեցություն ունենալ»։

Որպես նվազման հիմնական պատճառ՝  Գայանես Սահակյանը նշում է լայն տարածում ստացած հակապատվաստումային շարժումը․

«Առաջին հերթին, պատվաստումների դեմ արշավն է։ Այսինքն՝ ապատեղեկատվությունը, տարբեր տեսակի ասեկոսեները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, նման ինֆորմացիայի տարածումը բնակչության մեջ առաջացնում է կասկած, մտահոգություններ, և այն մարդը, որն իր մեծ երեխաներին պատվաստել է, փոքրերին արդեն զգուշորեն է մոտենում՝ պատվաստե՞լ, թե՞ ոչ»։

2015-2019թթ․ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 59 դեպք, որոնցից բոլորը, ըստ Առողջապահության նախարարության, բերովի են եղել և չեն ունեցել համաճարակային բնույթ։ Մեծամասնությունը՝ 54 հոգի, եղել են երեխաներ։

Նշված 59 դեպքերից մահվան ելքով է եղել միայն մեկը․ 2015թ․ մահացել է չորսամյա երեխա, ով վարակվել էր Ֆրանսիայում, և ում մոտ հետագայում բարդություններ են ի հայտ եկել։

Ըստ Գ․ Սահակյանի՝ քանի որ հիվանդության բռնկումներ Հայաստանում չկան, մարդիկ հանգիստ են, մտածում են՝ երբ որ նման բան լինի, նոր կպատվաստվեն։

«Նույնիսկ բուժաշխատողների մոտ այդ թյուրըմբըռնումը կա,- ասում է Գ․ Սահակյանը։- Չունենք հիվանդություն, ուրեմն պետք չի պատվաստել, բայց հաշվի չեն առնում, որ մեր հարևան երկրում կարմրուկը դեռ բռնկում է առաջացնում։ Հիշենք Վրաստանը՝ 2013թ․-ին,  բռնկում կա Ռուսաստանում, եվրոպական երկրներում»,- նշում է նա։

Թեև Հայաստանը պահպանում է իր՝ «տեղական դեպքեր չարձանագրող» կարգավիճակը, բայց, ըստ Գ․ Սահակյանի, մնում է ռիսկային, քանի որ լավ միջավայր է ստեղծում վիրուսը դրսից «բերելու» ու «տարածելու» համար․ «Տարեցտարի մեզ մոտ ոչ պաշտպանված մարդկանց թիվը մեծանում է, իսկ դա կարմրուկի վիրուսի համար շատ հոյակապ պայմաններ է ստեղծում»։

Ըստ Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տված տեղեկությունների՝ Հայաստանն ամեն տարի ձեռք է բերում մինչև 100 0000 ԿԿԽ դեմ պատվաստանյութ՝ մեկ միավորը 3.5-4.5 ԱՄՆ դոլարով։ Գնումն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով։ Ձեռք է բերվում է բելգիական «Գլաքսո Սմիթ Կլայն» ընկերության արտադրության «Պրիորիքս» պատվաստանյութը։

Երկու դեղաչափը, ըստ Գ․ Սահակյանի, ողջ կյանքի ընթացքում մարդուն շատ լավ պաշտպանում է, եթե իմունային որևէ խնդիր կամ անկում չի լինում։ Ինչ վերաբերում է պատվաստանյութի որակին, ապա Գ․ Սահակյանն ասում է, որ թեպետ մարդիկ անհանգստություն ունեն դրա վերաբերյալ, սակայն «Հայաստանի բոլոր պատվաստանյութերն ունեն ԱՀԿ կողմից տրված որակավորում», «Պրիորիքս»-ն էլ ունի մեծ կիրառում։

Չնայած ԿԿԽ պատվաստումների նվազման միտումներին՝ Հայաստանում իրականացվող մնացած պատվաստումների մեջ այն դեռևս պահպանում է իր բարձր ցուցանիշը։ Ամենաքիչը բաժին է հասնում մինչև մեկ տարեկան երեխաներին իրականացվող հնգավալենտ պատվաստումներին․ ըստ Գ․ Սահակյանի՝ Հայաստանում 92 %-ն է անում այդ պատվաստումը։

 

Ուկրաինան, Վրաստանն ու Ռուսաստանը՝ վատ ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում

ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ այս տարի աշխարհում կարմրուկի պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել են երեխաների 86 %-ը և միայն 69 %-ն է ստացել երկրորդը։

ԱՀԿ փորձագետների գնահատմամբ՝ կարմրուկով հիվանդների թիվն աշխարհում աճում է դեռևս 2016 թ․-ից։ «Մի շարք երկրներում կարմրուկի բռնկումները դարձել են լուրջ մարտահրավերներ ազգային առոջապահական համակարգերի համար, շատերը մահացել են կամ դարձել հաշմանդամ»,- սա նշված է ԱՀԿ զեկույցում։

Մասնավորապես, 2018թ․ արձանագրվել է կարմրուկի 129,239 դեպք, իսկ 2019թ․ նույն ժամանակահատվածում՝ արդեն 3 անգամ ավելի՝ 364 808 դեպք։

Նույն զեկույցի տվյալների համաձայն՝ կարմրուկով հիվանդերի ամենաբարձր թիվն աշխարհում Կոնգոյում է, Մադագասկարում և Ուկրաինայում։ Ընդ որում՝ եվրոպական տարածաշրջանում կարմրուկի դեպքերի 78 % բաժին է հասնում 4 երկրների՝ Ուկրաինա (60 %), Ղազախստան (10%), Վրաստան (4%) և Ռուսատան ( մինչև 3%)։ Մասնավորապես, 2019թ սկզբում Ուկրաինայում 57.1 հազար մարդ վարակվել է կարմրուկով, որից 18 -ը՝ մահվան ելքով։ Միայն 2019թ․ օգոստոսի սկզբին կարմրուկով վարակվել է 261 մարդ, այդ թվում՝ 93 երեխա։

Նշենք, որ 2019թ Հայաստանում արձանագրված 4 դեպքից 2-ը Ուկրաինայից էր բերված, 2-ը՝ Վրաստանից։

2019թ․ եվրոպական հատվածում գրանցվել է մոտ 90 000 կամրուկի վարակի դեպք՝ 5600-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Այդ պատճառով էլ, օրինակ, Գերմանիայի կառավարությունն այս տարի՝ 2019թ․ հավանություն է տվել օրինագծին, որով 2020թ․ մարտից այն երեխաները, ովքեր կարմրուկի դեմ պատվաստված չեն լինի, չեն կարողանա հաճախել մանկապարտեզներ և դպրոցներ։ Պատվաստումը պարտադիր է լինելու նաև հանրային աշխատողների, հանրակացարանների բնակիչների և փախստականների համար։ Չպատվաստվելու տուգանքը կկազմի 2500 եվրո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter